
Մինսկի խումբը բանակցությունները կանցկացնի վաղը՝ Վիեննայում. ԵԱՀԿ գործող նախագահ

Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հաստատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցություններ կանցկացնի վաղը՝ Վիեննայում, հայտնում է RIA Novosti-ն:
Նա նշել է, որ հանդիպումը կանցկացվի դեսպանների մակարդակով:
Ավելի վաղ նա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ էր արել անհապաղ դադարեցնել կրակը: Շտայնմայերը խորը մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ռազմական լարվածության աճի առնչությամբ:
«Կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները և լիովին հարգել հրադադարի ռեժիմը: Այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն և վերադառնան Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների: Համանախագահներն իրենց գործում ունեն իմ լիակատար աջակցությունը»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը: