Իրանը ցանկանում է ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. «Վզգլյադի» անդրադարձը
Ռուսական «Վզգլյադն» անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ կողմերի միջև՝ կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:
Նախօրեին Ադրբեջանի բանակը դարձյալ խախտել է կրակի դադարեցման ռեժիմն ու դիվերսիոն ներթափանցման փորձ իրականացրել ԼՂՀ-ի ուղղությամբ, սակայն հետ է շպրտվել։ Այդ ֆոնին ակտիվացել են խոսակցությունները՝ հակամարտության կարգավորման գործընթացում Իրանի ներգրավման վերաբերյալ, որը ցանկանում է ստանձնել Հարավային Կովկասում անկախ դատավորի դերակատարությունը։ Սակայն արդյո՞ք նման խաղաղապահի ներգրավումը չի հակասում Ռուսաստանի շահերին. գրում է «Վզգլյադի» հոդվածագիրը:
Ներկայացնում ենք հոդվածը՝ մասնակի կրճատումներով.
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը բազմաթիվ ռուս վերլուծաբաններ ի սկզբանե ներկայացրեցին՝ որպես Մոսկվայի և Անկարայի միջև հակամարտություն։ Սիրիայում ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցումից հետո Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացման հավանականության մասին լուրերը շրջանառվում էին դեռ անցած տարեվերջից: Ընդ որում՝ այդ լուրերի առաջացումն անհիմն չէր: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դեռ անցած տարվա նոյեմբերին էր հայտարարել, թե «Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի օկուպացված տարածքն ազատագրելու համար»։ Նույն թեման նա շարունակեց փետրվարի կեսին՝ Կիև այցի ժամանակ՝ Ուկրաինայի արդեն նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի հետ կայացած մամուլի ասուլիսում` ասելով, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը գտնվում է սպառնալիքի տակ Հայաստանի պատճառով, որին օգնում է Ռուսաստանը: Ավելի քիչ ուշադրության էր արժանանում Իրանի դիրքորոշումը, որը փորձելով հասնել միջազգային պատժամիջոցների չեղարկմանը՝ ցուցադրում է ավելի մասշտաբային տնտեսական ու քաղաքական հավակնություններ:
«Հաճախ գրում են, որ Ղարաբաղի շուրջ չկա աշխարհաքաղաքական հակասություն Ռուսաստանի և Արմուտքի միջև, սակայն դա միայն խնդրի մի մասն է: Հակամարտության շուրջ աշխարհաքաղաքական հավասարակշռության տարրեր էին Ռուսաստանի և Թուրքիայի վստահություն ներշնչող հարաբերությունները: Ներկայում այդ տարրը չկա: Խաղաղության պահպանման հարցը հավասարակշռության վերականգնման հարց է: Քանի որ ռուս-թուրքական հարաբերությունները չեն վերադառնա նախկին մակարդակին, հենց Իրանն է կարևորվում տարածաշրջանային հավասարակշռության պահպանման հարցում»,- պարբերականի հետ զրույցում ասել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներով կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը:
Իրանի հարաբերությունները երկրների հետ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են Ղարաբաղի հակամարտության մեջ, դժվար է բնութագրել հայտնի՝ «զրո խնդիր՝ հարևանների հետ» բանաձևով:
Իսլամական հանրապետությունը բավականաչափ հակասություններ ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ։ Սակայն ռուս-թուրքական հակասությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից Իրանը միակ պետությունն է, որը բոլոր շահագրգիռ կողմերի կողմից կարող է դիտարկվել՝ որպես պայմանականորեն չեզոք։
Հայաստանի համար Իրանը հեռանկարային առևտրային գործընկեր է, թեև այդ երկրների միջև ապրանքաշրջանառությունը դեռևս շատ մեծ չէ: Անցած տարի այն կազմել է 276 միլիոն դոլար, ինչը անգամ ավելի քիչ է, քան Իրանի և Ռուսաստանի առևտրի ծավալն անցած տարվա առաջին եռամսյակում (305,1 միլիոն դոլար), սակայն աճի պոտենցիալը շատ բարձր է: Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղյալ հայտարարոււմից հետո արդեն հունվարին Հայաստանից արտահանումն Իրան ավելացավ գրեթե եռակի՝ կազմելով ավելի քան 5 միլիոն դոլար: 35-կիլոմետրանոց սահմանը Հայաստանի ու Իրանի միջև փրկարար ելք էր այն իրավիճակից, որը ստեղծվեց ռուբլու արժեզրկումից հետո, երբ հայկական ապրանքները ռուսական շուկայում կտրուկ կորցրեցին մրցունակությունը։
Միևնույն ժամանակ, Իրանը Հայաստանին վաղուց է դիտարկում՝ որպես «կրտսեր գործընկեր»՝ Թուրքիայի հետ իր վաղեմի աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, և պարբերաբար արտահայտում է հայկական կողմի նկատմամբ իր բարի մտադրությունները: Իրանի հաշվին Հայաստանում սկսվել են լուրջ ներդրումային ծրագրեր կյանքի կոչվել, օրինակ՝ Արաքս գետի վրա երկու ՀԷԿ-երի կառուցումը։ Բացի այդ, Հայաստանն իր ոչ բարձր գների և ալկոհոլի ազատ վաճառքի շնորհիվ հայտնի ուղղություն է իրանցի զբոսաշրջիկների համար, որտեղ այցելում է 130 հազար իրանցի հյուր:
Մյուս կողմից՝ Իրանի համար սկզբունքորեն կարևոր է Ադրբեջանի հետ նորմալ հարաբերությունների պահպանումը։ Բանն այն չէ, որ ադրբեջանցիները թվով երկրորդ էթնիկ խումբն են իսլամական հանրապետությունում, իսկ Ադրբեջանի հարավում կոմպակտ կերպով բնակվում են իրանցիներին ազգակից թալիշները։ Ադրբեջանով է անցնում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, որը միավորում է Բալթիկ ծովի ու Հնդկական օվկիանոսի նավահանգիստները, որի երթուղու զարգացման մեջ իրենց շահագրգռությունը բազմիցս հայտնել են Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը:
Հատկանշական է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացքում ներգրավվելու պատրաստակամության մասին Իրանը հայտնեց դեռևս հունվարին, երբ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուսեին Ջաբեր Անսարին հայտարարեց, թե Թեհրանը պատրաստ է հանդես գալ՝ որպես միջնորդ կողմ: Երկրորդ անգամ առաջարկը հնչեց ԼՂ հակամարտության սրացումից անմիջապես հետո՝ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյին Դեհգանի կողմից: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հետ հարաբերություններում Իրանը լուրջ առաջընթաց է գրանցել ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Մի քանի օր առաջ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հաստատեց Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, որ Իրանին մատակարարվել է ռուսական զենիթահրթիռային C-300 համակարգերի առաջին խմբաքանակը: Զուգահեռաբար, Իրանը հետ կանչեց Ռուսաստանի դեմ հայցը, որը ներկայացվել էր 2007թ. Միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ կնքված պայմանագրերը միջազգային պատժամիջոցների հետևանքով չէին իրականացվել:
Բայց արդյո՞ք Իրանը, որը լուծել է իր տարաձայնությունների մի մասն Արևմուտքի հետ ու ազատվել է պատժամիջոցներից, չի խաղա Անկարայի և Բաքվի կողմից՝ թուլացնելով Հայաստանի, իսկ դա նշանակում է՝ նաև Ռուսաստանի դիրքերը:
Ընդ որում, պետք է հասկանալ, որ վերջնարդյունքում խաղաղարար գործընթացը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտության հիմնական կողմերից, ընդ որում, ոչ թե քաղաքական գործիչներից, այլ հասարակական տրամադրություններից»:
Պատրաստեց Կարմեն Ղուկասյանը