Մատաղիսի մարտերում մեծ կորուստներ են ունեցել Թուրքիայից եկած զինյալները
«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Արցախից հաղորդում է, որ երեկ ադրբեջանական մամուլի տարածած լուրերը, թե Մատաղիսը գրավել են, չեն համապատասխանում իրականությանը։ Նա բացատրում է, թե որն է այս սուտ տեղեկության հիմքը.
«Երեկ այդ հատվածում ծանր մարտեր էին։ Ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ զինտեսականին օգտագործել է նաեւ այդ ուղղությամբ։ Ցավոք, ունեցել ենք զոհեր, երեկ ՊԲ-ն նրանց մասին հաղորդել է։
Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ենթադրել են, թե դրանից հետո հայկական ուժերը նահանջելու են եւ իրենք հաղթական մտնելու են Մատաղիս։ Բայց լրիվ հակառակն է եղել, այդ գնդակոծություններից, հրետակոծություններից հետո հայկական զինուժը համարժեք պատասխան է տվել։ Հրետանավորները մանրամասն «ծեծել» են հակառակորդին, ինչպես սպաներից մեկն ասաց»։ Է. Բաղդասարյանի խոսքով՝ փախուստը հակառակորդի կողմում է սկսվել. «Նորից դիակներ են թողել ռազմի դաշտում։
Այսօր կփորձենք նաեւ Ղարաբաղի իշխանություններից տեղեկություն ստանալ, թե ինչ է լինելու հակառակորդի դիակների հետ, արդյոք դրանք հանձնելու մասին բանակցություններ ընթանո՞ւմ են, Կարմիր խաչի ներկայացուցիչները դիմե՞լ են, արդյոք, կողմերին»։