ԵՏՄ-ից ներկրված ավտոմեքենաներից ապօրինի գանձված ԱԱՀ-ն կվերադարձվի՞
Այսօր Ազգային ժողովը քննարկում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը: Սրանով վերացվում է Եվրասիական տնտեսական միության տարածքից Հայաստանի տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջը:
Օրինագիծը հեղինակել են պատգամավորներ Վարդան Այվազյանը, Գարեգին Նուշիկյանը, Միքայել Մելքումյանը, Հակոբ Հակոբյանը և ՀՀ կառավարությունը:
«Մեր կողմից սպասված օրենքի նախագիծ է»,- նկատեց Մ. Մելքումյանը:
Ըստ նրա՝ Ռուսաստանից ավտոմեքենաների ներկրումն ավելացել է 11 անգամ, ՀՀ մտնող մեքենաները հիմնականում 10 հազար դոլարից ցածր արժեք ունեն: Մ. Մելքումյանը նշեց, որ ԵՏՄ-ից ներկրվող մեքենաներից գանձվել է 1.7 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ, որի վերադարձի հարցը քննարկման ենթակա է. «Պետք է քննարկենք, թե ում ենք վերադարձնում, կարող է դիտարկվել սոցիալական խնդիրը»: Նա նշեց, որ հարցը դիտարկելու են «մեկ մեքենա՝ մեկ վարորդ» սկզբունքով:
«Էդպես չի, որ Վալովայան պիտի հնչեցներ, որ էս հարցը կարգավորեին»,- նկատեց Մ.Մելքումյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Եվրասիական տնտեսական միության ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարել էր , որ, երբ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում Եվրասիական տնտեսական միության երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ թե գումարները վերադարձնելու խնդիրն է, այլ ապօրինությունը վերացնելու: Նա հետաքրքրվեց, թե այլ ապրանքախմբերի հետ կապված ի՞նչ խնդիրներ կան, արդյո՞ք գազն առանց ԱԱՀ է ներմուծվում:
«Խոսքը գնում է անձնական սպառման մասին, մեկ քաղաքացի՝ մեկ ապրանք, բայց ես հակված եմ, որ թիվն ավելացնենք»,- ասաց Մ.Մելքումյանը՝ նկատելով, որ, եթե բարգավաճ երկիր ենք կառուցում, պետք է դիտարկել, որ մեկ մարդը կարող է ունենալ մեկից ավելի մեքենա: