«Ընդդիմությունը և քաղհասարակությունը պետք է իշխանություններին օգտագործեն, որ իշխանությունների կողմից չօգտագործվեն»
168.am-ի զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը
– Ձեր հ/կ-ն նույնպես միացել է Ընտրական օրենսգրքի շուրջ կազմակերպվելիք «4+4+4» բանակցային ձևաչափին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ընտրական օրենսգրքի շուրջ կազմակերպվելիք «4+4+4» ձևաչափով բանակցություններից՝ հաշվի առնելով, որ շատերն այդ բանակցություններն անիմաստ են համարում, քանի որ համոզված են՝ իշխանություններն իրենց համար սկզբունքային դրույթներից չեն հրաժարվելու:
– Ես նույնպես կարծում եմ, որ այն սկզբունքային դիրքերը, որոնք թույլ չեն տա այդ ծավալով ընտրական կեղծիքներ իրականացնել, ոչ մի դեպքում Սերժ Սարգսյանն այդ հարցերում չի զիջի:
– Այդ դեպքում, այս բանակցությունները, որ նախատեսվում է իրականացնել իշխանությունների հետ, և որոնց Դուք նույնպես միանում եք, ի՞նչ կտան:
– Իմ անձնական կարծիքով՝ այդ բանակցությունները, այնուամենայնիվ, կարևոր են, ու կարևոր են նաև այն ժամանակ, երբ դրանք փաստում են գործող իշխանությունը, կամ Սերժ Սարգսյանն այս հարցում որևէ զիջման չի գնում: Դրա ֆիքսելը նույնպես կարևոր արդյունք է, և կարևոր արդյունք է ոչ միայն միջազգային հանրության համար: Ինձ համար ավելի կարևոր է հերթական անգամ ֆիքսել, որ բանակցություններն արդյունքի չբերեցին, որ մեր հանրության համար պարզ լինի իրավիճակը: Այսինքն՝ չսպասել 2017 թվականի ընտրությունների ժամանակ, տեսնել՝ ինչ է կատարվում, դրանից հետո հանրահավաք, երթ, հետո՝ կա՛մ ուժային կերպով ցրում են, կա՛մ չեն ցրում, մարդիկ գնում են տուն, և դրանով ավարտվում է: Այս ընտրությունները պետք է նախորդից տարբերվեն նրանով, որ դեռևս մի տարի առաջ մեզ համար արդեն պարզ լինի, թե ինչ է կատարվելու:
– Իսկ մտավախություն չունե՞ք, որ հենց իշխանությունները կարող են այս գործընթացն օգտագործել՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ իրենք ժողովրդավար են, ընդդիմության, քաղհասարակության տեսակետներն էլ են լսում, այսինքն՝ ոչ այնքան սկզբունքային դրույթներն ընդունելով՝ նման պատկեր ստեղծեն:
– Բնականաբար, գործող իշխանությունները ոչ միայն աշխատելու են դրսի հանրությանը ցույց տալ, որ իրենք գնում են երկխոսության, այլ նաև երկրի ներսում ինչ-որ քաղաքական գործընթացների պատրանք կստեղծեն: Բնականաբար, դա իրենք օգտագործելու են, և, բնականաբար, նաև պետք է մյուս բևեռը ձևավորվի, որը նույնպես ցույց կտա իր հերթին, որ բանակցություններն անարդյունք եղան: Այդ գործընթացը կարևոր է ոչ միայն այդ արդյունքի համար, այլև կարևոր է, որպեսզի այդ բանակցությունների ընթացում արդեն մյուս բևեռը ձևավորվի:
– Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, այս դեպքում նաև՝ քաղհասարակությունը, որպեսզի չօգտագործվեն իշխանությունների այդ նպատակի համար:
– Առաջին հերթին՝ իրենք պետք է նպատակներ դնեն ու իրենք իշխանությանն օգտագործեն, իսկ իշխանությանն օգտագործելու, իշխանությունների կողմից չօգտագործվելու համար պետք է դառնան կազմակերպված ուժ: Մի բան է, որ 100 հազար հոգանոց ամբոխ է հավաքվում ինչ-որ վայրում, աղմկում և հետո գնում տուն, այլ բան է, որ ձևավորվում է կազմակերպված ուժ՝ հանգիստ պայմաններում: Այս գործընթացն Ընտրական օրենսգրքի շուրջ, որ տեղի է ունենում, ես դա դիտարկում եմ՝ որպես կազմակերպված ուժ ձևավորելու հնարավոր նախադրյալ:
– Այսինքն՝ ընդդիմադիր ուժերը և հ/կ-ները պետք է նախ՝ իրար հետ համագործակցեն և միասնական առաջարկներ և մոտեցումներ ձևավորեն, հետո՞ ներկայանան այդ բանակցություններին:
– Բնականաբար, միասնական մոտեցումներ պետք է լինեն, միասնական մոտեցումներ կան արդեն: Բայց հիմա սա, առաջին հերթին, այս «4+4»-ի (առաջին 4-ը հանած) միջև համագործակցության հարթակ ստեղծելու հնարավորություն է, նպատակները ֆիքսելուց և Սերժ Սարգսյանի կողմից այդ առաջարկությունների մերժվելուց հետո արդեն պետք է մտածեն այդ հաջորդ քայլի մասին, ու այդ հաջորդ քայլը, ես վստահ եմ՝ պետք է ոչ թե՝ հանրահավաքներ լինեն, այլ լինեն հանդիպումներ դահլիճներում և ինքնակազմակերպվեն: Ես դեմ եմ իշխանություն-ընդդիմություն անուններին, որովհետև կարծում եմ՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում, չի կարելի բնորոշել՝ որպես իշխանության և ընդդիմության միջև ինչ-որ քաղաքական տարաձայնություններ: Հայաստանում չկա իշխանություն և չի ձևավորվել ընդդիմություն: Այսինքն՝ խնդիրը հետևյալն է՝ որպեսզի իշխանությունը վերադարձվի ժողովրդին և Սահմանադրությունը սկսի գործել, սա արդեն իշխանության և ընդդիմության պայքար չէ, սա օրինականության և սահմանադրական կարգերը վերկանգնելու պայքար է: