Բաժիններ՝

«Լավ է, որ տոն է, բայց հարևան Վրաստանում, օրինակ, գրին ու գրքին հուշարձան չկա, որովհետև այնտեղ գիրն ու գիրքը չեն մահացել». Արմեն Մարտիրոսյան

Հայաստանի գրողների միության լուսահոգի նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից գրքասերների համար սկիզբ դրվեց մի գեղեցիկ ավանդույթի, որ այսօր արդեն վերածվել է իսկական տոնի՝ այսօր գիրք նվիրելու օրն է: Այս առիթով գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և հոգեբան Լիլիթ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին օրվա խորհրդից՝ որքանո՞վ ենք մենք՝ հայերս, ընթերցասեր, ո՞ր գրքերն են առավել պահանջված, ինչպե՞ս է ազդում գիրքը մարդու հոգեբանության վրա, և այլն:

«Գիրք նվիրելու օրը մեր երկրում վերածվել է տոնի, որովհետև դարձել է հասարակական հնչեղություն ունեցող երևույթ՝ բնականաբար, հայտնվելով լրագրողների ուշադրության կենտրոնում: Ես սա համարում եմ վերջին տարիների մեր հասարակության և պետության ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, որովհետև գիրքը նաև այս կերպ է աստիճանաբար դառնալու մեր հասարակության և կենցաղի բաղկացուցիչ կետերից մեկը: Գիրք նվիրելու նշանավորումը տոնի վերածելը նաև հրատարակիչների, գրողների, թարգմանիչների ջանքերի շնորհիվ է, որ կարողացան իսկապես ստեղծել բարձր պոլիգրաֆիական, թարգմանական, գրողական, դիզայներական որակներով, որոնք արժե նվիրել, նվեր ստանալ, կարդալ և ունենալ սեփական գրադարանում»,- լրագրողների հետ հանդիպումն այսպես մեկնարկեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կեսլուրջ-կեսկատակ նշեց, որ ինքը, այնուամենայնիվ, նույնքան հիացած չէ, որքան նախորդ բանախոսը, բայց և այնպես ուրախ է տոնի կայացման համար և շնորհավորում է բոլոր գրքասերներին մեր քաղաքում նման տոն ունենալու առիթով.

«Լավ է, որ տոն է, բայց հարևան Վրաստանում, օրինակ, գրին ու գրքին հուշարձան չկա, որովհետև այնտեղ գիրն ու գիրքը չեն մահացել: Հայաստանում դրանք կան, և մենք պետք է շատ զգույշ լինենք նման սիմվոլներից, նմանապես նաև՝ այն երևույթներից, որոնք վատաբանում են գրին, գրքին և գրողին և այդ ողջ համախումբն ուղարկում են գրողի ծոցը: Ես զգուշանում եմ, որովհետև 2015 թվականի տվյալներով՝ միջին անտարեսյան գիրքը վաճառվել է 40 հատիկ: Ունենք 700 անուն գիրք, բայց վաճառքի միջին տվյալները սրանք են: Խոսքը «Նարեկի» և «Փոքրիկ Իշխանի» մասին չէ, բայց մնացած գրքերն ունեն այդ ճակատագիրը: Էլեկտրոնային գրքի պարագայում շատ ավելի աղետալի իրավիճակ է: Առկա 250 տեսականիից վաճառվել է ընդամենը 14 էլեկտրոնային գիրք»:

Կարդացեք նաև

Բանախոս Արմեն Մարտիրոսյանը համաձայն չէ ընդունված այն կարծրատիպի հետ, թե ինտերնետի գոյությունը խանգարում է գրքասերներին: Իր խորին համոզմամբ՝ ընթերցանությանը խանգարում է վատ օրինակը, իսկ ինտերնետը նույնիսկ օգնում է, օգնում է նաև հեռուստատեսությունը՝ հայտնի գրքերի և գրողների մասին ճանաչողական ֆիլմեր նկարահանելով:

Հոգեբան Լիլիթ Խաչատրյանն այն կարծիքին է, որ մարդու հոգեբանության վրա զգալի ազդեցություն կարող է թողնել գրքի ընթերցանությունը.

«Ընթերցանությունն անձի ձևավորման, դաստիարակության և զարգացման գործում մի շարք կարևոր խնդիրներ է լուծում: Որպես այդպիսին՝ այն շատ կարևոր հնարավորություն է տալիս ընթերցողին՝ ապրումակցել և նույնացվել գրքի հերոսի հետ: Նույնացվելով՝ ընթերցողը կարողանում է նույնիսկ լուծել իր առջև ծառացած սեփական խնդիրները: Ընթերցանության ընթացքում ընթերցողը վարքային շատ դերեր և փորձարկումներ է յուրացնում՝ ձեռք բերելով փորձ, գիտելիքներ, ինչպես կողմնորոշվել կյանքում և, թե ինչպես լուծել շատ դժվարին իրավիճակներ ու խնդիրներ»:

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ ամեն տարի այս օրը սիրում է շրջել Երևանի գրախանութներով, որի արդյունքում հետևության է եկել.

«Ամեն տարի այս օրը գրախանութներում նույնքան ընթերցողների հերթեր կան, ինչպես, ասենք՝ մարտի 8-ին և ապրիլի 7-ին՝ ծաղկավաճառների մոտ: Պարզապես մեր քաղաքում ծաղկավաճառներն ավելի շատ են, քան գրախանութները: Այսօրվա համար ես ունեմ շատ կարևոր մաղթանք՝ գիրք նվիրելը և գիրք նվեր ստանալը մեր կենցաղավարության մեջ մտցնելուց զատ՝ տարեցտարի ավելի ու ավելի շատ սկսենք կարդալ այդ գրքերը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս