«Արևմտյան յուրաքանչյուր երկիր «Իսլամական պետության» թիրախում է»

Արաբագետ Արմեն Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում մի քանի պատճառ նշեց, թե ինչու հենց Բրյուսելում տեղի ունեցավ ահաբեկչությունը: Ըստ նրա՝ առաջին պատճառն այն է, որ ի տարբերություն եվրոպական այլ երկրների և քաղաքների՝ Բրյուսելում ավելի մեծ է նման գործողություններ իրականացնելու հնարավորությունը. «Փարիզյան ահաբեկչությունները ևս կազմակերպվել էին Բելգիայի տարածքում, սակայն իրականացվել էին Փարիզում: Այսինքն՝ անվտանգության միջավայրը Բրյուսելում շատ ավելի բարենպաստ է նման գործողություններ իրականացնելու համար: Առհասարակ, առնվազն երեք երկիր կա՝ Բելգիա, Ֆրանսիա, Հոլանդիա, որտեղ բավական մեծ են արաբամուսուլմանական համայնքները, և բավական մեծ է այս երկրներից մերձավորարևելյան հակամարտության մասնակիցների թիվը: Սրանք Եվրոպայից ամենամեծ թվով ջիհադականներ արտահանած երկրներն են»:

Ըստ նրա՝ մյուս պատճառն առկա էր նաև ԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ. «Քարոզչական և հոգեբանական առումով Բրյուսելի ընտրությունը շատ կարևոր էր, որովհետև Բրյուսելում է գտնվում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, այն նաև համարվում է ԵՄ մայրաքաղաքը: Նաև նրանց հայտարարության մեջ նշվում էր, որ ԻՊ-ի մարտիկները գործողություն իրականացրին խաչակիր երկրների դեմ, և այս երկրների սև օրերը դեռևս առջևում են, այսինքն՝ նոր ահաբեկչություններ ևս լինելու են»:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանն էլ հավելեց, որ Բրյուսելում բավական լավ ձևավորված կապի և տրանսպորտային հաղորդակցման միջոցներն են անցնում, ինչը, ըստ նրա՝ բավականին հստակ իսլամականներն օգտագործում են. «Բրյուսելում տեղի մուսուլման բնակչությունն ինտեգրված չէ. այստեղ խնդիր կա՝ երիտասարդ մուսուլմանների ինտեգրման հետ կապված, այսինքն՝ նրանք ավելի շատ հետևում են մուսուլմանական օրենքներին և իրենց զգում են ավելի շատ՝ մուսուլման, քան՝ եվրոպացի»: Ըստ նրա՝ ԻՊ հաղորդագրության մեջ բավական հստակ մեսիջներ կային. «Նշվում էր, որ իրենց եղբայրներն ավտոմատներով և պայթուցիկներով զինված իրականացրին ահաբեկչություն, որին զոհ գնացին այսքան մարդ, և պարզ էր, որ ահաբեկիչները պետք է օգտագործեին այս ամենը: Բայց ավտոմատները չեն օգտագործել, իսկ որոշ պայթուցիկներ՝ դեռևս չպայթեցված, կարծես գտնվել էին: Այսինքն՝ սա լավ մշակված գործողություն էր, բայց որոշումը հապճեպ էր, և այն կազմակերպվածությունը չուներ, ինչպես Փարիզի դեպքերը»:

Արաբագետը նշեց, որ «Իսլամական պետությունը» բոլորին է սպառնում. «Արևմտյան յուրաքանչյուր երկիր ԻՊ-ի թիրախում է: Եթե կառույցը որոշել է ակտիվացնել իր քնած բջիջները, որոնց ցանցը վաղուց կա արևմտյան երկրներում, Ռուսաստանում, հաջորդը կարող է լինել Մյունխենը, ռուսական որևէ քաղաք. ոչ ոք ապահովագրված չէ»:

Կարդացեք նաև

Արմեն Պետրոսյանն էլ հավելեց, մենք ականատես ենք լինում ԻՊ-ի դիրքերի զգալիորեն թուլացման, ինչպես՝ տարածքային առումով, այնպես էլ՝ այս կառույցի շարքերում սկսվել է զանգվածային դասալքություն.

«Եվ այսպես, կառույցի մարտավարությունը փոխվում է, այսինքն՝ ակտիվացնելով իր բջիջները և իր թշնամիների դեմ պայքար իրականացնելով՝ իրենց իսկ հայրենի երկրներում: Եվրոպական երկրներում, Թուրքիայում և Ռուսաստանում բավական բարձր է ահաբեկչական սպառնալիքը»:

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Բրյուսելի ու Ստամբուլի ահաբեկչությունների միջև որոշակի կապ կա. «Երկուսի հետևում կանգնած է «Իսլամական պետությունը», եթե Բրյուսելում նրանք ստանձնեցին պատասխանատվություն, ապա Թուրքիայում չստանձնեցին, որովհետև Թուրքիան ԻՊ-ի համար բավական կարևոր երկիր է, և նրանք չեն ցանկացնում փչացնել հարաբերություններն այս երկրի հետ: Իսկ Թուրքիայում իրականացված ահաբեկչական հարձակումը ոչ թե Թուրքիա պետության դեմ էր, այլ՝ զբոսաշրջիկների խմբի, որոնք Իսրայելից ու եվրոպական երկրներից էին: Այս ահաբեկչությունները թուրքական իշխանությունների կողմից շատ լավ կերպով օգտագործվում են՝ ներքին խնդիրներն ի ցույց դնելու ամբողջ աշխարհին: Այսինքն՝ պատահական չէ, որ Էրդողանի նույն բովանդակությամբ հայտարարությունը լայն քննարկման առիթ դարձավ՝ առ այն, որ, եթե Անկարայում և Ստամբուլում տեղի են ունենում ահաբեկչություններ, ինչո՞ւ դրանք չպետք է տեղի ունենան Բրյուսելում»: Արաբագետի խոսքով՝ Թուրքիան մխրճվել է բավականին տևական քաոսային իրավիճակի մեջ. «Եթե անգամ սիրիական հակամարտությունը կարգավորվի, առնվազն տասնամյակ այս վիճակը շարունակվելու է Թուրքիայում: Հայաստանը պետք է ունենա կարճաժամկետ ու երկարաժամկետ մոտեցումներ առկա իրավիճակին, մասնավորապես՝ ներկայում պետք է փորձենք հնարավորինս ակնդետ հետևել գործընթացներին: Սա նաև տարածաշրջանային անվտանգության միջավայրին առնչվող խնդիր է, որը չափազանց կարևոր է մեզ համար: Ուղղակի ազդեցություն ունենալ չի կարող, բայց մենք պետք է հետևենք գործընթացներին՝ հետագայում համարժեք մոտեցումներ դրսևորելու համար»:

 

Տեսանյութեր

Լրահոս