«Ներկայացված ԸՕ նախագիծը կարծատիպ չէ». Խոսրով Հարությունյան

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում դրված է այնպիսի գործիքակազմ, որի շնորհիվ կբարձրացվի հասարակության վստահությունն ընտրական գործընթացի, վերջնական արդյունքի նկատմամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն` անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին: «Մեզանում ամենավիճահարույց հարցը կրկնաքվեարկությունն է:

Բոլորն ինչ առաջարկություն էլ ներկայացնում են, փորձում են շրջանառության մեջ դնել այնպիսի մեխանիզմ, որն առավելագույնը կբացառի կրկնաքվեարկությունը: Այս նախագծով հանձնաժողովն առաջարկում է պարզ մոտեցում: Քվեարկողը գալիս է ընտրական տեղամաս, օգտագործում է կամ իր նույնականացման քարտը կամ բիոմետրիկ անձնագիրը կամ սովորական անձնագիրը: Ընտրատեղամասերում առկա սարքը հնարավորություն կունենա ճանաչելու նշված փաստաթղթերը: Այն ցույց է տալիս արդյո՞ք տվյալ ընտրողն այլ տեղում քվեարկել է, թե ոչ, արդյո՞ք տվյալ փաստաթղթի անձն ու ընտրողը նույն մարդիկ են: Էկրանի վրա իսկույն բերում է ոչ միայն անունը, ազգանունը, այլև նկարը: Դա նշանակում է, որ այդ ընտրողը երկրորդ անգամ չի կարող մոտենալ որևէ տեղամաս և քվեարկել»,-ասաց Խոսրով Հարությունյանն` ընդգծելով, որ քվերակողների նույնականցումը էապես նվազեցնում է կրկնաքվեարկության հնարավորությունը:

Ինչ վերաբերում է քվեաթրեթիկներն ամփոփելու գործընթացին, ապա Խոսրով Հարությունյանը նշեց, որ այստեղ ևս կարևոր մոտեցում է ներկայացված: Քվեաթերթիկները լինելու են տարբեր գույնի. քվեաթերթիկների գույները ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև կբաշխվեն վիճակահանությամբ: Դա նշանակում է, որ հաշվարկի ժամանակ մեկ տրցակից մյուս տրցակ չի կարող քվեաթերթիկ տեղափոխվել, դա իսկույն աչքի կընկնի: Ըստ Խոսրով Հարությունյանի` ահա այդ մոտեցումները կնպաստեն ընտրական արդյունքների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը:

Անդրադառնալով ընդդիմադիր որոշ գործիչների այն դիտարկումներին, թե անընդունելի է առանց հասարակական, քաղաքական ուժերի հետ քննարկումների նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով, Խոսրով Հարությունյանը նշեց, որ այստեղ խնդիր չի տեսնում:

«Անշուշտ կարելի էր երկարաշունչ քննարկումներ կատարել, նոր ուղարկել Վենետիկի հանձնաժողով, վերջինս էլ մի քանի ամսից ներկայացներ իր կարծիքը, բայց մենք ժամկետի խնդիր ունենք: Ընտրությունից մեկ տարի առաջ մենք պետք է ունենանք նոր Ընտրական օրենսգիրք: Այս ժամանակային սահմանափակումը, ենթադրում էր այն, որ հնարավոր է օգտագործել Վենետիկի հանձնաժողովի մասնագետների կարողությունները և դրան զուգահեռ անցկացնել հանրային լայն շրջանակների քննարկում: Ինչն էլ ասյօր արվում է»,-ասաց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ մեզ համար շատ էական է այն, որ քաղաքացին ոչ միայն կուսակցությանն է ձայն տալիս, այլև ունենում է հնարավորություն իր լիազորված պատգամավորն ունենալու Ազգային ժողովում: «Ահա, որպեսզի մեր տարածքները չզրկվեն սեփական պատգամավոր ունենալու հնարավորությունից, աշխատանքային խումբն առաջարկում է համամասնական ընտրական համակարգի մի տարբերակ, որն իր մեջ ենթադրում է տարածքներում համամասնական ընտրական գործընթաց: Սա տարածված է Սկանդինավյան երկրնում: Նպատակն այն է, որ այս կամ այն քաղաքական գործչի դերակատարումը հանրային կյանքում պայմանավորված լինի ոչ թե կուսակցության ղեկավարության գործունեության նկատմամբ պատկերացումով, այլ շատ էական է, թե ինչպիսին է այդ գործչի նկատմամբ հանրության վերաբերմունքը: Ահա այստեղից էլ գալիս է այն, երբ քաղաքացին, ընտրողն ինքն է ձևավորում կուսակցության ցուցակի հերթականությունը: Սա դրված է համամասնական ընտրական համակարգի հիմքում»,-ավելացրեց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ ներկայացված նախագիծը կարծատիպ չէ, քննարկումները նոր են սկսվել: Նա համոզված է, որ քննարկումներն իրենց արդյունքները կունենան նախագծի վրա:

Տեսանյութեր

Լրահոս