Ռուսաստանն էլ շատ լուրջ դերակատարում է ունեցել. Շավարշ Քոչարյան
«Այս պարագայում կա ընդամենը պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին: Մնացած հարցերը լուծվում են»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե ո՞ր կողմերի միջև է պայմանավորվածություն ձեռք բերվել, Արցախը կարո՞ղ է որպես լիարժեք բանակցային կողմ հանդես գալ, նա պատասխանեց. «Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելու խնդիրն, իհարկե, միշտ մեր օրակարգում է եղել, և վերջին իրադարձություները ևս մեկ անգամ շեշտեցին դրա կարևորությունը: Եվ մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել»:
Նա ևս մեկ անգամ նշեց, որ Ղարաբաղի Հանրապետությանը բանակցային գործընթացում ներգրավվելու հարցը իրենց օրակարգային համար մեկ խնդիրներից է. «Այս վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են, որ Ղարաբաղի ներգրավումն այլընտրանք չունի թե այն առումով, որպեսզի կանխվեն նմանատիպ ապագա սադրանքները, թե բուն բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու տեսակետից»:
Անդրդառնալով Մինսկի խմբի համանախագահների այցին տարածաշրջան՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ խումբը գալիս է տեղում իրավիճակն ուսումնասիրելու. «Այսօր համար մեկ խնդիրը և´ Մինսկի խմբի համար, և´ ընդհանուր առմամբ միջազգային հանրության համար կայանում է նրանում, որպեսզի չկրկնվի այն, ինչ վերջերս տեղի ունեցավ և որպեսզի ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը, որը հնարավորություն կտա խոսել արդեն բանակցային գործընթացի մասին»:
Հարցին՝ արդյոք ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդևի այցի ընթացքում դրվելո՞ւ է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ դա միշտ եղել է և կա օրակարգում:
Խոսելով Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի արձագանքի մասին՝ Շավարշ Քոչարյանն ասաց. «Ռուսաստանի դեպքում նա եղել է երկակի վիճակում: Մի կողմից՝ որպես միջնորդ Մինսկի խմբում, մյուս կողմից, քանի որ գործողությունները ծավալվել են ոչ Հայաստանի դեմ, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ապա կարելի է ասել, որ ինքն իրեն պարտավորված չի զգացել: Այդ տեսակետից Ռուսաստանի արձագանքը եղել է, այսպես ասենք, որպես միջնորդի: Համենայն դեպս, ինքն էլ է լուրջ դերակատարում ունեցել, շատ լուրջ դերակատարում, այն հարցում, որպեսզի դադարեցվի կրակը:
Ինչ վերաբերվում է մնացած անդամ պետություններին, ապա մենք որևէ մեկին չենք էլ դիմել, մենք ինքներս չենք դիմել: Բայց բնական է՝ մեր ակնկալիքը նա էր, որ դիրքորոշումները լինեն առնվազն չեզոք: Մի դեպքում դրա խախտումը եղել է, մենք դրա մասին տեղեկցրել ենք, և հետո իրենց իրենց հայտարարությամբ դա շտկել են: Խոսքը վերաբերում է Բելառուսին»:
Դիտարկմանը, որ խոսվել է հնարավոր նոր պայմանագրի մասին, Շավարշ Քոչարյանն արձագանքեց, որ բանակցությունների վերջնական նպատակը համապարփակ պայմանագիրն է, բայց ներկա փուլում կարելի է խոսել միայն 1994թ. զինադադարի և 1995թ. կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման պայմանագրի լիարժեք կիրառման մասին, առանց որի խոսել ապագա զարգացումների, ապագա պայմանագրի մասին դեռ վաղ է.
«Ավելին, ապագա պայմանագիրը, բնական է, ենթադրում է, որ պետք է ոչ թե որպես հիմք ընդուված լինեն այն սկզբունքները, որոնք շարադրված են Մադրիդյան փասաթղթում, այլ պետք է հաստատվեն, ընդ որում հաստատվեն երեք կողմերի կողմից: Խոսքը վերաբերում է նար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը»: Շավարշ Քոչարյանն ասաց նաև, որ գիտեն՝ ում հետ գործ ունեն. «Դրա համար միշտ պետք է զգոն լինենք, միշտ պետք է պատրաստ լինենք»: