Ս. Հարության՝ Զատիկի տոնն ինչպե՞ս պետք է նշել հայկական ընտանիքներում
– Ս. Հարության՝ Զատիկի տոնն ինչպե՞ս պետք է նշել հայկական ընտանիքներում:
– Այն պետք է նշել նախ եկեղեցում՝ մասնակցելով Ս. Պատարագին, հաղորդվելով Քրիստոսի փրկարար Մարմնին և Արյանը:
Զատկական օրերին հարկ է հրավիրել քահանային` կատարելու տնօրհնեք: Զատկին հավկիթ են ներկում, պատրաստում են համեմատաբար թեթև ուտեստներ` հաշվի առնելով անցած պահքի տևական լինելը:
Ս. Հարության տոնը քրիստոնյաների համար մեծագույն տոներից է: Հարկ է նվերներ պատրաստել բարեկամներին, հարազատներին, այցելել և շնորհավորել «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով:
Ս. Հարության տոնը նաև Հարություն անունը կրողների և Հարությունյան գերդաստանների անվանակոչության օրն է:
– Պե՞տք է արդյոք Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների թվով հավկիթ ներկել և ճաշակել:
– Ոչ, դա ժողովրդական սովորույթ է, հավկիթը ներկում են Ավագ Շաբաթ օրը՝ Ճրագալույցի Պատարագից հետո պահքից դուրս գալու համար:
Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ Պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես, ապա չեղյալ կհամարվի Մեծ պահքը պահելու քո ամբողջ ջանքը:
– Ե՞րբ պահել ծոմ, եթե ուզում ենք զատկական Ս. Հաղորդություն ստանալ:
– 3 օր շարունակ մատուցվում է Ս. Պատարագ.
1. Ճրագալույցի Ս. Պատարագ
2. Ս. Հարության՝ Զատկական պատարագ
3. Մեռելոցի Ս. Պատարագ
Եթե մարդը առողջ է, ապա կարելի է ուրբաթ երեկոյից պահել ծոմ և շաբաթ երեկոյան՝ Ճրագալույցի Ս. Պատարագին մասնակցելով՝ ստանալ Ս. Հաղորդություն և այուհետև վայելել զատկական ուտեստը: Եթե երկարատև ծոմապահությունը պահել բարդ է, ապա կարող եք ծոմ պահել շաբաթ առավոտից և հաղորդվել Ճրագալույցի Ս. Պատարագին:
– Անկախ ամեն ինչից՝ Ս. Հարության տոնին հավկիթ են ներկում:
– Հավկիթը համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է Խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար:
Օրհնությամբ՝ Տեր Շահե քահանա Հայրապետյան
qahana.am