Գարուն է բացվել
Գյուղատնտեսական ակտիվ տարին կարծես ժամկետից շուտ է սկսվում: Կարելի է պնդել, որ մեր գյուղատնտեսությունը պատրաստ է դրան: Շատ ավելի է պատրաստ, քան, ասենք, քաղաքային իշխանությունները՝ ձմռանը տեղացող ձյանը: Անցած տարի հենց գյուղոլորտը պարզ արեց տնտեսության ճակատը: Համաշխարհային ու տեղական տնտեսական, մեղմ ասած, անբարենպաստ պայմանների ֆոնին՝ գյուղատնտեսությունը հրաշալի բերք ու բարիք ապահովեց: Բնակչությունը մի կուշտ ծիրան ու միրգ կերավ: Նաև՝ բանջարեղեն: Գներն էլ հարմար էին:
Այսինքն՝ մատչելի: Տեղական արտադրության գյուղմթերքի հաշվին իշխանության բոլոր օղակները հաջողությունների շարան արձանագրեցին: Ազգային վիճակագրությունը կարողացավ տնտեսական աճ արձանագրել՝ հնարավոր ու անհնար բոլոր ոլորտներում: Արդյունաբերության աճն իրականում պայմանավորված էր գյուղմթերքի վերամշակող արդյունաբերության հաշվին: ԿԲ-ն կարողացավ գնաճը պահպանել հենց տեղական մթերքների ցածր գների հաշվին: 2015-ի բերքատվությունն իսկապես աննախադեպ էր: Ճիշտ է, գյուղացիներին հաջողվեց իրենց արտադրած բերք ու բարիքն իրացնել նույնքան աննախադեպ պայքարի հաշվին:
Նրանք մեկ տեղական նշանակության ճանապարհներ էին փակում, մեկ՝ հանրապետական: Խաղողի իրացման հերթերից մեկում մի երիտասարդ ֆերմեր մահացավ: Բայց իշխանությունները բերքահավաքի ավարտին բոլորիս ուրախացրեցին՝ վստահեցնելով, որ ամբողջ բերքը մթերվեց: Ճիշտ է, վերջում խաղողը մթերվում էր 1 կիլոգրամը՝ 50 դրամով, ու փողը կանխիկ չէր վճարվում, ու մինչև հիմա էլ պարտքերը չեն փակվել, բայց սկսվում է գյուղատնտեսական նոր տարին:
Սկսվում է՝ հիշեցնելով մեկ նախադասությունից բաղկացած հին ու ոչ բարի անեկդոտը խորհրդային գյուղատնտեսության մասին: Խորհրդային անեկդոտը պնդում էր, որ խորհրդային գյուղատնտեսությունը չորս հիմնական թշնամի ունի՝ գարունը, ամառը, աշունը և ձմեռը: Մեր գյուղատնտեսության համար ձմեռը թշնամի չէր՝ տեղումները կարծես բավարար էին, ցրտահարություններ չեղան: Բայց գարունը դավադրաբար շուտ է սկսվել: Ու կարծես սրվել են նախորդ մթերումներից մնացած հիշողությունները: Գյուղատնտեսությանն առնչվող լուրերը կրկին տագնապահարույց են:
Նախ, ըստ մամուլի, խաղողի մթերման ձեռնարկություններից մեկի հետ կապ ունեցող ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը հայտարարել է, որ մեր կոնյակն արտաքին շուկայում մրցունակ կլինի, եթե հայ գյուղացու արտադրած խաղողի գինը չգերազանցի 50 դրամը՝ մեկ կգ-ի դիմաց: «Հայաստանում ոչ ոք 50 դրամով խաղող չի աճեցնի»,- նրան հակադարձել է գյուղփոխնախարարներից մեկն ու հիշեցրել, որ երևանյան երկու խոշոր խաղող մթերող ձեռնարկություններն անցած տարի մեկ կգ-ի դիմաց 150 դրամ են վճարել: Այս հեռակա երկխոսությունն ակնհայտ աշնանային դեպքերի արձագանքն է, երբ մթերող շատ կազմակերպություններ իշխանությունների ճնշման տակ խաղող մթերեցին՝ հնարավորինս ցածր վճարելով գյուղացուն:
«Չեմ թաքցնում, որ մի շարք դեպքերում գնի իջեցումը նաև անհիմն էր»,- եզրափակել է փոխնախարարը: Սովորաբար գարնան սկզբում Գյուղնախարարությունը դեմքով դեպի գյուղացին է շրջվում: Այս օրերին այդ գերատեսչությունը կատարում է նաև խորհրդատուի իր դերը: Տաք եղանակի պատճառով նախարարությունը խորհուրդ է տալիս հնարավորինս արագ իրագործել կորիզավոր պտուղների ծառատեսակների էտը, երբ և ինչ ժամկետներում իրականացնել խաղողի էտ:
Ավելին, Գյուղնախարարությունը գյուղացիներին հորդորում է էտի ճյուղերը կուտակել այգիների եզրերին՝ հնարավոր ցրտահարության դեպքում դրանք օգտագործելու համար:
Ակնհայտ ինչ-որ բան փոխվել է այս ոլորտում: Չէի ցանկանա գռեհիկ եզրակացության հանգել, թե մեր Գյուղնախարարությունը ֆերմերների խորհրդատվության գրանտ է ստացել: Բայց չեմ հիշում, թե որևէ տարի մեր Գյուղնախարարությունն այսքան ակտիվ լիներ: Օրինակ, կարտոֆիլ աճեցնողներին խորհուրդ տար, որ ցանքը սկսեն ժամկետից շուտ, բայց հնարավոր ցրտահարությունից խուսափելու համար կարտոֆիլի տունկը սովորականից ավելի խորն անել: Բայց ոլորտին առնչվող մյուս տեղական ու ոչ տեղական լուրերը, մեղմ ասած, սպառնալի են: Նախ՝ նշվում է, որ Հայաստանում այս տարի աննախադեպ շատացել են խլուրդները, ինչը մեծ վտանգ է հնարավոր բերքի համար: Պատճառը հավանաբար այն է, որ պատկան կառույցներն ուշացրել են հող մշակողներին թունաքիմիկատներ տրամադրել:
Իսկ ոչ տեղական լուրերից ամենավտանգավորն այն է, որ դեպի Ռուսաստան թուրքական մթերքների առաքումը նվազել է 65 տոկոսից ավելի: Արդյունքում՝ Թուրքիայում աննախադեպ ընկել են գյուղմթերքների գները: Այս տարի մեր շուկայում նույնիսկ ներկված թուրքական նուռ հայտնվեց: Ճիշտ է, նռան գինն էապես չնվազեց, և մինչև այժմ հայտնի չէ Սննդի անվտանգության ծառայության սկսած հետազոտությունների արդյունքը: Բայց այն, որ Թուրքիայի ներքին շուկայում ձյուն-ձմեռնոցի օրերին պոմիդորի մթերման գներն ընկան մինչև 15 դրամ՝ մեկ կգ-ի դիմաց, լրջագույն սպառնալիք է տեղական արտադրողի համար:
Բոլոր դեպքերում, արձանագրենք, որ մեր գյուղատնտեսության համար նպաստավոր ձմռանից հետո առայժմ նույնքան նպաստավոր գարուն է: