Բնակարանային ապահովման պետական ծրագրով կանխավճարի շեմը կնվազի, տարիքային շեմը՝ կբարձրանա
Բնակարանային ապահովման պետական ծրագիրը կարիք ունի բարեփոխումների: Այս մասին այսօր ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ Վանիկ Բաբաջանյանը: Ըստ նրա՝ այսօր գործող ծրագրով, կանխավճարի համար անհրաժեշտ է 1.6 մլն դրամ՝ մարզերում, և 4.8 մլն դրամ՝ Երևանում, ծրագրից օգտվելու իրավունք ունեն այն ամուսնական զույգերը, որոնք գտնվում են 30 տարեկանի միջակայքում, սակայն ամուսնական միջին տարիքն ավելի բարձր է և մինչև որոշում են լուծել բնակարանի խնդիրը, ընդհանրապես տարիքային շեմից անցնում են:
«Հնարավոր փոփոխությունն է՝ կանխավճարի շեմի նվազում և տարիքային շեմի բարձրացում»,- ասաց Վ.Բաբաջանյանը: Ըստ նրա՝ դա կապահովի ավելի շատ զույգերի մասնացկություն ծրագրին, նաև կխթանի անշարժ գույքի երկրորդային շուկան: Վ.Բաբաջանյանը նշեց, որ ծրագրի իրականացման համար կստեղծվի հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի ղեկավարությամբ, որը հաշվառման համար դիմած քաղաքացիների կարիքների գնահատում կիրականացնի: Նրա խոսքով՝ ծրագրի առաջին մասով ձեռք բերվելիք բնակարանի գինը առավելագույնը 10 մլն դրամ է, սակայն այս գնի սահմաններում Երևանում միայն Նուբարաշենում է հնարավոր բնակարան գնել, բայց կառավարության նպատակը Երևանից դուրս խնդիրները կարգավորելն է:
Մեկ այլ տարբերակով, ըստ Վ.Բաբաջանյանի, բնակարանի առավելագույն գին դիտարկվել է 15 մլն դրամը՝ նորակառույցների դեպքում, որի ժամանակ ամսական վճարումների չափը՝ տոկոսներով հանդերձ, կկազմի ամսական 73 հազար դրամ: Վ.Բաբաջանյանի խոսքով՝ մեկ այլ տարբերակով հիփոթեք է տրամադրվում առավելագույնը 12%-ով, որի դեպքում 2% սուբսիդավորվում է, կարող են օգտվել միջինում 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները, որոնց եկամտահարկը կուղղվի տոկոսադրույքների մարմանը, քաղաքացին ամսական կհոգա մոտ 70 հազար դրամի ծախս: «Պետությունը կկարողանա 1 մլրդ դրամով հոգալ 1900 ընտանիքների բնակարանի հոգսը»,- ասաց Վ.Բաբաջանյանը: