«…Ասաց՝ «արխային, գրաված հետ եմ գալու». Հորեղբայրը՝ հակառակորդի գնդակից զոհված Սասունի մասին
«Հայրենասեր էր, միշտ ցանկանում էր լինել առաջին շարքերում, զինված ուժերում ծառայելուց հետո՝ անմիջապես անցել է պայմանագրային ծառայության և խաղաղապահ զորքերում է ծառայել, որից հետո տեղափոխվել է հայկական հատուկ ջոկատ»,- 168.am-ի հետ զրույցում պատմելով հակառակորդի կրակոցներից զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի (ծնված 1989թ.) մասին՝ նրա հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց հորեղբայրը՝ Սասուն Մկրտչյանը:
Հորեղբայրը զարմիկին բնութագրում է՝ որպես մարդամոտ, խելացի տղա, որի բախտն էլ այսպես դասավորվեց: Մեր այն հարցին, թե ի՞նչ նպատակներ ուներ Սասունը, հորեղբայրն այսպես պատասխանեց. «Մասնագիտությամբ իրավաբան էր, նպատակ ուներ ամուսնանալ ու աշխատել նույն համակարգում և կառուցել իր ընտանիքը՝ ծնողների հետ միասին»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ե՞րբ է հորեղբայրը վերջին անգամ խոսել զարմիկի հետ, Ս. Մկրտչյանը պատասխանեց, որ խոսել է ապրիլի 2-ի առավոտյան ժամը 12:00-ին.
«Վերջին անգամ ես խոսել եմ ապրիլի 2-ի առավոտը՝ ժամը 12:00-ին, որ նոր հասել էին, ինքը մինչև դա միշտ 15 օրով գնում-գալիս էր: Երբ ես զանգեցի իրեն՝ ասացի՝ «ո՞նց է վիճակը», ասաց՝ «հոպար, ամեն ինչ լավ է», ասացի՝ «գլուխդ ցածր պահի՝ «Աշխարհաբեկի» կինոյի նման», խնդաց ու ասաց՝ «արխային, գրաված հետ եմ գալու», ու այսպես եղավ»:


Սասունի բարեկամներից Ռադիկ Խամոյանն էլ այսպես էր խոսում Սասունի մասին. «Ինքը երազներ շատ ուներ՝ նոր ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, որովհետև ժառանգ էր ինքը սասունցու, որն Արևմտյան Հայաստանից էր, Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքի ժառանգ էր, իսկ իր համար Արևմտյան Հայաստանն իր պապերի կարոտն էր, իր երազանքն էր»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:



