7-ամյա Նարեկը ցանկանում է մանկատան փոխարեն ֆուտբոլի պարապմունքների գնալ
asparez.am-ը գրում է. Վարդանյանների ընտանիքը երկրաշարժից հետո բնակվում է ժամանակավոր, բայց մշտական դարձած տնակում: Գյումրու Ղարսի խճուղի 208/158 հասցեում գտնվող կիսավեր տնակը ապրելու համար անգամ տարրական պայմաններ չունի: Կաթացող տանիք, խարխուլ փայտե պատեր ունեցող տնակում ապրում են Վարդանյաններ ամուսինները իրենց երկու երեխաների հետ:
Ընտանիքի ավագ դուստրը ի ծնե հիվանդ է ԴՑՊ հիվանդությամբ, ունի հաշմանդամության կարգ: Միջնեկ աղջիկը մի քանի ամիս առաջ է ամուսնացել, իսկ տնակի ամենափոքր բնակիչը՝ յոթնամյա Նարեկը ,օրվա մեծ մասը ընտանիքից հեռու է անցկացնում: Սոցիալական վատ վիճակը ստիպել է երիտասարդ ծնողներին, որ տղային հանձնեն Գյումրու «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան խնամքին: Ընտանիքի մայրը՝ տիկին Շուշիկը, ամեն առավոտ տղային ոտքով հասցնում է Օզանյան փողոց, որտեղից բարեգործական ավտոբուսով Նարեկը հասնում է մանկատուն:
-Ո՞վ կուզե, որ իրա էրեխուն տանի մանկատուն, բայց հնարավորություն չկա: Ընտեղ գոնե հաց կտան, դաս կսովորեցնեն: Մեզի մոտիկ դպրոց չկա, ամեն օր տրանսպորտով հնարավոր չէ էրեխուն դասի տանելը: Առավոտ 9-ին կտանին, իրիկունը 5-ին կբերեն տուն,-ասում է տիկին Շուշիկը:
Իմ՝ տնակում գտնվելու ժամանակ Նարեկը դեռ մանկատանն էր: Ծնողները ասում են՝ տղան աշխատասեր է, ընդունակ, ձգտումներ ունի, ցանկանում է ֆուտբոլի պարապմունքի խմբակ հաճախել, բայց կրկին գումարի բացակայությունն է արգելք հանդիսանում:
Վարդանյանների ընտանիքը անօթեւանի կարգավիճակ չունի: Երկրաշարժի հետեւանքով փլված տունը պետությունը կառուցել է, սակայն տիկին Շուշիկի ամուսնու եղբայրներն են ապրում իրենց ընտանիքներով: Վարդանյանների ընտանիքի կարեւորագույն խնդիրը տուն ունենալուց զատ, նաեւ ավագ դստեր վերականգնողական բուժումների կազմակերպումն է, որը ֆինանսական պատճառով դադարեցվել է:
-20 տարի չեմ աշխատում: Մեծ աղջիկս ինչ ծնվել է, գործից դուրս եմ էկե: Առաջ աշխատել եմ իտալական պոլիկլինիկայում, բայց որ աղջիկս հաշմանդամություն ունի, հնարավոր չէր աշխատելը: Էրեխուն խնամող էր պետք,-շարունակում է ընտանիքի մայրը:
Ամուսինը մասնագիտությամբ կոշկակար է, բայց՝ գործազուրկ: Նախկինում կոշիկներ է կարել, վերանորոգել, վաճառել, բայց շահույթ չի ապահովել: Պատմում են՝ հարեւանները գնել են, խոստացել, որ կվճարեն, խոստումը ուժի մեջ է մինչ օրս: Վարդանյանների եկամուտը հաշմանդամություն ունեցող աղջկա թոշակն է եւ անապահովության համար տրվող ընտանեկան նպաստը:
-Սաղ իրար հետ հազիվ 40 հազար կեղնի: Լույսը, ջուրը կմուծեմ, գազը կլցնեմ՝ կպրծնի: Մնացածին էլ հազիվ հաց կառնիմ՝ ամեն օր 4 հատ, կարտոլ, մակարոնեղեն,-պատմում է զրուցակիցս:
Ընտանիքը այլ եկամտի աղբյուրներ չունի: Երբեմն գյուղաբնակ բարեկամներն են օգնում, բայց ասում են, որ սա հարցի հիմնական լուծում չէ: Շուշիկ Վարդանյանը եւ ամուսինը չեն խուսափում, կատարում են ցանկացած աշխատանք: Առաջիկայում էլ պատրաստվում են կարտոֆիլի ցանքատարածություններում օրավարձով աշխատել, սակայն ցանկանում են մշտական զբաղվածություն ունենալ:
Ընտանիքի վատ վիճակով մի քանի հասարակական կազմակերպություններ են հետաքրքրվել: «Շիրակ» կենտրոնը ձմռան վառելափայտն է ապահովել, իսկ «Շիրակ» հայրենակցական միությունն էլ խոստացել է բնակարանի հարցը լուծել: