Ինչպե՞ս է ծախսվել կառավարության կողմից մարզին տրամադրված 240 միլիոն դրամը
asparez.am-ը գրում է. Նոյեմբերի 12-14-ը ուժեղ քամին մեծ վնաս էր հասցրել Լոռու մարզին, ինչից հետո քամուց տուժած համայքներում ստեղծվեցին հանձնաժողովներ, որոնք սկսեցին կատարել քամու վնասների չափի հաշվարկ:
Ուսումնասիրություններ կատարվեցին նաեւ քաղաքաշինության նախարարության կողմից: Նախնական հաշվարկներով, վնասի չափը կազմել էր 350 միլիոն, քաղաքաշինության տեսչությունը վնասի չափերը վերանայեց եւ, ընդհանուր առմամբ, կառավարությունը մարզին հատկացրեց 240 միլիոն դրամ: Նախատեսված էր վերականգնման աշխատանքներ իրականացնել մարզի դպրոցներում, մանկապարտեզներում, գյուղական համայնքներում՝ մասնավոր բնակարաններ, ինչպես նաեւ Վանաձորում՝ բազմաբնակարան շենքեր:
-Մենք համայնքներին հատկացվող գումարները անմիջապես փոխանցեցինք համայնքային բյուջե, որպեսզի համայնքում իրենք որոշեն, թե ինչպես պետք է քամու պատճառած վնասի չափը փոխհատուցեն: Համայնքի ղեկավարը ավագանու հետ միասին, արդեն ըստ իրենց ունեցած արձանագրության, սկսեցին այդ գումարները բաշխել, ինչ վերաբերում է Վանաձոր քաղաքին, ապա Վանաձորում նույնպես համատիրությունների հետ ավագանին եւ քաղաքապետը որոշում կայացրին բազմաբնակարան շենքերի մասով, իսկ ինչը վերաբերում էր համայնքային կենտրոններին, ՊՈԱԿ-ներին, դպրոցներին, շինարարական կազմակերպությունների հետ անմիջապես մարզպետարանը պայմանագիր կնքեց եւ քամու վնասները վերացվեցին,-գործընթացի մասին պարզաբանում է տալիս մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Թեեւ, Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանի խոսքով, տանիքների վերանորոգման աշխատանքները մեծ թափով են ընթանում, բայց քաղաքապետ Սամվել Դարբինյանի դիտարկմամբ, եթե իսկապես այդպես լիներ, ապա գործընթացը Վանաձորում վաղուց ավարտված կլիներ:
Ինչ վերաբերում է մարզի մնացած համայնքներին, ապա մարզպետի վստահեցմամբ, քամու պատճառած վնասներն ամբողջությամբ վերացված են՝ բացառությամբ Ձորագյուղ համայնքի, որտեղից երկու դժգոհություն է ստացվել մարզպետարանում: Դրանք ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Ա. Նալբանդյանը ներկայացված բողոքներն այսպես մեկնաբանեց.
-Այս պարագայում ավագանին եւ համայնքի ղեկավարը ճիշտ որոշում են կայացրել, որովհետեւ հիմնականում նրանք գումարները տվել են խիստ անապահով ընտանիքներին, ովքեր ի վիճակի չեն իրենց ուժերով բնական աղետի հետեւանքները վերացնել, ավագանին գյուղապետի հետ որոշում էր կայացրել, որ անպայման գումարները հատկացմեն փաստացի բնակվողներին եւ սոցիալապես անապահով խավին, սակայն մարդիկ կան, որ ընդամենը ամառվա ընթացքում գնում եւ իրենց ամառային ամիսները անց են կացնում գյուղում, ընդհանրապես գյուղի գրանցում չունեն, բայց ցանկանում էին ընդգրկվել ծրագրում, բնականաբար մերժվել են: