«Նիկոլին Սասուն Միքայելյանն ըսկի էլ չի հետաքրքրում, ընդամենը եկել է, իր 2017 թվի ձայներն է ուզում այստեղ հաշվել». Աշուղ Ալմաստ

«2 տարի քաղաքապետ է նստել մեր շատ սիրելի Սասունը, մեր տղան է, հայ է, իրենց պես փնովելու հատկություն չունենք մենք, բայց ուզում եմ ասել՝ այդ 2 տարում ի՞նչ արեց, ոչինչ չի արել»,- այսօր Հրազդանի քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց հրազդանցի աշուղ Ալմաստը:

Նա հայտարարեց, որ բոլորը գիտեն, որ Սասուն Միքայելյանն անգամ իր գյուղը, այն փոքր ճանապարհը չի բարելավել, որպեսզի ինքն իր բակ մտնի. «Այսօր մեզնից պահանջում է ինչ-որ դրսից կանչված մի չգիտեմ՝ պատգամավոր է, մի չգիտեմ՝ կուսակցության ղեկավար է, ես չգիտեմ՝ ով է, և լավ է, տղա է, ուզում է օգնի, բայց ինչի՞ն է ուզում օգնի, ուզում է օգնի՝ նորից բեսպրեդելը տիրի՞ իմ մայր երկրում, իմ Հրազդանում»:

Աշուղի խոսքով՝ Սասուն Միքայելյանն իրոք կռված տղա է, ինքն էլ կռված կին է. «Կռված աշուղ եմ, հետո՞ ինչ, պետք է գա-ասի՝ «գալու եմ քաղաքապետ դառնա՞մ», ոչ ոք իրենց այդ իրավունքը չի տվել»: Նա նաև նկատեց, որ ժամանակին մեր հազարավոր հայրենակիցների նման՝ Ս. Միքայելյանը պայքար է մղել մեր հայրենիքի համար, բայց նրա խոսքով՝ ժամանակը փոխում է մարդկանց, այսպես եղավ նաև Սասուն Միքայելյանի հետ:

«Նա չդիմացավ պաշտոնին, փողին, հարգանքին, Սասունը կռվում էր Սերժ Սարգսյանի հրամանատարության տակ, զինակից ընկեր է կոչում մեր նախագահին, 2008 թվականին նա թողեց այն թիմը, որի անդամն էր, դավաճանեց իր հրամանատարին, միացավ Լևոն Տեր-Պետրոսյանին, զավեշտալին այն է, որ հայտարարեց, որ իր համար Լևոնն է եղել հրամանատար: Ի՞նչ եղավ հետո: Սասունը լքեց, դավաճանեց նաև իր երկրորդ հրամանատարին, թողեց Լևոն Տեր-Պետրոսյանին, գնաց Նիկոլի մոտ»,- հայտարարեց նա:

Աշուղ Ալմաստը նաև հայտարարեց, որ հրազդանցին նաև լավ է հիշում, որ 1999 թվականին Հրազդանի քաղաքապետ Սասուն Միքայելյանը լքեց Հրազդանը, թողեց իրենց քաղաքը՝ «հանուն դեպուտատի պաշտոնի», իսկ հիմա ուզում է հետ գալ, «չի ստացվելու, Պարոն Միքայելյան, Հրազդանը գնացած-հետ եկածների համար չէ»:

Հրազդանցի աշուղը մի խորհուրդ էլ Նիկոլ Փաշինյանին տվեց. «Նիկոլ ջան, քո դեմ բան չունենք, ոչ մեկի դեմ բան չունենք, վատ տղա չես երևում, բայց երիտասարդ ես շատ ու անփորձ, թե չէ չէիր գա հրազդանցու օջախ ու մեզ փորձեիր խելք սովորեցնել, եթե չգիտակցելով ես արել, ոչինչ, իսկ եթե քեզ մեր ժողովրդից ավելի խելոք ու հասկացողի տեղ ես դրել, կամ էլ մտածում ես, որ մեր հաշվին առաջ ես գնալու, այստեղ չարաչար սխալվում ես: Մի բան լավ գիտենք, որ Նիկոլին Սասուն Միքայելյանն ըսկի էլ չի հետաքրքրում, ընդամենը եկել է, իր 2017 թվի ձայներն է ուզում այստեղ հաշվել: Մեր տան մեջ տերը մենք ենք, բայց չմտածես, թե մենք հյուրընկալ չենք, մենք շատ հյուրընկալ տանտերեր ենք, ուստի հաջորդ շաբաթ հրավիրում ենք Նիկոլին և իր թիմին Հրազդան՝ Արամ Դանիելյանի հաղթանակը նշելու»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս