Բաժիններ՝

«Մեր ամեն երգն առանձին պատմություն է, չկա մի գիծ, որի մեջ բոլորը տեղավորվեն»

Հայկական «Դոգմա» էթնիկ պրոգրեսիվ մետալ խումբը պատրաստում է նոր` թվով երրորդ ալբոմը: «Արմենպրես»-ն այդ առիթով զրուցեց խմբի բաս-կիթառահար ու պրոդյուսեր Վարդան Գրիգորյանի հետ:

«Ալբոմը դեռ ընթացքի մեջ է, դժվար է վերջնական բան ասել: Նույնիսկ անվան մի քանի տարբերակ կա,- ասում է Վարդան Գրիգորյանը:- Նոր ալբոմում կլինեն նախորդներից տարբեր շատ բաներ»:

Նախ, փոխվել է խմբի անդամներից մեկը. թմբկահար Գոռ Ավետիսյանը խմբին է միացել մոտ 2 տարի առաջ, երբ Վարդանը նկատեց նրան «Second Moon» խմբում: Նոր երաժշտի հետ փոխվեցին «Դոգմա»-ի նվագն ու հնչողությունը: Բացի այդ` ալբոմում շատ գործերի մեջ լինելու է ֆոլկլորային իրավիճակ` աղջկա ու տղայի երկխոսության տեսքով: Հիմնական մեներգչուհի Զառայից բացի մասնակցելու է նախկին թմբկահար Դերոն (Դերիկ Վարդումյանը):

«Մեր ամեն երգն առանձին պատմություն է, չկա մի գիծ, որի մեջ բոլորը տեղավորվեն: Կան գործեր, որոնք արմատապես տարբերվում են իրարից. ամեն երգ ունի իր կոնցեպտը»,- ասում է Վարդանը:

«Նանե» երգը, որ գրվել է ավելի վաղ, կապված է ազգի ողբերգության ու հույսի հետ: Այս երգը ազգի հարցերն ու խնդիրները ինքնուրույն լուծելու և հաղթահարելու մասին է: «Նանե»-ի երկխոսության մեջ մենք ենք Աստծո ու մեզ հետ: Թեպետ որոշ երգեր էլ անգլերեն են, ասելիքը դրանից չի փոխվում: Բայց կան նաև շատ ուրախ ու համարձակ երգեր:

«Հայկական ֆոլկլորում կան տեքստեր, որ ոչ թե անվայելուչ խոսքեր ունեն, այլ ավելի համարձակ են: Մեր ֆոլկը միայն քարացած պատկերներ ու սարեր չեն, հայ ազգը միշտ եղել է շնչող ու սիրող»,- նշում է բաս-կիթառահարը:

Dogma1

«Դոգմա»-ն չի սիրում օգտագործել ավանդական ազգային գործիքները: Վարդանի կարծիքով`պարտադիր չէ քամանչա ու թառ նվագել, որպեսզի երաժշտությունը լինի հայկական: Էթնիկ երաժշտություն կարելի է նվագել նաև ժամանակակից գործիքներով, այդպես անում են նաև եվրոպական շատ խմբեր: «Կա ուղղակի ֆոլկ կամ էթնիկ երաժշտություն, բայց մերը դա չէ. մերը մոդեռն խումբ է, և էթնիկն էլ մեզ հարազատ է»,- ասում են խմբի անդամները:

«Դոգմա»-ի պրոդյուսերը նշում է, որ խումբն ազդվել է տարբեր երաժիշտներից` սկսած դասական ռոքից: Շատ խմբեր են իրենց հետքը թողել, բայց դժվար է առանձնացնել կոնկրետ մեկը: «Անձամբ ինձ վրա շատ է ազդել անգլիական «Yes» խմբի բասիստ Քրիս Սքուայերը, մեր կիթառահար Հենոյի (Հենրի Գրիգորյան) վրա` իսպանական երաժշտությունը` ֆլամենկոն, Պակո դե Լուսիան»,- ավելացրեց բաս-կիթառահարը, իսկ Գոռը նշեց, որ շատ է ազդվել «Dream Theatre» պրոգրեսիվ մետալ խմբի թմբկահար Մայկ Պորտնոյից:

Խումբն ասում է, որ իր առջև խնդիր չի դրել նվագել որևէ կոնկրետ ժանրում: Երբ նրանցից մեկի գլխում միտք է ծնվում, նրանք ուղղակի սկսում են նվագել: «Ժամանակին բարդ երաժշտություն էինք նվագում, բայց հետո հասկացանք, որ ասելիքը կարելի է փոխանցել բառի լավ իմաստով`ավելի պարզ ձևով»,- նշեց Վարդանը: Բարդ գրված երգերը մարդկանց դժվար են հասնում: Երաժշտություն լսելու սկզբունքները փոխվել են. Վարդանի կարծիքով` հիմա առաջինը նայում են լայքերի ու մրցանակների քանակին, մինչդեռ կարևորը բովանդակությունն է:

Dogma23

Խմբի պրոդյուսերն ասաց, որ չի ուզում շտապել հայտարարություններ անել, բայց հավելեց, որ նրանք այլ երաժիշտների հետ համագործակցելու բանակցություներ են վարում: Համագործակցությունը կլինի ալբոմի ձայնագրման շրջանակում, այլ ոչ թե համերգային ելույթի տեսքով: «Երևանում ակումբային նվագը մեզ չի ձգում: Դա էլ նմանվել է ռեստորանային կերուխումի, մարդիկ ասես երաժշտություն լսելու համար չեն գալիս»,- կարծում է նա: Համերգների համար պետք են մեծ քաղաքներ, որպեսզի շատ մարդիկ հավաքվեն և ուրախ ժամանակ անցկացնեն:

«Դոգման» նման փորձ արեց 2015 թ. ամռանը` շրջագայելով Հայաստանի մարզերով: Նույնիսկ հաշվի առնելով, որ ողջ տեխնիկան եղել է խմբինը, փաստացի դա շատ ծախսատար շրջագայություն էր: Ամեն դահլիճում պետք էր վերանորորգել հոսանքը կամ որևէ այլ բան, իսկ անընդհատ սեփական գրպանից ծախսել անհնար է: «Ֆոնոգրամայի տակ երգողները գալիս են համերգից մոտ 2 ժամ առաջ, ստուգում ձայնն ու ելույթ ունենում: Դա հեշտ է ու էժան, նրանք առանց չարչարանքի ստանում են իրենց եկամուտը: Մենք հայտնվում ենք անհավասար պայմաններում»,- ասում են խմբի անդամները: «Դոգմա»-ի ընտրած ուղին ավելի երկար է ու բարդ. նախ հարկավոր է տեխնիկա, ապա մասնագետ այդ ոլորտում, երաժիշտն էլ պետք է անընդհատ պարապի:

Ամռանը Գոռը զորակոչվելու է բանակ, սակայն խումբն այդ առումով անելիքները դեռ չի քննարկել: «Մենք հաճախ համերգներ չենք տալիս, այնպես որ սպասելու ենք նրա վերադարձին»,- նշեց Վարդան Գրիգորյանը: Եթե Գոռը ծառայի Երևանում, գուցե կարողանա միանալ համերգներին, իսկ եթե չստացվի, ապա նրան կփոխարինի նախկին թմբկահարը` Դերոն:

«Դոգմա»-ի նոր ալբոմը մինչ այդ պատրաստ կլինի, և, ամենայն հավանականությամբ, սպավում է շնորհանդեսով համերգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս