«ՀՀ նախագահը պարտավոր է ՌԴ-ի առջև բարձրացնել Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը»

«168 Ժամի» զրուցակիցն է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը

– Պարոն գեներալ, վերջին օրերին հայկական փորձագիտական հանրությունն ակտիվորեն քննարկում է ռուսական մամուլում հայտնված տեղեկությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական հնարավորությունների մասին, առաջին հրապարակումը եղավ առցանց թերթում, երկրորդը՝ ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի կողմից։ Ռազմական մի շարք փորձագետներ պնդեցին, որ դրանք գաղտնի տեղեկություններ են և շրջանառության մեջ են դրվել հստակ նպատակներով։ Ի՞նչ եք կարծում այս մասին։

– Նույն այդ փորձագետն այս օրերին հրապարակեց տեղեկություններ Ադրբեջանի ԶՈՒ-ի մասին, որի մեջ ցույց էր տվել մեր և ադրբեջանական զինված ուժերի գրաֆիկը։ Խրամչիխինի հրապարակումը բացարձակապես որևէ գաղտնիք չի պարունակում, քանի որ բոլոր այդ տվյալները, Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի համաձայն, հասանելի են ու հասնում են մինչև ԱՄՆ, պետությունն է հաղորդում այդ տեղեկությունները, և յուրաքանչյուր երկիր, որը ստորագրել է այդ պայմանագիրը, իրավունք ունի ստուգել մյուս երկրին գրաֆիկով, դրանում որևէ գաղտնիք չկա։ Ուստի ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ նման կերպ արձագանքում այդ հրապարակումներին, դա իրենց գործն է, բայց Խրամչիխինն Ադրբեջանի մասին ևս գրել է, կարդացեք, այնտեղ ամեն ինչ գրված է ադրբեջանցիների մասին։

Սա նույնիսկ իր դրական կողմը ևս ունի, քանի որ աշխարհը կիմանա, թե որ կողմն ինչ սպառազինություն ունի, որ ադրբեջանական կողմն ավելի շատ սպառազինություն ունի, որ ագրեսոր է, ավելի շատ տանկ ու ինքնաթիռ ունի, ավելի շատ համակարգեր ունի, ավելի շատ զինվորականներ, պատրաստվում է պատերազմի, աշխարհը կտեսնի, չէ՞։ Դա լավ է, իսկ մենք ավելի քիչ սպառազինություն ու զորքեր ունենք, բայց մենք պաշտպանական դոկտրին ունենք և մենք չենք հարձակվում, դա գաղտնիք չէ։

– Ռուսաստանը շարունակում է զինել Հայաստանին և Ադրբեջանին, և հրապարակվող տեղեկությունները վերաբերում էին առաքվող նոր խմբաքանակին ևս։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է արդարացված այդ քաղաքականությունը։ Ինչպե՞ս ՀՀ-ն կարող է կասեցնել այս գործընթացը։

– Ես այս մասին բազմիցս խոսել եմ։ Դա կոմերցիոն համակարգ է, դժվար է դա ինձ համար հասկանալը, ես իմ հոդվածում գրել եմ, որ դեմ եմ այդ քաղաքականությանը։ Ինձ թվում է, որ ընկեր նախագահը և Պաշտպանության նախարարը, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, կարող են այս հարցն ուղղել Ռուսաստանի Դաշնությանը։ Մենք ովքե՞ր ենք, մենք կարող ենք միայն խոսել, իսկ դա պետական կարևորության հարց է, իսկ պետության և զինված ուժերի համար պատասխանատու են այդ մարդիկ։

– Այսինքն՝ Սերժ Սարգսյանը պետք է բարձրացնի՞ այդ հարցը։

– Ոչ թե պետք է, այլ պարտավոր է բարձրացնել, նրանք բոլորը պարտավոր են բարձրացնել։ Իսկ ուրիշ ինչպե՞ս։ Ռազմավարական գործընկերն իր գործընկերոջ հակառակորդին տրամադրում է հարձակողական զինամթերք, մենք չենք կարող այս հարցը բարձրացնել, դա նրանք պետք է անեն։ Կամ նրանք անհրաժեշտ չեն համարում բարձրացնել այս հարցը, կամ էլ ամաչում են, չգիտեմ, պետք է նրանց հարցնել։

– Միգուցե բարձրացնում են և ոչ բավարար պատասխան են ստանում։

– Ամեն դեպքում դա հարց է, որը պետք է բարձրացնի ՀՀ ղեկավարությունը։ Ես՝ որպես մարդ, դեմ եմ, դա ամոթալի քաղաքականություն է, եթե դա լիներ պաշտպանական սպառազինություն, այլ հարց է, բայց դա հարձակողական է, եթե նրանք չգնեն Ռուսաստանից, կարող են այլ երկրներից գնել, բայց ռուսական սպառազինությունը ժամանակակից է, հզոր, արդյունավետ, ուստի Ռուսաստանից են գնում, տանկեր, ինքնաթիռներ, բոլորը հարձակողական են, ՌԴ-ն զինում է Հայաստանի հակառակորդին հարձակողական սպառազինությամբ, և այդ քաղաքականությունը մղում է Ադրբեջանին ագրեսիայի, մենք այսպես ենք մտածում, գուցե այդպես չէ, իրականում չգիտեմ։

– Դուք ինչպե՞ս եք բացատրում այդ քաղաքականությունը։

– Գուցե Ռուսաստանը գումարի կարիք ունի, գուցե չի ցանկանում կորցնել հարաբերությունները գնորդներից ոչ մեկի հետ, կամ չի ցանկանում կորցնել քաղաքական հարաբերություններն այն պետության, որը Թուրքիայի հարևանությամբ է և Թուրքիայի աջակցությունն է ստանում։ Դժվար է ասել, դրանք գաղտնիքներ են, իսկ մենք ենթադրում ենք։

Տեսանյութեր

Լրահոս