Զիկա վիրուսը կարող է ուղեղի բորբոքում առաջացնել մեծահասակների մոտ

Զիկա վիրուսը, որը լայն տարածում է ստացել Ամերիկայում եւ հասցրել է թափանցել աշխարհի այլ մասեր, ըստ ֆրանսիացի գիտնականների՝ կարող է ուղեղի բորբոքում առաջացնել մեծահասակների մոտ:

New England Journal of Medicine ամերիկյան մասնագիտացված հրատարակության հրապարակման համաձայն՝ ֆրանսիացի բժիշկները Զիկա վիրուսի առկայություն են հայտնաբերել 81-ամյա հիվանդի ուղնուղեղային հեղուկի մեջ, ով հիվանդանոց էր տեղափոխվել մենինգոէնցեֆալիտ (գլխուղեղի եւ նրա թաղանթի բորբոքում) ախտորոշմամբ: Հիվանդանոցում հայտնվելուց ոշ շատ առաջ այդ մարդը, որն աչքի էր ընկնում «իր տարիքի համար գերազանց առողջությամբ», վերադարձել էր Օվկիանիա կատարած շրջագայությունից:

«Որքան մեզ հայտնի է, դա նման տիպի առաջին բացահայտված դեպքն է»,-AFP գործակալությանը հայտնել է դոկտոր Գիյոմ Կարտոն՝ գիտական հրապարակման համահեղինակներից մեկը: Սա ֆրանսիացի գիտնականների արդեն երկրորդ բացահայտումն է, որն ստիպում է վերանայել Զիկա վիրուսի նկատմամբ նախկին վերաբերմունքը:

Մի քանի օր առաջ The Lancet մասնագիտացված հանդեսի էջերում բժիշկները պատմել են վիրուսի եւ միելիտի՝ ողնուղեղի ինֆեկցիոն ախտահարման, միջեւ իրենց կողմից բացահայտված կապի մասին, որը կարող է հանգեցնել բոլոր չորս վերջույթների լիակատար կաթվածահարության:

Տեսանյութեր

Լրահոս