
«Հակամենաշնորհային քաղաքականության արդյունքում 17 կետով առաջընթաց է գրանցվել». Արտակ Շաբոյան

Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թ. գործունեության ծրագիրը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց, որ հանձնաժողովն այս տարի շարունակելու է մրցակցության բարելավմանն ուղղված աշխատանքները: Նա նշեց, որ անցած տարի ուսումնասիրություն են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում՝ փոխադրումների գների բարձրացման կապակցությամբ, ուսումնասիրել են մի շարք ապրանքային շուկաներում գների փոփոխությունների խնդիրներ, այդ թվում՝ շաքարավազի, բենզինի, և այլն:
Ըստ նրա՝ բուժհաստատությունների ոլորտում շատ էին դեպքերը, երբ պետական գնումներն իրականացնում էին առանց մրցույթների, որը լուրջ խնդիրներ էր ստեղծում տնտեսվարողների համար: ՏՄՊՊՀ ուսումնասիրությունից հետո, Շաբոյանի խոսքով, այն ընկերութուններում, որ տարիներ շարունակ չէին կարողանում մասնակցել մրցույթներին, խնդիրները լուծվեցին, մրցակցությունը բարձրացավ:
«Հակամենաշնորհային քաղաքականության արդյունքում 17 կետով առաջընթաց է գրանցվել»,- գոհունակությամբ նշեց Ա.Շաբոյանը՝ հավելելով, որ գնահատականը տալիս է Համաշխարհային տնտեսական ֆորումը՝ փակ հարցումների հիման վրա:
«Իհարկե, չենք ասում, որ ամեն ինչ իդեալական է, կան խնդիրներ»,- հավելեց ՏՄՊՊՀ նախագահը՝ նշելով, որ հանդիպումներ են կազմակերպում գործարարների հետ, որպեսզի ՏՄՊՊՀ-ի հանդեպ վստահությունը բարձրանա, և խնդիրների դեպքում՝ դիմեն իրենց: