«Իշխանությունը ստվերային եղանակով վերահսկելու մեխանիզմ է ձևավորվում». քաղաքագետը՝ ԸՕ-ի մասին

«Ըստ էության, ընտրություններ չեն լինելու»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի (ԸՕ) նախագծային տարբերակին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Ս. Դանիելյանի կարծիքով՝ համապետական և տարածաշրջանային ցուցակների հետ կապված դրույթներում կոնկրետ հարցեր կան: Նրա գնահատմամբ՝ շատ խնդրահարույց է այն, որ ցուցակները կազմում են կուսակցությունների ղեկավար մարմինները: Նա պարզաբանեց, որ այլևս նախագահական ընտրություններ չեն լինելու, ու իշխանությունը կազմվելու է կուսակցությունների միջոցով, ու շատ կարևոր է՝ այդ կուսակցություններն իրենցից ինչ են ներկայացնում, դրանք ժողովրդավարակա՞ն, թե՞ ավտորիտար կառույցներ են:

«Այն մեխանիզմը, որ գրված է, թե կուսակցությունների ցուցակները կազմելու են կուսակցությունների ղեկավար մարմինները, դա շատ լուրջ խնդիր է, որովհետև շատ կարևոր է, որ ցուցակները կազմեն համագումարի ժամանակ, որտեղ համագումարի բոլոր մասնակիցները մասնակցեն, ինչ-որ քվեարկություն լինի: Սա նշանակում է՝ կուսակցություններն ավտորիտար կառույցներ են, որոնց վերնախավն ինքնուրույն որոշումներ է կայացնելու, և կուսակցականները չեն կարող ազդել այդ ցուցակների կազմման գործի վրա: Դա նշանակում է, որ այն ուժը, որը կվերահսկի այդ կուսակցությունների վերնախավը, ինքն էլ արդեն կորոշի խորհրդարանի կազմը, ու այդ պրակտիկան մենք ունենք, երբ տարբեր կուսակցություններ նախագահական նստավայր էին տանում ցուցակները՝ հաստատելու կամ քննարկման, ու դրանց մեջ նաև այն ուժերն են, որոնցից շատերին անգամ համարում են ընդդիմադիր քաղաքական ուժեր»,- նշեց քաղաքագետը:

Ս. Դանիելյանի խոսքով՝ ֆունդամենտալ հարց է, որ կուսակցությունների նախընտրական ցուցակները կազմվեն համագումարների ժամանակ՝ բոլոր մասնակիցների մասնակցությամբ:

Քաղաքագետը կարծում է՝ համապետական և տարածաշրջանային ցուցակների տրամաբանությունը հետևյալն է.

«Օրինակ, եթե ՀՀԿ-ից խոսենք, իրենց տարածքային ավտարիտետների, հայտնի դեմքերի ներուժն օգտագործվի, ու նրանք կարողանան իրենց հայտնի եղանակներով ձայներ բերել, սակայն մյուս կողմից՝ կա վտանգ, որ այդ մարդիկ կարող էին մտնել խորհրդարան ու դառնալ անվերահսկելի՝ նույն ՀՀԿ ղեկավարի կողմից: Նման խառը մեխանիզմ է ձևավորված, որի նպատակը, կրկնում եմ, այդ ընտրություն կեղծողների ներուժն օգագործելն ու նրանց շահագրգռելն է, մյուս կողմից՝ այնպես անել, որ նրանք լինեն վերահսկողության մեջ: Սա ամենաբացասական մոդելն էր, որը կարելի էր պատկերացնել»:

Ս. Դանիելյանի բնորոշմամբ՝ շատ խոշոր, մեծ հետընթաց կա ԸՕ-ում: Մեր այն հարցին, թե ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանությունները՝ նման ԸՕ առաջարկելով՝ քաղաքագետը պատասխանեց, որ ստվերային եղանակով իշխանությունը վերահսկելու մեխանիզմ է ձևավորվում.

«Որի մասին, եթե իրենց կհաջողվի, արդեն երկար տարիներ, կամ, ինչպես Շարմազանովն էր ասում, իշխանությունը Մելիք-Ադամյան փողոցով պահելու համար է: Այսինքն՝ պետության մեջ պետություն է ձևավորվում: Եթե մենք տեսնենք, թե ուժային կառույցներում ինչ փոփոխություններ են լինում, այդ թվում՝ նաև հարկային մարմիններում, այսինքն՝ շտապում են մինչև ընտրություններն այդ բոլոր նշանակումներն անել, որովհետև հետո արդեն ավելի բարդ մեխանիզմ է լինելու, որպեսզի կարողանան վերահսկել այն մոդելի վրա, որը ձևավորվելու է: Այսինքն՝ ուժային կառույցների միջոցով վերահսկվելու է ընտրական գործընթացը, դրա համար նման խառը մոդելներ են անում, որպեսզի մի կողմից՝ կարողանան մեծամասնություն կազմել, մյուս կողմից՝ այդ մեծամասնությունը վերահսկողությունից դուրս չգա»:

Մեր ճշտող հարցին՝ լինելու է ստվերային կառավարում Սերժ Սարգսյանի՞ կողմից, քաղաքագետն այսպես պատասխանեց.

«Բնականաբար, այսինքն՝ դա այն է, ինչը Թուրքիայում խորքային պետություն են անվանում»:

Հարցին էլ՝ ընդդիմությունը որքանո՞վ կկարողանա իր առաջարկներն անցկացնել՝ հաշվի առնելով, որ այս պահի դրությամբ իշխանությունը համագործակցում է արդեն ուժերից մեկի՝ ՀՅԴ-ի հետ, Ս. Դանիելյանն այսպես պատասխանեց. «Կարելի է միանշանակ ասել, որ ոչ ոքի չի հաջողվի, նման լծակներ գոյություն չունեն իրավիճակը փոխելու համար: Ոչ մի իրավական տարբերակ գոյություն չունի»:

Տեսանյութեր

Լրահոս