Ինչո՞ւ է հայհոյանքը մեղք
– Ինչո՞ւ է հայհոյանքը մեղք:
– Բերանից արտաբերված խոսքը լոկ խոսք չէ, այլ այն իր մեջ զորություն և ուժ ունի: Եվ ինչ որ դուրս է գալիս մեր բերանից, այն այլևս հնարավոր չէ ետ առնել, ուստի Ս. Գիրքն ասում է. «Քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. 12. 37):
Հայհոյանքի պատճառ կարող են լինել ոխակալությունը, ատելությունը, չարախոսությունը, նախանձը, բամբասանքը, հեշտասիրությունը, բարկությունը և այլն: Հիսուս բազմիցս անտեղի հանդիմանվում էր փարիսեցիների կողմից նախնիների ավանդությունը չպահելու և օրենքը խախտելու համար: Նմանատիպ դեպքերից մեկի ժամանակ, երբ Նրան կրկին մեղադրում են, Հիսուս ասում է. «Լսեցե՛ք և իմացե՛ք. ոչ թե` ինչ բերանով է մտնում, այն է պղծում մարդուն, այլ ինչ ելնում է բերանից, այն է պղծում մարդուն» (Մատթ. ԺԵ 10-11), այսինքն` Քրիստոս ուզում էր հասկացնել հավաքվածներին, որ ուտելիքը կամ անլվա ձեռքերով ուտելը չէ, որ պղծում են մարդուն, այլ այն ամենը, ինչ դուրս է գալիս մարդու բերանից, այլ կերպ` սրտից: Ուստի Տերը շարունակում է իր միտքն ավելի սուր կերպով և ասում. «Քանզի սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ` սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյանքներ» (Մատթ. 15. 19): Պողոս առաքյալն էլ իր թղթերում պատվիրում է հեռու մնալ հայհոյանքից` զինվելով քրիստոնեական առաքինություններով (Կող. 3. 8-15):
Ս. Մկրտության խորհրդով և Մյուռոնի օծմամբ դառնում ենք քրիստոնյա և պարտավորվում արթուն պահել խորհուրդների միջոցով ստացած լույսը: Բայց երբ հայհոյում ենք, մեր մեջ մարում է Ս. Հոգու վառած այդ կենդանարար լույսը, իսկ մեր հոգին խավարում է: Դրա համար պետք է զգուշանալ այս ահավոր ախտից, որը մեզ օտարում է Աստծուց: Քանի որ մեզ համար օգուտ կամ շահ չէ բերանով ասել. «Ես քրիստոնյա եմ», կամ Ս. Հաղորդություն ընդունել, և այդ նույն բերանից արտաբերված հայհոյանքների պատճառով ինքներս մեզ հեռացնել Տիրոջից:
armchurch.info