«Եթե անգամ անցածը կարելի կլիներ կոչել քննարկում, հիմա արդեն դա պետք է կոչվի՝ բանակցություն». Լևոն Բարսեղյանը՝ «4+4+4» ձևաչափով քննարկումների մասին

«Տպավորությունն այն է, որ իշխանության ներկայացուցիչները Բաղրամյան 26-ից կոնկրետ հրաման ունեն՝ ոչ մի փոխզիջման չգնալ, ու դա ենթադրվում էր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «4+4+4» ձևաչափով քննարկումներին մասնակցող, Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները ստիպված են քննարկել ընդդիմության և քաղաքացիական հասարակության մյուս ներկայացուցիչների հետ Ընտրական օրենսգիրքը, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տան, որ իրենք քննարկում են:

«Ակնհայտորեն պարզ է՝ ինչ է ուզում իշխանությունը, մենք գիտենք, և դա նորություն չէ: Ինձ թվում է՝ այդ բանակցությունների թիրախը (քաղաքացիական հասարակության մասին է խոսքս, ընդդիմության և իշխանության մասին չէ) պետք է լինի բացատրություններ ստանալը: Շատ կարևոր է, որ իշխանությունը երես-երես բանակցությունների ընթացքում բացատրի, թե ինչու ինքը հարմար չի գտնում այս-այս մեթոդները, և ինչու է նախընտրում կիսամեթոդներ կամ կեղծ մեթոդներ: Ինձ թվում է, թե քաղաքացիական հասարակության դերակատրությունը պետք է լինի՝ ուղղակի փորձել այդ բացատրությունները ստանալ»,- նշեց մեր զրուցակիցը:

Լ. Բարսեղյանը կարծում է՝ իշխանությունը բացատրելու բան չունի: Նրա խոսքով՝ «իշխանությունը հո չի՞ հայտարարելու, որ՝ «մենք դա անում ենք, որպեսզի իշխանությունը վերարտադրենք, կեղծիքներ անենք», ինչ-որ բան պետք է բացատրի, եթե չի բացատրում, մենք էլ հայտարարում ենք, որ՝ գնացինք, նստեցինք, խոսեցինք, փորձեցինք հետները ողջամիտ լուծումներ գտնել, բայց մարդիկ 2 ոտները դրել են մի կոշիկ՝ Բաղրամյան 26-ով են առաջնորդվում և որևէ ողջամիտ բացատրություն չունեն այն բանին, թե ինչու են ուզում այդպես անել»:

Կարդացեք նաև

Մեր այն հարցին, թե այդ բացատարություններն ի՞նչ կտան, եթե, այնուամենայնիվ, չլինեն փոփոխություններ ԸՕ-ում, Լ. Բարսեղյանը պատասխանեց, որ ինքը խորապես համոզված է, որ իշխանությունը չի նահանջելու: Նրա խոսքով՝ բանակցությունները՝ որպես գործիք, կարևոր են այն իմաստով, որ, երբ ուզում ես ինչ-որ բան ապացուցել, երբ քաղաքացիական հասարակությունը փորձի բացատրություններ ստանալ, թե ինչո՞ւ՝ ոչ ցուցակների հրապարակմանը, ինչո՞ւ է իշխանությունն իրեն թույլ տալիս մարդու անձնական գաղտնիքները հրապարակել մինչև ընտրություններ, իսկ ընտրություններից հետո խուսափում է հրապարակել տեղեկություն մասնակցության մասին, որն անձնական գաղտնիք չէ, դա «շատ կոնկրետ արգումենտ կլինի, որ իշխանությունը զավթված է»:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է Դավիթ Հարությունյանն ասում, որ սրանք ոչ թե բանակցություններ են, այլ՝ քննարկումներ, Լ. Բարսեղյանն այսպես պատասխանեց. «Դա իր գնահատականն է, և դատելով ընթացքից՝ սրանք իսկապես բանակցություններ են, քննարկումներ մենք բազմիցս ունեցել ենք, քննարկումն ուրիշ բան է նշանակում, բանակցությունը՝ ուրիշ: Ես հասկանում եմ՝ ինչու են իրենք խուսափում բանակցությունից. բանակցություն նշանակում է՝ կոնֆլիկտ՝ կոնֆլիկտի լուծում, և դատելով անցած քննարկումից՝ ակնհայտ է, որ մենք արդեն գործ ունենք կոնֆլիկտի հետ, և, եթե անգամ անցածը կարելի կլիներ կոչել քննարկում, հիմա արդեն դա պետք է կոչվի՝ բանակցություն»:

Ինչպես հայտնի է, այդ քննարկումների առաջին օրը խնդիրներ էին առաջացել հ/կ-ների ներկայացուցիչների անցագրերի հետ, հետո էլ՝ իրենք չէին ուզում իրենց անձնագրերը թողնել ԱԺ-ի անցակետում, ինչի ադյունքում քննարկումները մի քիչ ուշացան: Մեզ հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Ն. Զոհրաբյանն անդրադառնալով այս միջադեպին՝ ասել էր, որ, եթե մարդիկ հրաժարվում են հարգել ՀՀ օրենքը և անձը հաստատող վկայականը թողնել ԱԺ շենքի ներքևում՝ բարձրանալ, շատ պարզ է՝ ում մեղավորությունն է. «…Այսինքն՝ օրենք է, և օրենքը բոլորի համար է, ու ինձ, անկեղծ ասած, հասկանալի չէր այդ արհեստական ստեղծված իրավիճակը, որը, եթե միտումնավոր էր արված ու ինչ-ինչ նպատակներ էր հետապնդում, ապա դրանով ընդամենը այդ լուրջ քննարկումը փորձում էին ստվերել»:

Լ. Բարսեղյանն այս առնչությամբ ասաց, որ հ/կ-ների ներկայացուցիչները սկզբում չեն ցանկացել թողնել, բայց, վերջիվերջո, թողել են: Նա նաև նշեց, որ ինքն այդ ժամանակ այնտեղ չի եղել. «Դրանք տեխնիկական հարցեր են, որոնք պետք է նախապես կարգավորվեն: Օրինակ, կարող էր քննարկումը նշանակվել մի չեզոք տարածքում, ոչ Ազգային ժողովում, այդ խնդիրներից կարելի էր խուսափել, ժամանակ չկորցնել: Իսկ եթե դրանով իշխանությունն ուզում է դոմինացիա հաստատել, որ՝ մենք իշխանություն ենք, դուք պետք է անձնագիրը թողնեք, զենքերը թողնեք, սա բարոյական հարված է, բայց անձամբ ինձ քիչ է հուզում դա, ես կարող եմ նույնիսկ մի անձնագիր տանել՝ թողել այնտեղ, թող մնա»:

Տեսանյութեր

Լրահոս