Լևոն Հայրապետյանին տեղափոխել են բանտախուց, որում կալանավորները հերթով են քնում

«Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել գործարարի շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում: Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող այս մարդուն ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրսկայա գաղութում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում տեղերի բացակայության պատճառով կալանավորները հերթով են քնում:

Փաստաբանն արդեն բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն մինչև նոր լսումները Լևոն Հայրապետյանին պետք է դեռ պահպանել ապրելու կարողությունը:

Հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար ԼևոնՀայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում լրջագույն սպառնալիք են նրա կյանքին»:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանն ապրիլի 14-ին Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Դատարանը որոշում է կայացրել Լևոն Հայրապետյանին մեղավոր ճանաչել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ կետով և դատապարտել 4 տարվա ազատազրկման:

Դատարանը Լևոն Հայրապետյանին մեղավոր է ճանաչել 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ: Հետաքննության վարկածով Հայրապետյանը՝ փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ, Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար Է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանը աջակցելու խոստումով, սակայն իրապես չէր կարող ազդել դատավճռի վրա:

Տեսանյութեր

Լրահոս