Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը տեղափոխվել են նոր առանձնատուն
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսինը՝ Քանիե Ուեսթը, աստղային ընտանիքը գլխավորող Քրիս Ջենների կալիֆոռնիական տնից տեղափոխվել են սեփական առանձնատուն: Աստղային զույգի տունը գտնվում է Լոս Անջելեսի Բել Էյր հեղինակավոր շրջանում: Այդ մասին գրել է ամերիկյան People հանդեսը:
Զույգն առանձնատունը 2013 թվականին գնել էր 11 մլն դոլարով: Անցյալ տարվա ընթացքում ամուսնական զույգն ապարդյուն փորձում էր այն վաճառել, բայց հետո որոշեց բնակություն հաստատել այնտեղ:
Սակայն այդ տունը ժամանակավոր ապաստարան կդառնա աստղային զույգի համար: 2014 թվականին Քիմը եւ Քանիեն 20 մլն դոլարով առանձնատուն են ձեռք բերել Հիդեն Հիլսում՝ Լոս Անջելեսի արվարձանում, որտեղ նրանք պլանավորում են մեծացնել իրենց դստերն ու որդուն:
«Երբ մենք անշարժ գույք էինք գնում Բել Էյրում, մենք երկուսով էինք: Երեխաների ծնվելուց հետո հասկացանք, որ մեզ միանգամայն այլ բնակտարածք է հարկավոր»,- Քիմ Քարդաշյանի խոսքը մեջբերում է հրատարակությունը:
Հիդեն Հիլսի կալվածքը զբաղեցնում է 1,4 հեկտար տարածք: Այստեղ կա երկու լողավազան, երկու ՍՊԱ-ի գոտի, սեփական խաղողի այգի: Ամուսիններն այստեղ կտեղափոխվեն, երբ ավարտվի ծավալուն վերանորոգումը:
Բել Էյրը, Բեւեռլի Հիլզը եւ Հոլմբի Հիլզը կազմում են Լոս Անջելեսի այսպես կոչված «պլատինե եռանկյունին»: Շրջանի մասնավոր առանձնատներում ապրում են աշխարհի ամենահարուստ մարդիկ եւ Հոլիվուդի աստղերը: