Ջորդանը գլխավորել է «թոշակի անցած» «ամենաթանկ» մարզիկների ցուցակը. Forbes
Forbes հանդեսը լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին ճանաչել է որպես անցյալ տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկը նրանց թվում, ովքեր ավարտել են կարիերան, ցուցակի երկրորդ տեղն զբաղեցրել է նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը:
Ջորդանը, որը խաղացողի իր կարիերան ավարտել է 2003 թվականին, գլխավորել է ցուցակը, ինչպես եւ մեկ տարի առաջ: Անցած տարվա ընթացքում «Չիկագո Բուլզ»-ի նշանավոր խաղացողին, իսկ այժմ գործարարին եւ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մեկ այլ ակումբի՝ «Շառլոտ Հոռնեթս»-ի սեփականատիրոջը հաջողվել է վաստակել 110 մլն դոլար: Դա 45 մլն դոլարով ավելի է, քան «Մանչեսթր Յունայթեդ»-ի եւ Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Բեքհեմի վաստակածը:
Հրատարակությունը նշում է, որ տարիների հետ Ջորդանի ժողովրդականությունը բնավ չի նվազում: Ավելին՝ Forbes-ն ակնկալում է, որ 2016 թվականին լեգենդար մարզիկը 30 մլն դոլարով ավելի կվաստակի, քան գործող կամ կարիերան ավարտած որեւէ այլ մարզիկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: