Դոնորագրվել ցանկացողները շատ են, թեև նախարարությունն ապահովված է արյունով
Թեև ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, արյունով ու արյան բաղադրիչներով, սակայն մարդիկ իրենց քաղաքացիական պարտքն են համարում հայրենանվեր քայլ կատարելու, և Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն մարդկանց հոսքը չի դադարում, նրանք արյուն են հանձնում վիրավոր զինծառայողների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով ու չնայած ապահովված է արյունով ու արյան բաղադրիչներով, սակայն, ընդառաջելով մարդկանց ցանկությանը, արյունաբանական կենտրոնը պատրաստ է նրանց ընդունել:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է իրադարձություն` կոչ անելով վիրավոր զինծառայողների համար արյուն հանձնել: Նշվում է նաև դոնոր դառնալու անհրաժեշտ պայմանները, մասնավորապես.
-արյունատվությանը ներկայանալ անձնագրով կամ զինգրքույկով
-լինել 18 տարեկանից բարձր
-հիվանդացած չլինել դեղնախտով
-վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս և ավելի տևողությամբ բացակայած չլինել Հայաստանից
-լինել առնվազն 55կգ, իսկ իգական սեռի ներկայացուցիչ լինելու դեպքում` 65կգ
-վերջին 24 ժամվա ընթացքում ալկոհոլ օգտագործած չլինել
-արյունատվությանը ներկայանալ քաղցած
-կանայք կարող են արյուն հանձնել դաշտանի սկսվելուց 2 օր առաջ և ավարտվելուց 5 օր հետո:
Կան որոշակի հիվանդություններ և վիճակներ, որոնք ժամանակավոր կամ մշտական բացառում են արյան դոնորությունը: Դրանցից հիմնականներն են՝
-տեսողության խնդիրներ (կարճատեսություն և հեռատեսություն 4 և ավելի)
-կյանքի ընթացքում ունեցած ուղեղի ցնցում, գլխուղեղի տրավմա
-օրգանի հեռացումով վիրահատություններ
-էնդոկրին խանգարումներ (շաքարային դիաբետ, վահա նաձև գեղձի հիվանդություններ):
Արյուն հանձնելու որոշում ընդունելուց հետո անձը պետք է ենթարկվի բժշկական զննման և հակացուցումներ չունենալու դեպքում միայն կարող է կատարել արյունատվություն: Բուն արյունատվությունը տևում է մոտ 10 րոպե: Արյունը վերցվում է միանվագ օգտագործման մանրէազերծ պարագաներով: Դոնորից միանվագ հավաքագրվում է 450մլ արյուն, որը անվնաս է դոնորի առողջության համար: Նախքան հիվանդին փոխներարկելն արյունը հետազոտվում է հեպատիտ B և C, ՁԻԱՀ/ՄԻԱՎ, սիֆիլիսի և բրուցելյոզի հանդեպ, որոշվում է խմբային և ռեզուս պատկանելիությունը:
Անձի տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է, բացի օրենքով նախատեսված դեպքերից: Ձեր հանձնած արյունն անհատույց կտրամադրվի բուժման ընթացքում արյան բազմաթիվ փոխներարկումների կարիք ունեցող հիվանդներին:
Մարդիկ նաև իրենց կամքով առաջին անհրաժեշտության իրեր են հանգանակում առաջնագիծ ուղարկելու համար: Ապրիլի 4-ին և 5-ին` ժամը 18:00-ին, Մաշտոցի պուրակում կազմակերպվելու է իրերի հավաքագրումը: Այս նախաձեռնությամբ մասնակիցները ցանկանում են ոչ միայն թեթևացնել առաջնագծի կարիքները, այլև կապ ստեղծել թիկունքի և առաջնագիծի միջև, որը շատ կարևոր է հաղթանակների ամրագրման համար: