
«Ֆանտաստիկ գազաններ» գրքի հիման վրա երեք ֆիլմի կստեղծվի

Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակը, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը հայտարարել է, որ իր «Ֆանտաստիկ գազանները եւ դրանց բնակության վայրերը» վեպի էկրանավորումը բաղկացած կլինի երեք ֆիլմերից: Պատասխանելով ընթերցողուհուն, ով կարծել էր, թե «Հարի Փոթերը եւ անիծյալ զավակը» պիեսը, որը Ջեք Թոռնը գրել է Ռոուլինգի հետ համահեղինակությամբ, կէկրանավորվի, գրողը նշել է. «Վախենամ՝ դուք սխալվում եք: «Անիծյալ զավակը» ներկայացում է: Բայց դրա փոխարեն «Ֆանտաստիկ գազանների» հիման վրա կլինի երեք ֆիլմ»:
«Ֆանտաստկ գազանների» առաջին մասն էկրան կբարձրանա 2016 թվականի նոյեմբերին:
«Ֆանտաստիկ գազաններ» կինոժապավենը, որը նկարահանվում է ըստ Ջոան Ռոուլինգի համանուն վեպի, կպատմի այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Հարի Փոթերի մասին զրուցավեպի սկսվելուց 70 տարի առաջ: Եռերգության գլխավոր հերոսը՝ հրաշագործ կենդանաբան Նյուտ Սքամանդերն է (Ռեդմեյնը)՝ մոգական կենդանիների մասին գրքի հեղինակը: