«Եթե մարդիկ հրաժարվում են հարգել ՀՀ օրենքը և անձը հաստատող վկայականը թողնել ներքևում՝ բարձրանալ, շատ պարզ է՝ ում մեղավորությունն է». Նաիրա Զոհրաբյան

«ԲՀԿ-ն միայն այս ձևաչափով չի սահմանափակում Ընտրական օրենսգրքի մշակմանն իր մասնակցությունը»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «4+4+4» ֆորմատով ընթացող քննարկումներին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն իրեն համարում է ԸՕ-ի շահառու, և բոլոր ձևաչափերի բոլոր քննարկումներին իրենք մասնակցելու են իրենց օրակարգով:

– Տիկին Զոհրաբյան, արդեն մեկնարկել են այդ քննարկումները, ի՞նչ տպավորություն ունեք, ըստ Ձեզ՝ ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել:

– Ընտրական նոր օրենսգրքի «4+4+4» ֆորմատով քննարկումները սահուն կերպով վերածվեցին «3+4+6»-ի, այդուհանդերձ, մեզ համար դա էլ էական չէ, մեզ համար էական է, որ քննարկումները լինեն բովանդակային, որ մենք քննարկենք ոչ թե՝ ձևը, այլ՝ բովանդակությունը: Ցավոք սրտի, առաջին օրը մենք 2 ժամ վատնեցինք՝ պարզելու, թե ինչո՞ւ քաղհասարակությունը չի ուզում բարձրանալ վերև, և մի ժամ էլ վատնեցինք՝ քննարկելու ձևը, և ոչ թե՝ բովանդակությունը: Կրկնում եմ, ԲՀԿ-ն չի մասնակցելու ինքնանպատակ որևէ պրոցեսի, եթե որոշ քաղաքական ուժերի համար սա ընդամենը ձևի հարց է, որպեսզի հետո ասեն՝ «մասնակցեցինք, բան չստացվեց», մեր մասնակցությունը մենք շատ կարևորում ենք, և իսկապես հակված ենք լրջորեն քննարկելու օրենսգրքի այն մտահոգիչ դրույթները, որոնք մտահոգում են բոլորին:

Կարդացեք նաև

Արդյունքում՝ ինչ կունենանք, այս պահին դժվարանում եմ ասել, բայց հաշվի առնելով մեզ մոտ արմատավորված մշակույթը, երբ փոխզիջումը, երկխոսությունը, միմյանց տեսակետը հարգելը վաղուց արդեն պետք է գրել կարմիր գրքում, ես առանձնակի լավատեսություն չունեմ, որ մենք մի պոզիտիվ հանգրվանի կհասնենք: Այնուհանդերձ, ի սկզբանե ասել՝ «չի ստացվելու», և որդեգրել դիտորդի կարգավիճակ, ինչպես անում են որոշ քաղաքական ուժեր՝ փորձելով նախապայմաններ թելադրել, թե՝ «կգանք կմասնակցենք՝ եթե այսպես, եթե այնպես…», սա ևս ընդունելի վարքագիծ չեմ համարում, սա ընդամենը համարում եմ պատասխաատվությունից փախչելու վարքագիծ, ԲՀԿ-ն որևէ պատասխանատվությունից չի փախնում և չի փախչելու, ցանկացած ձևաչափով քննարկման մասնակցելու ենք:

– Այդ խառնաշփոթ իրավիճակը, որ առաջին օրն առաջացավ, Ձեր պատկերացմամբ՝ ո՞ւմ մեղավորությունն էր:

– Եթե մարդիկ հրաժարվում են հարգել ՀՀ օրենքը և անձը հաստատող վկայականը թողնել ԱԺ շենքի ներքևում՝ բարձրանալ, շատ պարզ է՝ ում մեղավորությունն է: Ես իմ օրինակով կարող եմ ասել՝ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ինձ մոտ քաղաքացի է եկել, չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ, և խնդրել եմ ԱԺ նախագահին՝ գոնե մեկ անգամ բացառություն անել, բայց գոնե մի դեպքում չի արվել բացառություն: Այսինքն՝ օրենք է, և օրենքը բոլորի համար է, ու ինձ, անկեղծ ասած, հասկանալի չէր այդ արհեստական ստեղծված իրավիճակը, որը, եթե միտումնավոր էր արված ու ինչ-ինչ նպատակներ էր հետապնդում, ապա դրանով ընդամենը այդ լուրջ քննարկումը փորձում էին ստվերել:

– Իշխանությունների կողմից ի՞նչ տրամադրվածություն եք տեսնում, որքանո՞վ են պատրաստ ընդունել ընդդիմության և քաղհասարակության առաջարկները:

– Ես հիմա իշխանության տրամադրվածության մասին կդժվարանամ խոսել, որովհետև դրա մասին իրենք պետք է խոսեն, այդ մասին ես կարող եմ խոսել՝ միայն վերջնարդյունքը տեսնելով: Համենայն դեպս, այս պահին դեռևս որևէ կոնսենսուս որևէ բարձրացրած հարցի վերաբերյալ չկա: Մենք լսեցինք միմյանց տեսակետները, դիրքորոշումները, կփորձենք այսօրվա նիստում արդեն շատ ավելի առարկայական հասկանալ՝ նախորդ անգամ քննարկված հարցերը որքանո՞վ են ընդունելի:

– Դավիթ Հարությունյանը հստակեցրեց, որ սրանք ոչ թե՝ բանակցություններ են, այլ՝ քննարկումներ, ի՞նչ է դա նշանակում:

– Կրկնում եմ, մեզ համար կարևորը ձևը չէ, այլ բովանդակությունն է: Այո, մի ժամ էլ վատնվեց նրա վրա, թե սա քննարկո՞ւմ է, թե՞ բանակցություն: Մեզ համար միևնույն է՝ քննարկո՞ւմ է, բանակցությո՞ւն է, թե՞ զրից է: Մեզ համար կարևորը՝ բովանդակային քննարկում լինի, որովհետև ԲՀԿ-ն միայն ձևի համար որևէ քննարկման չի պատրաստվում մասնակցել: Հորդորում եմ իմ գործընկեր քաղաքական ուժերին ևս՝ ժամանակ չվատնել տեխնիկական ֆորմալ խնդիրների վրա:

 

Տեսանյութեր

Լրահոս