Բաժիններ՝

«Եվրատեսիլ­-2016»­-ի Մալթայի ներկայացուցիչը Հայաստանում է

«Եվրատեսիլ-­2016»­-ի Մալթայի ներկայացուցիչ Իրա Լոսկոն ժամանել է Հայաստան՝ այցելելու մեր մասնակից Իվետա Մուկուչյանին: Մեր մասնակցի ուղեկցությամբ և օգնությամբ՝ Իրա Լոսկոն շրջել է հայաստանյան գեղատեսիլ վայրերով, ծանոթացել հայկական մշակույթին, ավանդույթներին: Այս մասին «Արմենպրես»-­ին տեղեկացրին «Առաջին ալիք»­-ի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով.

«Իրա Լոսկոն որոշել է Հայաստան ժամանել Մոսկվայում կայացած եվրատեսիլյան համերգից հետո, երբ ծանոթացել և մտերմացել է Իվետայի հետ: «Իվետայի հետ ծանոթացանք Մոսկվայի համերգի ընթացքում, ծանոթացանք ու միանգամից այնպիսի տպավորություն էր, որ վաղուց ենք ճանաչում միմյանց: Նա հրաշալի անձնավորություն է՝ նպատակասլաց, բարի: Եթե անկեղծ լինեմ, իսկապես չէի կարծում, որ այսքան կարճ ժամանակահատվածում այսչափ կմտերմանանք, մեզ միավորում են ընդհանուր հայացքներն ու հետաքրքրությունները: Այդ իսկ պատճառով որոշեցի ավելի շատ բան իմանալ Հայաստանի մասին»,­- նշել էԻրա Լոսկոն:

Իրայի խոսքով, թեև Հայաստան է ժամանել շատ կարճ ժամանակով՝ ընդամենը մի քանի օրով, այնուամենայնիվ, վստահ է, որ ստացած տպավորությունները դեռ երկար կմնան հիշողության մեջ, քանի որ հիացած է Գառնու տաճարի, Գեղարդի գեղեցկությամբ, բնաշխարհով, հայկական խոհանոցով և պատմությամբ: «Թեև ես այստեղ եկա հայ ժողովրդի համար դժվարին օրերին, այնուամենայնիվ, իմ ցավակցություններն եմ փոխանցում այն մարդկանց, ովքեր տուժել են այս դեպքերի ընթացքում: Մենք՝ արտիստներս, առաջին հերթին խաղաղություն և սեր ենք քարոզում, թող մեր ձայնը լսելի դառնա ամբողջ աշխարհում »,-­ նշել է Մալթայի ներկայացուցիչը:

Իվետա Մուկուչյանի խոսքով՝ իսկապես հաճելի էր Իրային ծանոթացնել հայկական մշակույթին և ավանդույթներին: «Թեև ես նախապես տեղեկացրել էի Իրային, թե ինչ իրավիճակ է Արցախում, նա այնուամենայնիվ եկավ Հայաստան՝ լինելու հայ ժողովրդի կողքին, որի համար շնորհակալ եմ նրան: Իրան հրաշալի անձնավորություն է՝ գեղեցիկ, տաղանդավոր: Ինձ իսկապես հաճելի է ծանոթանալ նրա երաժշտական գործունեությանը: Նրան մրցույթում իսկապես հաջողություններ եմ մաղթում»:

Իսկ ահա ապրիլի 17­-ին Եվրատեսիլի օրագրի շրջանակներում հայտնի կդառնան այն երգչուհիների անունները, ովքեր եվրատեսիլյան բեմում կերգեն Իվետա Մուկուչյանի հետ միասին՝ որպես բեք­վոկալներ:

«Եվրատեսիլ­-2016»-­ին Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10=­ին՝ մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում՝ 7­-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետությունների ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս