Բաժիններ՝

«Հնարավոր է՝ 10 անգամ ավելի էժան գնով «Զվարթնոցի» կլոր շենքը հարմարեցնել միջազգային պահանջներին». Դմիտրի Ադբաշյան

««Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը բոլորիս համար շատ ցավալի հարց է, այդ շենքի մեջ շատ գաղափարներ են հաշվի առնված, որոնք այս նորակառույց շենքում հաշվի չեն առել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» հ/կ նախագահ, ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել նախքան այդ շենքի գծագիրը գծելը, ապա սարքել են. «Շենքը կլոր է, ու ինքնաթիռի կլոր շենքի մոտ կան 14 ինքնաթիռների համար կայաններ, ինքնաթիռի չափսի հետ այդ տասչորս թիվը կապ չունի, ուզում ես՝ կես կիլոմետրանոց օդանավով գնա, կարող է այնտեղ կանգնի: Շենքի աշտարակն այնպես է հաշված, որ բարձրությունն ուղիղ 61 մետր է, մտնում է սահմանափակումների մեջ: Այնպես են ընտրել այդ թիվը, որ դիսպետչերը, որը նստած է վերևում, իր աչքով ամբողջ հորիզոնը կարող է տեսնել ու կառավարել բոլոր պրոցեսները, որոնք օդանավի հետ տեղի է ունենում թռիչքի ժամանակ»:

Միաժամանակ նա նկատեց, որ շենքը թերություններ էլ ուներ. թերությունն այն է, որ շենքը հաշված էր Սովետական Միության ներքին թռիչքների համար, այնտեղ նախատեսված չեն մաքսատան և որոշակի այլ հաստատությունների համար տարածքներ, ինչի հետևանքով էլ շենքը չի չի համապատասխանում միջազգային օդանավակայանների պահանջներին:

Դմիտրի Ադբաշյանը նշեց, որ սուտ են այն կարծիքները, թե շենքը կորցրել է ամրությունը, քանի որ իրենք այդ շենքը կառուցել են այնպես, որ այն չվնասվի: Նա պատմեց, որ ինքն այն ժամանակ Մոսկվա է գնացել, ու այնտեղի մասնագետները մեծ հավանություն են տվել իրենց գծագրին. «Այդ շենքի մեջ մենք (Արթուր Թարխանյանը, Սերգեյ Չերքիզյանը, Սերգեյ Բաղդասարյանը և ուրիշներ)՝ բոլորս միասին, այդ կառույցի մեջ թողել ենք ազատ տարածքներ, որոնք շատ հեշտ կարելի է շենք դարձնել: Շենքն ունի բոլոր հնարավորությունները՝ շատ էժան ձևով՝ տասն անգամ ավելի էժան գնով՝ կլոր շենքը հարմարեցնել ամենաժամանակակից պահանջների համար»:

Դմիտրի Ադբաշյանը նշեց, որ Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նիստին մասնակցել են, և իրենց անդամների՝ բոլորի սիրտը ցավում է. «Մարդիկ կան, որ հենց կլոր շենքի կառուցման և շահագործման ժամանակ աշխատել են այնտեղ, ու նրանք պատրաստ են անվճար մասնակցել այդ տեխնոլոգիաների մշակման ժամանակ»:

Հարցին՝ եթե տասն անգամ ավելի էժան կարժենա շենքը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելը, ինչո՞ւ չեն անում և նոր շենք են կառուցում, Դ. Ադբաշյանը նախ պատասխանեց, որ ինքն էլ է այդ հարցն ուզում տալ, բայց չգիտի՝ ում. «Քանի որ ես իմ աչքով ոչինչ չեմ տեսել, չեմ ուզում բարձրաձայնել, ինչ-որ շահագրգռվածություն կա»:

Ըստ նրա՝ պետք է ընդունել վերջնական որոշում, որ կլոր շենքին ձեռք չի տրվի, կամ մնա՝ մինչև գան ավելի խելոք մարդիկ, որ կարողանան հարմարեցնել միջազգային ստանդարտներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս