
Արտակ Շաբոյանը «սխալ հանեց» Համաշխարհային բանկին

Այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ 2016 թ. ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԲ զեկույցի համաձայն, Հայաստանը շարունակում է մնալ ամենամենաշնորհացված երկիրը տարածաշրջանում: Ըստ նրա՝ թեև Մրցունակության զեկույցում ՀՀ-ն դիրքերը բարելավել է, սակայն Վրաստանն ու Ռուսաստանը շատ ավելի են բարելավել իրենց դիրքերը, այսինքն՝ Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանում ամենամենաշնորհացված երկիրը:
«Անհամեստություն չլինի, բայց ՀԲ զեկույցի եզրահանգումները կատարված էին լուրջ մեթոդաբանական սխալների վրա»,- չհամաձայնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Ըստ նրա՝ ՀԲ-ի զեկույցում երկրում խոշոր ընկերությունների կառուցվածքն է գնահատվում, վերցրել են էներգետիկ համակարգը, երկաթուղին, բնական մենաշնորհներ ունեցող մյուս ընկերությունների ստեղծած արժեքը և բաժանել են ՀՆԱ-ին ու գնահատականներ տվել, բայց դա սխալ է, որովհետև բնական մենաշնորհներ են, կարգավորվում են պետության կողմից և դրանցով գնահատական տալ տնտեսության կենտրոնացվածության վերաբերյալ, ճիշտ չէ:
Ա.Շաբոյանը նշեց, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում Հայաստանի դիրքերը բոլոր կետերով ավելի բարձր են, քան Վրաստանինը, մասնավորապես՝ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշով 143 երկրների շարքում ՀՀ-ն 88-րդն է, Վրաստանը՝ 116-րդ, «շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցությունը շուկայի վրա» ցուցանիշով ՀՀ-ն 79-րդն է, Վրաստանը՝ 88-րդ, իսկ տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշով Հայաստանը 85-րդն է, Վարատանը՝ 91-րդը:
«Այսինքն՝ բոլոր 3 ցուցանիշներով մենք առաջ ենք գտնվում»,- եզրափակեց Ա.Շաբոյանը: