Բաժիններ՝

Չափազանց կարևորում եմ կրթության համակարգի բովանդակային խնդիրների վերհանումը. Լևոն Մկրտչյան

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հեղինակած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է առկա և հեռակա ուսուցմամբ ընդունելության քննությունների նկատմամբ մեկ միասնական մոտեցում ցուցաբերել:

«Չափազանց կարևորում եմ կրթության համակարգի բովանդակային խնդիրների վերհանումը. որքան կարողանանք կրթության համակարգը զերծ պահել քաղաքական գործընթացներից, այնքան կշահի կրթական համակարգը»,-հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Ներկայում առկա ուսուցմամբ ընդունելությունը կազմակերպվում է միասնական համակարգով, իսկ հեռակա ուսուցմամբ ընդունելությունը կազմակերպում են բուհերը:

«Ես կիսում եմ պատգամավորի մտահոգությունը. իսկապես, հեռակա ուսուցման կազմակերպման դեպքում որակի պահպանման խնդիր կա, բայց և չէի ցանկանա այս հարցում շտապողականություն դրսևորել, քանի որ մենք հեռակա ուսուցման համակարգը վերանայելու խնդիր ունենք, որը, կարծում եմ, պետք է կարգավորել «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքով»,-նշել է նախարար Մկրտչյանը: Նրա դիտարկմամբ՝ որոշակի տարիքում երկրորդ մասնագիտություն կամ աշխատանքից չկտրվելով՝ մասնագիտություն ձեռք բերելու հեռակա ուսուցման այս հնարավորությունն առկա ուսուցման համեմատ որոշակի առանձնահատկություններ ունի, և ծրագրերն էլ խորն են ու բազմաթիվ:

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը ներկայացնելիս ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանը նշել է, որ այս փոփոխությամբ ամրագրվում է կրթության որակի սահմանումը: Կրթության նախարարը, կարևորելով օրենքում կրթության որակի սահմանման անհրաժեշտությունը, նշել է. «Յուրաքանչյուր երկրի կրթության որակը որոշվում է վերջնաարդյունքով, կրթության համակարգի ամբողջական շղթայի պահպանմամբ»:

Քննարկված օրենքների նախագծերը կընդգրկվեն ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս