
«Ասեք, որ համաձայն չեք և հակադարձ կարծիքի եք, բայց ինչո՞ւ եք վիրավորում մարդուն». Մերուժան Տեր-Գուլանյան

«Հեգելն ասում է՝ օրենքը համընդհանուր կամքի վերացական արտահայտությունն է: Սա հետաքրքիր ձևակերպում է՝ համընդհանուր կամքի վերացական արտահայտությունը, և ոչ՝ կոնկրետ: Օրենքի և էթիկայի մեջ տարբերություն կա: Էթիկան համընդհանուր կամքի կոնկրետ արտահայտություն է»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Նա ասաց, որ չգիտի՝ ինչում են մեղադրում Շուշան Պետրոսյանին, երբ լրագրողները ներկայացրին, թե ինչ է եղել, ու նշեցին՝ «այ լակոտ», «աչքերդ կհանեմ», «երախդ փակիր» արտահայտությունները, նա ասաց, որ դրանք կոպիտ արտահայտություններ են՝ «անկախ նրանից, թե ով է դա հնչեցրել և ում հասցեին». «Ընդհանրապես չի կարելի մարդուն վիրավորել, մարդու անձը վիրավորել: Կարող եք դուք ինձ հետ համաձայն չլինել, իմ սկզբունքների հետ համաձայն չլինել, խնդրեմ, ասեք, որ համաձայն չեք և հակադարձ կարծիքի եք, բայց ինչո՞ւ եք վիրավորում մարդուն»:
Երբ լրագրողները նշեցին, որ ըստ Էթիկայի հանձնաժողովի՝ «դրանք սպառնալիքի տարրեր չեն պարունակում, և, որ դրանք բարոյական դաշտում վիրավորանքներ են, ու, եթե կան այդպիսիք, ապա պետք է դիմի դատարան», Մերուժան Տեր-Գուլանյանն այսպես արձագանքեց. «Այդ դեպքում ինչի՞ համար է Էթիկայի հանձնաժողովը: Եթե ոչ՝ բարոյական խնդիրներով, ապա ուրիշ ինչո՞վ պետք է զբաղվի ինքը: Այդ հանձնաժողովն ընդհանրապես պետք չէ»:
Վերջում ավելացրեց. «Նարեկացին մի հանճարեղ արտահայտություն ունի, ասում է՝ մի դատիր արդար, դատիր գթությամբ: Արդար դատելն այնքան հեշտ է, բայց գթությամբ դատելը շատ դժվար է: Այսինքն՝ արդարությունից այն կողմ մի մեծ բան կա՝ գթությունը, ինչը որ էթիկան է՝ իրար խնայելու արվեստը: Մենք պետք է կարողանանք խնայել իրար»: