
Իրանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են ԼՂ հարցը

Երեկ Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցություն կազմակերպության 13-րդ գագաթաժողովի շրջանակներում Իրանի նախագահ Հասան Ռուհանին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Trend-ը:
Հանդիպմանը նշվել է, որ երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության սրացմանը: Իրանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով: Նրա խոսքով՝ ջանքերը պետք է ուղղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը:
Նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին:
Հանդիպմանը քննարկվել են նաև նավթագազային ոլորտում համագործակցության հարցեր: Ընդգծվել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին բանակցային գործընթացի շարունակականությունը:
Երկու երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ կապերի զարգացման և վիզային ռեժիմի, զբոսաշրջության, ֆինանսա-բանկային ոլորտի զարգացման շուրջ: Խոսվել է նաև ահաբեկչության, ծայրահեղականության, արմատականության դեմ պայքարի անհրաժեշտության մասին: