Բաժիններ՝

Արագածի հարավային լանջերին՝ մոտ 3000 մետր բարձրության վրա, մեծ քանակությամբ վիշապաքարերի կուտակումներ են հայտնաբերվել

Այսօր լրագրողների հետ հանդիպել էին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը, ավագ գիտաշխատող, հայ-գերմանական արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանը և կրտսեր գիտաշխատող Արթուր Պետրոսյանը:

Քննարկման նյութը 2015 թվականի պեղումների արդյունքներն էին, 2016 թվականի համար նախատեսված դաշտային հետազոտությունների նպատակները, Վիշապ քարակոթողի ուսումնասիրությունների արդյունքները, «Սոլակ 1» հնավայրում հայ-իտալական արշավախմբի աշխատանքները:

maxresdefault

Խոսելով Վիշապ քարակոթողի ուսումնասիրությունների ընթացքի և արդյունքների մասին, հանդիպման բանախոս՝ ավագ գիտաշխատող, հայ-գերմանական արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանը նշեց, որ այս ուղղությամբ ուսումնասիրությունները մեկնարկել են հետախուզական բնույթի աշխատանքով՝ կարևորելով Վիշապ քարակոթողի իրական նշանակությունը, դրա հետ կապվող զանազան առասպելներից անդին.

«Մենք անդրադարձել ենք ոչ միայն՝ ՀՀ տարածքում գտնվող Վիշապ քարակոթողի ուսումնասիրություններին, այլ նաև՝ Արևմտյան Հայաստանում, որտեղ հայտնի են Վիշապաքարերի կուտակումներ, մասնավորապես՝ Տայքում: Հետևաբար՝ առաջին փուլում մենք փորձեցինք հետախուզական աշխատանքներ իրականացնել, և այդ աշխատանքների ամենահետաքրքիր արդյունքներից մեկը գրանցվեց 2012 թվականին, երբ Արագածի հարավային լանջերին՝ մոտ 3000 մետր բարձրության վրա, մենք հայտնաբերեցինք մի լանդշաֆտ, որտեղ մեծ քանակությամբ վիշապաքարերի կուտակումներ կային: Այդ լանդշաֆտը շաը հետաքրքիր էր նրանով, որ, կարելի է ասել՝ գտնվում էր իր նախնական վիճակում»:


2012 թվականից սկսած Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հովանավորությամբ այս տարածքում պեղումները չեն դադարել: Հանդիպման բանախոս՝ ավագ գիտաշխատող, հայ-գերմանական արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանի կարծիքով՝ այս պեղումները բացառիկ են նրանով, որ կատարվում են 3000 մետր բարձրության վրա.

«Ընդհանրապես հնագիտության ուսումնասիրության պատմության մեջ շատ քիչ օրինակներ կարելի է գտնել, որ նման պայմաններում հնագիտական պեղումներ իրականացվեն, որովհետև պատկերացրեք՝ այդպիսի բարձրության վրա աշխատելը ինչպիսի դժվարություններ կարող է հարուցել, երբ աշխատանքային օրվա մեծ մասն անցնում է կարկուտի, ձյան տեղումների կամ անձրևների պայմաններում: Որպես կանոն, Կովկասյան տարածաշրջանում հնագիտական հուշարձանների ուսումնասիրությունների համար սահմանված բարձրությունը 2400 մետրից չի անցնում»:

Ըստ բանախոսի՝ Հայաստանում նմանօրինակ պեղումների անհրաժեշտությունը կարևոր է նրանով, որ ցույց է տալիս՝ Հայաստանն ունի պոտենցիալ, որը բացառիկ է ու համեմատելի չէ այլ երկրների հետ:

Արսեն Բոբոխյանը նշում է, որ Վիշապ քարակոթողների վերջին տարիների ուսումնասիրությունների արդյունքում՝ բնագիտական ուղղվածության մեթոդներով արված թվագրությունների արդյունքում, կան հիմքեր նշելու, որ այս քարակոթողները կարող էին լինել Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի վերջում, 1-ին հազարամյակի առաջին կեսին, թեև այս պահի դրությամբ սրանք դեռ խիստ նախնական տվյալներ են, որ թվագրում են այս կոթողների տարեգրությունը:

Ե´վ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը, և´ ավագ գիտաշխատող, հայ-գերմանական արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանն ընդգծեցին, որ Վիշապ քարակոթողների մասին ճշգրիտ ինֆորմացիա ունենալու համար անհրաժեշտ է դրանք ուսումնասիրել իրենց նախնական դիրքերում, այնտեղ, որտեղ դրանք ի սկզբանե եղել են: Անդրադառնալով այս կամ այն պատճառներով տեղափոխված վիշապաքարերի ճակատագրին, նրանք նշեցին՝ գուցե դրանք արվել են այս կոթողների հստակ պաշտպանության նպատակով, բայց այնուհանդերձ՝ կտրելով դրանք իրենց միջավայրից և տեղափոխելով, օրինակ, Երևան, ինչպես դա արվեց 60-ականներին, նվազեցնում են շանսերը՝ ճշգրտելու կոթողի հետ կապված բոլոր գիտական ու պատմական նշանակության բացահայտումները:

Անդրադառնալով «Սոլակ 1» հնավայրում հայ-իտալական արշավախմբի աշխատանքներին, կրտսեր գիտաշխատող Արթուր Պետրոսյանը նշեց, որ նորահայտ այս հնավայրում պեղված հուշարձանն իր չափանիշներով բնորոշ է ուրարտական ժամանակաշրջանին, բայց կառուցման տեխնիկայով, խեցեղենով ուրարտական չէ, այլ` տեղական: «Կարելի է ասել` ուրարտական ստանդարտներով տեղական հուշարձան է, ինչն ինքնին բավական հետաքրքիր ու աննախադեպ երևույթ է»,- ասաց հնագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս