«Աշխատելու պարագայում տարեկան 50 հազար կարատ կարող ենք վերամշակել»
«Մինչև 2008թ. այստեղ աշխատել են 1500 աշխատողներ: Ամսական տաշվել է 20-30 հազար կարատ քար, և այդ քարերը վաճառվել են Իսրայելի բորսայում»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Շողակն» ընկերության տնօրեն Սիմոն Ալանակյանը:
Նա նշեց, որ նորից ուզում են վերականգնել այն, ինչ եղել է. ««Շողակնը» եղել է մայր գործարանը, այստեղից են դուրս եկել այն մարդիկ, որոնք այսօր ունեն սեփական գործարան: Մենք ուզում ենք երիտասարդների համար մեծ ուսումնական կենտրոն բացել, որտեղ կսովորեն քար մշակել (ադամանդ, գունավոր քարեր)»:
«Շողակն» գործարանը հիմնվել է 1971թ.՝ տարեկան 140 հազար կարատ վերամշակման հզորությամբ: Հայաստանի ադամանդագործության զարգացման գագաթնակետը 2002-2003թթ. են, որը հիմնականում պայմանավորված էր «Շողակն» ընկերության գործարկմամբ: Իսրայելական «Lev Լevaev Diamonds» ընկերությունը, 2000թ. ձեռք բերելով «Շողակն» գործարանը, դառնում է ոլորտի խոշորագույն արտադրողը: 2005թ. եղել է արտադրության առավելագույն մակարդակը՝ ամսական մինչև 35 հազար կարատ մշակմամբ և 1800 աշխատողով: Աշխատել է սեփականատիրոջ հումքով:
Ս. Ալանակյանի խոսքով՝ շինության մի հարկը պատրաստ է բորսա դառնալու. «Ուզում ենք՝ սա լինի մի տեղ, որ թեկուզ Ռուսաստանից իրենց հումքը բերեն՝ այստեղ վաճառեն: Իսկ հումքը եթե եղավ, մեզ մոտ պատրաստի քարեր կմշակեն: Աշխատելու պարագայում տարեկան 50 հազար կարատ կարող ենք վերամշակել»: