«Առանց քաղաքական որոշման՝ ԼՂ-ում ՆԱՏՕ խաղաղապահ առաքելության մասին խոսք գնալ չի կարող». ՆԱՏՕ-ի պաշտոնյա

«Մենք աջակցում ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»,- այս մասին այսօր ասաց ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի բաժնի պատասխանատու Շտեֆեն Էլգերսման՝ խոսելով «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ. հեռանկարներն ու մարտահրավերները ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովին ընդառաջ» խորագրով խորհրդաժողովի ընթացքում:

Շտեֆեն Էլգերսման նշեց այն բոլոր ոլորտները և բաղադրիչները, որոնց շուրջ ծավալվում է ՆԱՏՕ-ՀՀ համագործակցությունը: Էլգերսմայի գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները շատ լավ վիճակում են, աստիճանաբար զարգանում են, ուստի առաջ պետք է նայել: «Մի քայլ ետ կատարենք ու հիշենք, երբ 2014թ. Անհատական գործընկերության ծրագիրն էինք քննարկում Հայաստանի հետ, աշխարհն այլ տեղում էր, այսօր անվտանգության միջավայրը կտրուկ փոխվել է, և սա պետք է լինի մեր գործընկերության կիզակետը Հարավային Կովկասում: Ես ենթադրում եմ, որ հուլիսին Վարշավայում կայանալիք գագաթաժողովի օրակարգն ուղղված է լինելու խնդիրներին ու մարտահրավերներին, առաջինը` Արևելքի, իսկ մյուսը` Հարավի»,- ասաց ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

Անդրադառնալով աշխարհում ՌԴ-ի դերին՝ նա ասաց, որ այն ապակայունացնող է, որը հենվում է հարևանների նկատմամբ հարգանքի բացակայության և սուվերենության նկատմամբ ոտնձգությունների վրա: «Հաճախ ՆԱՏՕ-ում կարծում ենք, որ սա կտանի սառը պատերազմի, հատկապես, եթե մի քանի բաղադրիչներ միացնենք` ՌԴ պաշտպանական բյուջեն մեծանում է, մեծ նշանակություն է սկսում տրվել ռազմական բաղադրիչին պետականորեն, մենք չգիտենք` ինչպե՞ս պատասխանել դրան, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ: Ամեն դեպքում՝ կողմնակից ենք կոլեկտիվ անվտանգության հայեցակարգին, ուզում ենք համագործակցել օդում, ծովում և ցամաքում: Դիտարկում ենք շարունակել հարգել մեր հիմնարար հարաբերությունները ՌԴ-ի հետ, մենք շարունակում ենք երկխոսությունը և պահում ենք այդ երկխոսությունը ՌԴ-ի համար բաց: Միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ սա ստեղծում է հարավկովկասյան երկրների համար բարդ վիճակ»,- ասաց Էլգերսման: Նրա խոսքով՝ ՀՀ-ի համար մեծ նշանակություն ունի Սփյուռքն ու սիրիական սփյուռքը, գիտեն նաև, թե ինչ է նշանակում Հայաստանի համար ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը: ՆԱՏՕ-ի պաշտոնյան տեղեկացրեց, որ սկսել են աշխատել «Անհատական գործընկերություն» ծրագրի վրա, գաղափարներ են հավաքում, բաց են նոր առաջարկությունների համար: Բայց, նրա համոզմամբ, երկու սկզբունք պետք է մնան ծրագրում` հարգանք և սուվերենություն:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք կա՞ անհրաժեշտություն ԼՂ-ում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության համար, Շտեֆան Էլգերսման պատասխանեց, որ նման առաջարկի մասին ՆԱՏՕ-ում չի լսել: Ըստ նրա՝ եթե քաղաքական որոշում չլինի, նման հարցի մասին խոսք անգամ չի կարող լինել: «Մեր նպատակն է՝ աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, բայց նման հարց մենք չենք քննարկել»,- ասաց Էլգերսման: Վերջինիս պարզաբանմամբ՝ նման գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի ղեկավարությունը դիմի ՆԱՏՕ-ին պաշտոնապես, և կայացվի որոշում, սակայն նման գործընթաց չկա:

Տեսանյութեր

Լրահոս