«Ղարաբաղը հայկական Սպարտան է, որի շուրջ պետք է համախմբվի ողջ հայությունը»
Մեր զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը
– Պարոն Մինասյան, ավարտվեց ապրիլի լույս 2-ի գիշերն Ադրբեջանի սանձազերծած չորսօրյա պատերազմը։ Ի՞նչ պետք է հետևի դրան։
– Յուրաքանչյուր պատերազմից հետո դիվանագետները պետք է իրենց պատասխանատվության շրջանակը վերաիմաստավորեն և փորձեն շարունակել իրենց գործը, որը, բնականաբար, ավելի ծավալուն է պատերազմից հետո, որովհետև պետք է շտկել, սրբագրել, լուծել բոլոր այն խնդիրները, որոնք այս օրերի ընթացքում բացահայտվեցին։ Ուստի ներկայումս հնչող բոլոր հայտարարությունները, որոնք վերաբերում են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու փաստին և ոչ միայն, բնական են և պետք է ընկալվեն այս կոնտեքստում։ Հարցն այն է, թե ինչ տեսակի լուծումներ պետք է գտնվեն։
Ներկայումս փոքր-ինչ վաղ է խոսել լուծումների մասին, երկրորդական է խոսել այն մասին, թե Ղարաբաղում կտեղակայվե՞ն խաղաղարար ուժեր, թե՞ ոչ, քանի որ հասկանալի է, որ հակամարտության յուրաքանչյուր միջնորդ և կողմ իր շահն է հետապնդում, ինչը բնական է, որի արդյունքում բանակցություններն ընթանում են այլ հունով։ Դրական եմ գնահատում Սերժ Սարգսյանի անդրադարձերը զենքի վաճառքին Գերմանիայում և Երևանում Մեդվեդևի ներկայությամբ, թեև պատասխանը եղավ Ռոգոզինի կողմից, որ Ռուսաստանը պետք է շարունակի զենք վաճառել, բայց այսուհետ հարցն այն է լինելու, թե պե՞տք է շարունակեն գործադրել այդ զենքը հայերի դեմ, թե՞ ոչ։ Սա է հարցը։ Կարևոր հարցն այսօր առկա խնդիրներին ճիշտ լուծում տալն է, ստեղծված իրավիճակը վերաիմաստավորելը։
– Միանշանակ է, ինչպես մի շարք ռուս փորձագետներ են պնդում, Ռուսաստանը հետաքրքրված է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ հարաբերություններով, Ռուսաստանին ձեռնտու չէ պատերազմը կամ խաղաղությունը, ՌԴ-ն պահում է այդ հավասարակշռությունը, ՄԽ-ին զուգահեռ՝ ՌԴ-ն աշխատանք է տանում, առաջարկներ է ներկայացրել, որոնցից մեկը խաղաղարարների տեղակայումն է Ղարաբաղում, ինչն օրերս չէր հերքել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, թեև ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում խաղաղապահների տեղակայում նախատեսվում է միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Լայնամասշտաբ գործողությունների դեպքում, հասկանալով այս ամենը, Հայաստանն ի՞նչ պետք է սպասի միջնորդներից և նրանց որոշումներից։ Մեր հույսն ի՞նչը պետք է լինի։
– Այս հարցում հակասության մեջ ենք։ Երկու տարբերակ կա զինադադարը պահելու համար՝ առաջինն արևմտյան առաջարկն է՝ Ուորլիքի առաջարկները՝ վերահսկողական մեխանիզմների ներդրումը, որին Ադրբեջանը դեմ է, իսկ Ռուսաստանը դիրքորոշում չի հայտնել, երկրորդ տարբերակը, որպեսզի հրադադարը պահպանվի, ռուսականն է՝ միջազգային խաղաղարարների տեղակայում Ղարաբաղում։ Բայց ադրբեջանցիները չեն ցանկանում՝ ոչ մի տարբերակ ՝ո՛չ ամերիկյան տարբերակը, ո՛չ ռուսականը։ Նրանք ցանկանում են տարածքների վերադարձ՝ առանց օտարների մասնակցության, այսինքն՝ վերջին պատերազմն իսկապես Ադրբեջանին շատ հակասական, դժվար կացության մեջ դրեց, քանի որ ոչինչ չհաջողեցին նաև ռազմադաշտում։ Այդպիսի գործողությունների դիմել 200 մետրի համա՞ր։ Այդքան զոհեր 200 մետրի համա՞ր։ Բոլոր զինվորականները, լրագրողները Ֆրանսիայում պարզապես ծիծաղում են Ադրբեջանի վրա, դա ռազմական պարտություն է, իրատես պետք է լինել՝ նրանք չհաջողեցին, հայերը լավ դիմադրություն ցույց տվեցին պատրաստված Ադրբեջանին։
– Ինչպես ասացիք՝ պետք է սկսել վերաիմաստավորել իրավիճակը։ Որո՞նք պետք է լինեն հայկական կողմերի դասերը։
– Կարծում եմ, որ վերջին պատերազմը մեզ արթնացրեց, համայն հայությանն արթնացրեց, միշտ խոսվում էր Ցեղասպանության մասին, հատկապես՝ Սփյուռքում, խաղաղության մասին՝ առանց առաջադիմության, բարեփոխումների մասին Հայաստանում, կամ նոր Կառավարության, նոր Սահմանադրության մասին, բայց հայ ժողովուրդը պատերազմի մեջ էր, սա է իրականությունը։ Մենք ներկայումս ավելի միավորված պետք է լինենք մեր շահերի շուրջ, ուժ ցուցաբերենք, ներկայումս իշխանությունները, հասարակությունները պետք է լուրջ որոշումներ կայացնեն, քանի որ այլ ճար չկա, երբ բոլորս միասին ենք, հաղթում ենք, սա է իրականությունը, մենք պետք է մտածենք մեր ընդհանուր շահերի մասին, ոչ անձնական շահերի մասին։
Օրինակ՝ օլիգարխները պետք է մեր զինվորների օրինակին հետևեն, նրանք լավ դաս տվեցին բոլոր քաղաքական ուժերին և ղեկավարներին, փոխարենը՝ փող ծախսել կազինոներում, կոռուպցիոն նպատակներով, փողը պետք է օգտագործել՝ ի օգուտ մեր շահերի, փողը դրեք մեր պաշտպանության մեջ, մեր միացյալ շահերին։ Սա պետք է լինի դասը։ Հայ ժողովուրդն այսօր ավելի հզոր է, քան 25 տարի առաջ, երբ ԽՍՀՄ էր, պատերազմ էր, բայց միայն կամավորներ կային, ազատամարտիկներ, իսկ անօդաչուներ, կանոնավոր բանակ չկար ՀՀ-ում, դրսից օգնությունը չգիտես թե ինչպես էր հասնում, ՀՀ կապվել հնարավոր չէր, ՀՀ-ն և ԼՂՀ-ն ինքնիշխան պետություններ են այսօր, «ոտքի վրա» են, բանակներ ունեն, նոր ճանապարհներ, Սփյուռքը և Հայաստանը նույն շահերն ունեն, փող էլ կա, այսօր ավելի հզոր ենք, բայց այդ վիճակով 25 տարի առաջ պատերազմ հաղթեցինք, այսինքն՝ ես ոչ մի կասկած չունեմ, որ պատերազմը կհաղթենք, եթե շարունակվի, թեև, երանի թե չշարունակվի։
Աստված տա, որ չլինի, բայց եթե լինի, կհաղթենք։ Ղարաբաղը մեր Սպարտան է, և մենք բոլորս Սպարտայի գաղափարի շուրջ պետք է համախմբվենք։ Այլ հնար չկա, երբ ժողովուրդդ պատերազմի մեջ է, այլ ճար չկա։
– Ինչպե՞ս եք բացատրում Արևմուտքի պասիվությունն այս օրերին։
– Արևմուտքը չի հասկանում, թե ինչու ադրբեջանցիները հարձակվեցին, գոնե, եթե ադրբեջանցիները գրավեին 2-3 մեծ քաղաք, օրինակ՝ Աղդամ, Մարտակերտ, կարող էին հասկանալ, որ ռազմադաշտում արդյունք կա, բայց ոչ մի արդյունք, զարմանում են, թե ինչ էր ցանկանում Ալիևը։ Մի քանի զգացողություն կա՝ կամ զարմանում են, կամ անտարբեր են, որովհետև իրենց խնդիրներն էլ ունեն։ Բայց շատ հարցեր է առաջացրել տեղի ունեցածն Արևմուտքում։ Լավ է, որ բոլոր երկրներում հայ համայնքը ներկայություն ցուցաբերեց և իր խոսքն ասաց։