«Մեր տեղը ոչ ոքի չենք տալու, ո՞ւմ պետք է տանք». Արմեն Մարտիրոսյան
Ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են սպասվում Հրազդան, Թալին, Դվին, Սպիտակ, Բյուրեղավան քաղաքներում և դրանց հարակից գյուղերում: 168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ թեկնածու-ներկայացուցիչներ նշված ընտրատարածքներում չունեն: Նա նաև նշել էր, որ նշված քաղաքներում իրենք չեզոք են:
Արմեն Մարտիրոսյանից այսօր փորձեցինք պարզել, թե հանձնաժողովում իրենց տեղը որևէ մեկին զիջելո՞ւ են: «Մեր տեղը ոչ ոքի չենք տալու, ո՞ւմ պետք է տանք: Ինչպես միշտ՝ մերոնք են լինելու՝«Ժառանգության» անդամները»,- պատասխանեց նա:
Իսկ հարցին՝ որևէ մեկին չե՞ն սատարելու, օրինակ, պարզ դարձավ որ ՀԱԿ-ը չի սատարում Սասուն Միքայելյանին, ով Հրազդանում է առաջադրվել, նա պատասխանեց. «Մեզ որևէ մեկը չի դիմել սատարման համար, որ մենք էլ սատարենք կամ չսատարենք, երբ որ կդիմեն, այդ ժամանակ կքննարկենք»:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու ցանկություն են հայտնել Հրազդանի ՀՀԿ-ական ներկա քաղաքապետ, Հրազդանի ՀՀԿ տարածային կառույցի ղեկավար Արամ Դանիելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը: Արամ Դանիելյանի թեկնածությունը հաստատել է Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ): Հրազդանում առաջադրվելու է նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը: