Բաժիններ՝

Ռուզաննա Խաչատրյանն այցելել է Մուրացանի զինվորական կլինիկական հոսպիտալ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, երեկ այցելել է Մուրացանի զինվորական կլինիկական հոսպիտալ, որից հետո ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով.

«Զինվո՛ր, ծնկում ու համբուրում եմ Քեզ իր գիրկն առած հայրենի հողը:
Քո սխրանքն՝ անմա՛հ,
Նվիրումդ ազնիվ է,
Քո կորստյան ցավն՝ անդարմանելի…»:

Նաև հետեւյալ հաղորդագրությունն է տեղադրել. «Ապրիլի 12-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն` նվիրված մարտական գործողությունների ընթացքում վիրավորումից հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների վիրահատական, վերականգնողական բուժման, պրոթեզավորման, խնամքի կազմակերպման հարցերին:

Քննարկմանը «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից հրավիրված էր «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնի մասնագետ Մկրտիչ Գինոսյանը, ով ներկայացրեց իր առաջարկությունները, մտահոգությունները, որոնք վերաբերում էին ամպուտացված վերջույթներով վիրավորների պրոթեզավորման, վերականգնողական բուժման խնդիրներին:

Խորհրդակցության մասնակիցները շրջայց կատարեցին հոսպիտալի վերակենդանացման, վնասվածքաբանության բաժանմունքներում, զրուցեցին վիրավոր զինծառայողների, նրանց հարազատների հետ: Շրջայցի ընթացքում գնահատվեց հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների առողջական վիճակը, մատնանշվեցին նրանց հետագա բուժման և պրոթեզավորման ուղղությունները:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի բժշկական բազմաթիվ կազմակերպություններ, Սփյուռքի բարերարներ, ովքեր վերջին մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների բուժմանը սատարելու, աջակցելու, ինչպես նաև առաջնագծում տեղակայված զորամասերի բուժծառայության առավել հզորացմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել: Արտերկրյա գործընկերների հետ համագործակցության շրջանակում քննարկվել են նաև բազմաթիվ հարցեր՝ ռազմական բուժծառայության՝ իրավիճակային, ընթացիկ և համակարգային գործունեության առաջընթացն ապահովելու վերաբերյալ:

Քննարկումների ժամանակ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը գոհունակությամբ փաստեց, որ մարտական գործողությունների առաջին օրվանից մինչ այժմ չեն ունեցել դեղորայքային կամ բժշկական որևէ այլ ռեսուրսի դեֆիցիտ: Վերակենդանացման բաժանմունքը, չնայած խիստ ծանրաբեռնվածությանը, բարձր պատրաստվածությամբ հաղթահարել է իր առջև դրված խնդիրները:

ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վնասվածքաբանության բաժանմունքի պետ, բ/ծ մայոր, բժշկական գիտությունների դոկտոր Լևոն Ժամագործյանը հավելեց, որ կատարված բարդ վիրահատությունների ողջ ծավալի մեջ բժշկական որևէ բարդություն չի եղել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը վերակենդանացման բաժանմունքից հետո ամենածանրաբեռնված բաժանմունքն է դիվերսիաներից և մարտական գործողություններից հետո, նա կարևորեց հետագա գործունեության լիարժեք ապահովման համար բժշկական վերազինումն ու կատարելագործումը:

ՊՆ ԿԿԶՀ պետ, գնդապետ Արամ Ասատուրյանն էլ քննարկումն ավելի կառուցողական դարձնելու նպատակով առաջարկեց կազմել առաջարկությունների ամբողջական ծրագիր, լրացնել առկա բացթողումները, որպեսզի պատրաստ լինենք առաջիկա մարտահրավերներին:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բժշկական կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը փաստեց, որ մարտական գործողությունների գոտում, չդադարող հրետակոծությունների ներքո վտանգելով իրենց կյանքը, զինվորական բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին և տարհանել դեպի հոսպիտալներ, որտեղ բոլոր վիրավորներն անհապաղ ստացել են որակավորված մասնագիտական բուժօգնություն: ԼՂՀ ՊԲ Մարտակերտի ԱԲՋ-ն ուղղակիորեն իր վրա է կրել առաջնային վիրահատությունների պատասխանատվությունը. այնուհետև վիրավորները տեղափոխվել են ԼՂՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական և կայազորային հոսպիտալներ:

ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունները մարտական գործողությունների ողջ ընթացքում ցուցաբերել են զինվորական և մասնագիտական բարձր կարգապահություն, օպերատիվ և համակարգված իրականացրել ծառայությունը»:

Ruzanna Xachatryan2 Ruzanna Xachatryan1 Ruzanna Xachatryan Ruzanna Xachatryan3 Ruzanna Xachatryan4 Ruzanna Xachatryan5 Ruzanna Xachatryan6 Ruzanna Xachatryan8

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս