
«ВКонтакте» սոցիալական ցանցը ներկայացրել է իր նոր դիզայնը

Ռուսական «ВКонтакте» սոցիական ցանցը ներկայացրել է իր նոր դիզայնը կայքի բլոգում: Ստեղծման տարվանից` 2006 թվականից, այն չէր ենթարկվել փոփոխության և, դա տասը տարվա մեջ առաջին նորարարությունն է:
Ընկերությունը փորձել է նոր դիզայնը նույնական դարձնել բոլոր սարքավորումներից օգտվելու դեպքում: Նախորդ տարբերակից առավել տարբերվող հատկանիշները էկրանի լայնության ավելացումն ու տառաձևն են, թարմացվել են սիմվոլները և ձախ հատվածում տեղակայված գործողությունների ցանկը: Վերև են բարձրացվել ամենապահանջված բաժինները` «Նորություններ»-ն ու «Հաղորդագրություններ»-ը: «Նորություններ» բաժնում հայտնվել է «Սկզբում ամենահետաքրքիրները» կոճակը:
Նոր հաղորդագրությունների դեպքում հայտնվում է կապույտ կետ, որն անհետանում է այն ընթերցելուց հետո, իսկ օնլայն լինելու նշանը կանաչ կետն է:
Նոր տարբերակում լուսանկարներն ու ալբոմներն ավելի լայն տարածություն են զբաղեցնում: Մեկնաբանությունները երևում են լուսանկարի աջ կողմում: Այլևս կարիք չկա իջնել ավելի ներքև լուսանկարն ու մեկնաբանությունները միաժամանակ տեսնելու համար: Բոլոր ծանուցումները զանգակի տեսքով են: Թարմացումները դեռևս հասանելի են միայն թեստավորման մակարդակում: