Ինչու են իշխանությունները հիշել Հայաստանի շահի մասին
Եթե առանձնացնելու լինենք անցնող շաբաթվա ընթացքում ամենաքննարկված տնտեսական թեմաները, ապա առաջին տեղում, թերևս, կհայտնվի բենզինի գնի հարցը՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի մեկնաբանությունների հետ միասին։ Իսկ եթե դիտարկենք ըստ կարևորության՝ ապա առաջին հորիզոնականը կարելի է տալ ՀՀ ֆինանսների նախարարության՝ ԵՏՄ-ին ուղղված արձագանքին։ Այո, խոսքը վերաբերում է ԵՏՄ-ից ներմուծված մեքենաների դիմաց գանձված 20% ԱԱՀ-ին։
Նախ՝ հիշեցնենք, թե խոսքն ինչի մասին էր, հետո կպարզաբանենք՝ ինչու ենք այս թեման այդ աստիճան կարևորում։
Եվրասիական տնտեսական միության ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան փետրվարի 9-ին հայտարարեց, թե երբ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում Եվրասիական տնտեսական միության երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին. «ԵՏՄ ներսում ոչ-տարիֆային պատնեշներ դե յուրե չկան։ Պայմանագրում հստակ գրված է՝ միության անդամ երկրները չեն կարող միմյանց նկատմամբ կիրառել ոչ-տարիֆային պաշտպանության միջոցներ։ Միևնույն ժամանակ, մենք բավականին հաճախ ենք հայտնաբերում նման պատնեշներ։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ կա՛մ պետություններն ամբողջովին, հստակ չեն կատարում որոշումները, կա՛մ ինչ-որ մակարդակում մեզ մոտ հստակ չէ իրավակիրառական պրակտիկան»։
Իսկ հետո ավելի էր կոնկրետացրել ասելիքը. «Ոչ-տարիֆային պատնեշի մի օրինակ բերեմ, որը հստակ կերպով արգելված է օրենսդրությամբ՝ ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառումը։ Նման պատնեշ կար Ղազախստանում, այն վերացվեց։ Սակայն այսօր նման պատնեշ է հայտնվել Հայաստանում»։
Պարզ ասած՝ ԵՏՄ պաշտոնյան ՀՀ իշխանություններին մեղադրում էր սեփական քաղաքացիներից ապօրինի կերպով բավականին լուրջ գումարներ գանձելու մեջ։ Սա բավականին լուրջ մեղադրանք էր, որին պետք էր պատասխանել։ Սակայն ավելի քան 1 շաբաթ լրագրողներին չէր հաջողվում այս հարցով որևէ մեկնաբանություն ստանալ ՀՀ պատկան մարմիններից։ Մասնավոր զրույցներում տնտեսական բլոկի մի գերատեսչությունը ուղղորդում էր մյուսի վրա՝ ակնարկելով, որ հարցը նրանց իրավասության տիրույթում է։ Արդեն պետք էր մտածել՝ կամ ՀՀ իշխանությունները չեն տիրապետում ԵՏՄ «խաղի կանոններին», կամ մեղադրանքը հիմնավորված է, և ոչ ոք չի ցանկանում արդարանալու անշնորհակալ բեռը վերցնել իր ուսերին։
Ի վերջո, այդ բեռի տակ մտավ ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Սակայն, ի զարմանս շատերի՝ դա ոչ թե արդարանալու բեռ էր, այլ՝ ճիշտ հակառակը։ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը փետրվարի 17-ին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ արձագանքեց Վալովայայի աղմկահարույց հայտարարությանը։ Ընդ որում, բավականին կոշտ ձևով։
Արմեն Ալավերդյանը պաշտոնապես հայտարարեց, որ այդ հարցում որևէ շեղում կամ բացթողում ՀՀ-ն չի ունեցել, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով, իրավական տողին, տառին համապատասխան։
«Անցումային դրույթներով մենք այդ իրավունքն ունենք և այն պահպանելու ենք։ Դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել»,- ասաց նա։ Հետո նաև պարզաբանեց, որ նախորդ տարի ավտոմեքենաների ներմուծումից վճարվող հարկային մուտքերի մասով Հայաստանն ավելի քան 20 մլրդ դրամի կորուստ է ունեցել, քանի որ ավտոմեքենաների մի մասը ներմուծվել են ոչ թե երրորդ երկրներից, այլ Ռուսաստանի Դաշնությունից. «Իսկ ԵՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ ներմուծելիս սահմանի վրա մաքսատուրք չի գանձվում, բայց գանձվում է ԱԱՀ։ Այն տարբերությամբ, որ եթե Գերմանիայից ներմուծվում է, և այս պահին այդ գումարը գանձվում է տասն օրվա ընթացքում, ապա, երբ ավտոմեքենան ներմուծվում է ՌԴ-ից, գումարը կարող է վճարվել մինչև ներմուծման ամսվան հաջորդող ամսի
20-ը, ու ԱԱՀ-ն»։
Իհարկե, շարքային քաղաքացու համար, ով Ռուսաստանից ավտոմեքենա է ներմուծել կամ ներմուծելու, սա հաճելի պատասխան չէր։ Սակայն, եթե անհատական շահից վերանանք և հարցը դիտարկենք ոչ թե՝ սոցիալական, տնտեսական հարթության մեջ, այլ՝ քաղաքական, ամեն ինչ այլ կերպ է նայվում։ Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը (ի դեմս ֆինանսների փոխնախարարի) Ռուսաստանին (ի դեմս ԵՏՄ պաշտոնյայի) բավականին թափանցիկ տեքստով հասկացրեց, որ կարևորում է առաջին հերթին իր շահը։ Իհարկե, ցանկացած ինքնիշխան երկրի համար սա նորմալ երևույթ է, սակայն Հայաստանի պարագայում սա անսպասելի էր։ Միգուցե դա ինչ-որ տեղ պայմանավորված էր հենց Վալովայայի, մեղմ ասած, ոչ դիվանագիտական, կոշտ ձևակերպումներով։ Սակայն, ամեն դեպքում, Ռուսաստանին որևէ հարցում հակադրվելը (ցավոք սրտի) ընկալվում է խիզախության աննախադեպ դրսևորում։
Չի բացառվում, որ, եթե Ա. Ալավերդյանը կաշկանդված չլիներ ինչ-ինչ հանգամանքներով և ավելի ազատ արտահայտվելու հնարավորություն ունենար, ապա հնարավոր է՝ բաց տեքստով թվարկեր այն բոլոր վնասները, որ Հայաստանը կրել է ԵՏՄ-ին անդամակցելուց հետո։
Պակաս ուշագրավ չէ նաև այն հանգամանքը, որ այս հարցազրույցից 2 օր առաջ՝ փետրվարի 15-ին, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու գործընթացի շրջանակներում Բրյուսելում մեկնարկեց ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի բանակցությունների առաջին փուլը։
Այդ բանակցությունները եվրոպական կողմի հետ նախկինում հստակեցված ոլորտների և ուղղությունների շուրջ են, մասնավորապես՝ ապրանքների և ծառայությունների առևտուր, առևտրի պաշտպանական միջոցներ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցներ, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն, մրցակցություն, պետական գնումներ, կայուն զարգացում, թափանցիկություն, ընթացիկ վճարներ և կապիտալի տեղաշարժ, ներդրումային համագործակցություն և դրանց պաշտպանություն, վեճերի կարգավորում և այլն։
Այդ բանակցությունների հաջող ելքը նշանակում է՝ ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների նոր, ավելի բարձր մակարդակ։ Ու պակաս ուշագրավ չէ, որ սրա մասին խոսելիս՝ ընդդիմադիր տնտեսագետների ոգևորությունն ամենևին չի զիջում ՀՀ պետական պաշտոնյաներին։
Եթե ամփոփենք, ապա ստացվում է հետևյալը։ Հայաստանի Հանրապետությունը մի կողմից՝ «ատամ է ցույց տալիս» ԵՏՄ-ին՝ հասկացնելով, որ այնքան էլ գոհ չէ անդամակցության հետևանքներից և քայլեր է ձեռնարկելու կորուստները նվազեցնելու համար։ Մյուս կողմից՝ փորձում է գոնե մասամբ վերականգնել Եվրամիության հետ տնտեսական հարաբերությունների այն հեռանկարը, որը մեր աչքի առաջ ունեինք մինչև 2013 թվականի սեպտեմբերի 3-ը։
Ասել, որ սա նշանակում է, թե Հայաստանը կամաց-կամաց հրաժարվում է ԵՏՄ-ից և դեմքով շրջվում է դեպի Եվրամիություն, չափազանցություն կլինի։ Սակայն, որ մենք սկսել ենք ուսի վրայով նայել Եվրոպայի կողմը, դա արդեն ակնհայտ է։ Իսկ թե այդ հպանցիկ հայացքների փոխանակությունն ինչ զարգացում կունենա և ինչ արդյունքների կբերի, կախված է ԵՏՄ-ի խանդի աստիճանից։