Բաժիններ՝

«Բավականին լուրջ աշխատանք է կատարվել». Վազգեն Սաֆարյանը՝ նոր հարկային օրենսգրքի մասին

Հարկային օրենսգրքի շուրջ ոլորտային քննարկումները դեռ շարունակվում են: Երեկ կառավարությունում խորհրդակցության ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն՝ ըստ հարկատեսակների առաջարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցության վերաբերյալ: Օրենսգրքի վերջնական տարբերակը պետք է ներկայացվի Ազգային ժողով: Նոր օրենսգրքի շուրջ 168.am-ը զրուցեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ:

– Պարոն Սաֆարյան, ի՞նչ դիտարկումներ ունեք՝ Հարկային օրենսգրքի հետ կապված:

– Բավականին լուրջ աշխատանք է կատարվել, և ավելին՝ հաշվի են առնված տեղական տնտեսվարողների ցանկությունները, առաջարկությունները: Կարծում եմ՝ պրոգրեսիվ պետք է լինի իր տեսակի մեջ և ավելի արդյունավետ կլինի: Եթե այս օրենսգրքում ներառվեն այն փոփոխությունները, որ առաջարկվել են հարկային խորհրդի մասնակիցների կողմից, դա կլինի լավ օրենսգիրք: Նախ՝ մենք հարկային օրենսգիրք չենք ունեցել, եղել են առանձին օրենքներ՝ տարբեր տնտեսական գործառույթների նկատմամբ՝ ԱԱՀ, շահութահարկ, եկամտահարկ, և այլն, բայց հիմա այդ օրենսգիրքը ներառում է բոլոր հարկատեսակները, և կարծում եմ, որ սա ավելի առաջադեմ հարկային քաղաքականություն պետք է ենթադրի:

– Կա՞ն կետեր, որոնց հետ համաձայն չեք, ի՞նչը կցանկանայիք փոխել:

Կարդացեք նաև

– Գիտեք, ընդհանուր հայեցակարգային մոտեցումներում մենք խնդիրը դիտարկել ենք, որ պետք է շեշտադրումները գնան այն ուղղվածությանը, որ անուղղակի հարկերը գնալով իրենց տեղը զիջեն ուղղակի հարկերին, այսինքն՝ հարկային մուտքերի մեջ գերակշիռ մասը պետք է աստիճանաբար անցնի ուղղակի հարկերին: Ներկայումս անուղղակի հարկերը՝ ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, որ ժամանակին եղել են 60%, հիմա կամաց-կամաց իջնում են, և ընդհանուր մուտքերի մոտավորապես 39-40% սահմաններում է, այսինքն՝ եկմատային հարկն ու շահութահարկն ավելանում է: Այդ հարկային ամբողջ քաղաքականությունը պետք  է ուղղված լինի այդ խնդրի վրա, որ մեղմացվի և հարկահավաքությունը լինի հիմնականում շահութահարկից, եկամտային հարկից և այնպիսի հարկերից, որոնք ուղղակիորեն առնչվում են արտադրությամբ և աշխատանքով ստեղծված արդյունքին, այլ ոչ թե՝ անուղղակի հարկերին:

Մի ուրիշ մոտեցում էլ կա, որ փոքր ու միջին բիզնեսին տրվող և նրանց գործունեությունը կարգավորող հարկային քաղաքականությունը նույնպես պետք է կանոնակարգվի, և աստիճանաբար նրանք հարկվեն շրջանառության հարկով, որպեսզի կարողանանք շրջանառության հարկով հարկվող 60-70 հազար ձեռնարկություններին պահել աշխատանքային վիճակում, և չփակվեն: Դրա համար պետք է ժամանակավոր հարկային դրսևորումներ ցուցաբերվեն, շրջանառության հարկը լինի ոչ թե՝ փաստաթղթերի առկայության դեպքում, որը ժամանակի հետ կկարգավորվի, այլ՝ իրենց ունեցած շրջանառությունից հարկվեն 1-2 %, և այլն: Եվ ավելի շատ հնարավորություն տրվի նրանց տնտեսական ազատությանը և հարկերի գանձման հարցում հաշվի առնվի նրանց ցանկությունը, տրվի նրանց երկընտրանք՝ հարկվել՝ փաստաթղթեր ներկայացնելո՞վ, թե՞ առանց փաստաթղթերի: Այս հարկային օրենսգիրքն ամրագրում է, որ ընտանեկան բիզնեսը պետք է ազատվի հարկերից, որը մեր նման երկրի համար շատ ճիշտ է, սահմանային շրջաններում, որոնք այսօր օգտվում են արտոնություններից՝ ազատված են ԱԱՀ-ից, շահութահարկից, նաև ջրի ու հողի հարկից են ազատված կամ մասամբ են մուծում, դրանք 34-35 համայնքներ են, դրանց նույնպես արտնություններ վերապահվի, որպեսզի տնտեսությունը կարողանա կայունանալ: Այ, երբ որ մենք կունենանք կայուն տնտեսություն, նոր կարելի է անցնել հարկային դասական մոտեցումներին, իսկ այս օրենսգրքում ճկունություն պետք է ցուցաբերվի, որ ելնելով ժամանակի պահանջներից և իրադրությունից, մարդկանց հնարավորություն տանք աշխատելու: Այս իմաստով, կարծում եմ՝ այս Հարկային օրենսգիրքն ավելի պրոգրեսիվ է և ավելի մոտ է տնտեսվարողին օգտակար լինելուն:

– Սերժ Սարգսյանն անցած շաբաթ իր ելույթում հայտարարեց, որ մեր տնտեսությունը կայուն է:

– Այն իմաստով է կայուն, որ այն կախված չէ նավթի գների բարձրացումից կամ իջեցումից, ինչպես Ռուսաստանում կամ Ադրբեջանում է նկատվում:

– Բայց տրանսֆերտներից մեծ կախվածություն ունի:

– Մեր տնտեսությունը կայուն է այնքանով, որ հենված է իր երկրում արտադրվող ապրանքային արտադրության և հանրային արդյունքի ստեղծման վրա: Ճիշտ է՝ փոքր է մեր տնտեսությունը, 1.2 տրլն դրամի հարկեր ենք հավաքում, բայց դա կայուն է և տարեկան որոշակի աճ է ապահովում՝ 3%, այս տարի՝ 3.1%: Իսկ այն, որ անհատական տրանսֆերտներն ունեն որոշակի դերակատարություն, խոսում է այն մասին, որ անցած տարի մենք ներմուծումը 1.2 մլրդ դոլարով պակաս ենք իրացրել, ինչը խոսում է այն մասին, որ բնակչության գնողունակությունը ցածր է եղել, և այդքան ապրանք քիչ է ներմուծվել, իսկ դա էլ սահմանին ԱԱՀ-ի, տարբեր մաքսատուրքերի կիրառում է բերում:

– Հարկային օրենսգրքում ի՞նչ դրույթներ կան տեղական արտադրողներին պաշտպանելու վերաբերյալ:

– Սկսնակ բիզնեսին հարկային արտոնություններ են նախատեսվում, և կարծում եմ՝ դա ավելի հստակ ու ավելի ամրագրված պետք է լինի մի քանի տարի, որ նրանք ազատվեն հարկերից, որպեսզի կարողանան կայանալ:

Ընդհանրապես՝ տեղական արտադրողին աջակցելու համար, պետք է բանկային տոկոսադրույքները ցածր լինեին, որ այսօր չկա, որպեսզի արդյունաբերության համար տրվող վարկերն էժան լինեն: Չնայած կառավարությունն առանձին որոշումներով որոշակի արտոնություններ սահմանում է արտահանման համար, մասնավորապես՝ ստեղծված է Հայաստանի զարգացման հիմնադրամ, որը 3%-ով սուբսիդավորված վարկեր է տրամադրում արդյունաբերությանը, հատկապես նրանց, ովքեր արտահանմամբ են զբաղվում: Սրանք հարկային ոլորտի խնդիրներ չեն, կառավարության որոշումներով պետք է լինի, որովհետև Հարկային օրենսգիրքը գործելու է երկար ժամանակի համար, իսկ կառավարության որոշումներով պետք է մոբիլիզացիոն քաղաքականություն վարել, զարգացնել տեղական արտադրության ներքին կոոոպերացիան, կապել արտադրական ձեռնարկությունները միմյանց հետ, որը, ցավոք սրտի, մեզանում բացակայում է: Կարծում եմ, որ կառավարությունը պետք է ստեղծի ինչ-որ մի մարմին, Էկոնոմիկայի նախարարությունը պետք է կարողանար նման մոբիլիզացիոն քաղաքականություն մշակել, ՀՀ զարգացման հեռանկարային ծրագրեր ներկայացնել, որտեղ ներառեին մեր ներքին պոտենցիալի ընդգրկումն ամբողջությամբ: Օրինակ՝ մենք Վանաձորում ունենք գործարան՝ Քիմպրոմ, որը կարող է ազոտական պարարտանյութ արտադրել, բայց մենք գնում ենք՝ 32 հազար տոննա ուրիշ երկրից ենք բերում, երբ կարող էինք ներդրումներ անել, տվյալ գործարանն արդիականացնել, և այն պարարտանյութը, որ ուրիշ տեղերից բերվում է ու գյուղացիներին սուբսիդավորված տրվում է, այդ միջոցները ներդնել տեղական արտադրության մեջ: Սրանք ներքին կոոպերացիայի խնդիրներ են, որ կառավարությունը դեռ չի իրականացնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս