Ինչու էին քրեական հեղինակություններ բերման ենթարկվում. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը մարտի 15-ին գրել էր, որ ՀՀ ոստիկանությունը սկսել է տարբեր պատճառաբանություններով քրեական հեղինակություններին բերման է ենթարկել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Գրել էինք, որ  օրեր առաջ ոստիկանություն էին տարվել Յուրա Ուտոեւը, որը առավել հայտնի է Կիեւյանցի Յուրա ածականով, նրա ընկերները եւ հարազատ եղբայրը` Ռոստիկ Ուտոեւը: Ազգությամբ եզդի եղբայրների մոտից մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր առգրավվել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ առաջին անգամ չէ՝ քրեական հեղինակություն համարվող Յուրի Ուտոեւը հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում:

2015 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական հեղինակություն համարվող Յուրի Ուտոեւին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով սուտ ցուցմունք է տվել: Պարզեցինք, որ իրավապահները նրան  նախազգուշացրել են՝ սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվության կենթարկվի ՀՀ քր.օր-ի 338 հոդվածով: Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով՝ 2014 թվականի հունվարի 11-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Յուրի Ուտոեւին հարցաքննել են, եւ նա ծանր հանցագործության վերաբերյալ  տվել է իրականությանը չհամապատասխանող  ցուցմունքներ:

Իսկ ինչ դեպք է տեղի ունեցել, եւ ինչու են նրան հարցաքննել: Պարզեցինք, որ նա իրավապահներին պատմել է, թե 2014 թվականի հունվարի 5-ին, երբ վերադարձել է իրենց բակ, կայանել է մեքենան եւ երբ հասել է շենքի աստիճանների մոտ, լսել է, որ ինչ-որ մեկն իրեն է կանչում: Շրջվել է, տեսել իր դիմաց կանգնած 160-170 սմ հասակի, մուգ գույնի հագուստով, գլխին գլխարկով, իսկ դեմքը մինչեւ աչքերը շարֆով փակած անձի, ով առանց որեւէ բան ասելու հարվածել է իր կրծքավանդակի ձախ մասին, որից ինքը սուր ցավ է զգացել եւ ուշաթափվել:

Նա իրավապահներին հայտնել է, թե իրեն հարվածողին չի ճանաչում, նրա ձեռքին դանակ կամ այլ իր չի տեսել, այդ ժամանակ բակում այլ անձանց չի նկատել: Սակայն, ըստ երեւույթին, իրավապահները գործը բացահայտել են եւ հասկացել, որ Յուրի Ուտոեւը իմացել է իր հարվածողին, եւ թե ինչու են այդպես վարվել: Ասել է, թե քրեական հեղինակություն համարվող Յուրի Ուտոեւին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության հատկանիշներով, որը պատժվում է առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս