«Անցել են այն ժամանակները, երբ մամուլի հաղորդագրությունները հանրության հետ շփվելու միջոց էին». Սամվել Մարտիրոսյան
«Ինչ սոցցանցերը դարձան ակտիվ օգտագործման գործիք, և մարդիկ դարձան քաղաքացիական լրագրող, առաջացավ խնդիր, մի կողմից` այդ աղբյուրները պետք է օգտագործել, քանի որ քաղաքացիական լրագրողները համարվում են ամենաօպերատիվ աղբյուրը, որովհետև ոչ մի լրատվամիջոց չի կարող ամենուր ունենալ գործող լրագրող, մյուս կողմից` հարց առաջացավ այդ աղբյուրները ստուգելու, որովհետև, վերջիվերջո, մարդ կարող է սխալվել կամ միտումնավոր ապատեղեկատվություն տարածել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով՝ այդ ամենը բերեց նրան, որ աշխարհում սոցցանցերի հետ աշխատող խմբագիրների ճյուղը զարգացավ, որոնք աշխատում են տեղեկատվություն գտնելու ու ստուգելու վրա:
Փորձագետը նշում է, որ մեզ մոտ այդ ամենը յուրահատուկ ձևով զարգացավ, և դա, ըստ նրա՝ կապ ունի ինչպես՝ մամուլի մոտեցման, այնպես էլ՝ սոցցանցերի զարգացման հետ. «Որպես միակ տեղեկատվության աղբյուր՝ մեզ մոտ հանդիսանում է Ֆեյսբուքը, ինչն իր հետ բերում է յուրահատուկ որակներ, որովհետև այն նոր է սկսել ստուգել պրոֆիլները, որը շատ ավելի վաղ սկսվել էր ուրիշ սոցցանցերում, իսկ Հայաստանին իրենք առանձնապես լուրջ չեն մոտենում՝ որպես փոքր երկիր, դրա համար այստեղ քիչ են ստուգված էջերը։ Երկրորդ խնդիրն այն է, որ Ֆեյսբուքը թույլ չի տալիս անմիջական մոնիտորինգ անել, այսինքն՝ հենց սոցցանցն արգելափակում է մշտադիտարկումը: Մոդայիկ դարձան ագրեգատոր կայքերը, որոնք գրառումները վերցնում ու տեղադրում են իրենց մոտ։ Որպես հետևանք՝ մենք ունենք իրավիճակ, երբ սոցցանցերը շատ ակտիվ օգտագործվում են՝ որպես տեղեկատվության աղբյուր, բայց բավականին թույլ է աղբյուրների հավաստիության ստուգումը։ Հիմնական խնդիրն է՝ գտնել հետաքրքիր նյութեր ու ապահովել լրահոս, ինչը լավագույն պրակտիկան չէ, որովհետև տեղեկատվությունը պետք է առնվազն լրագրողի կողմից մշակվի: Շատ հաճախ տեսնում ենք՝ ստատուսն արտատպված կայքում, տակը հղումը դրված, բայց դա չի փրկում լրատվամիջոցին, քանի որ դեպքեր եմ հիշում, երբ կեղծ պրոֆիլներ են ստեղծում, տեղեկատվությունը տարածում են, հենց մամուլը տարածում էր՝ այդ պրոֆիլներն ապաակտիվացվում էին, և փաստացի՝ լրատվամիջոցը հայտնվում էր մի վիճակում, երբ պարզապես չունի հղման աղբյուր»:
Նրա խոսքով՝ կեղծ տեղեկատվություն տարածելը կիրառվում է ինչպես՝ Հայաստանի ներքին դաշտում՝ քաղաքական պայքարում, այնպես էլ՝ բիզնեսի ոլորտում՝ կոնկուրենտների դեմ սուտ տեղեկատվություն տարածելը, ու, ըստ փորձագետի՝ ադրբեջանցիները փորձում են այդ թուլությունն օգտագործել:
Մեդիափորձագետի կարծիքով՝ սոցցանցերը նաև շատ լավ միջոց են պետական կառույցների կողմից տեղեկատվություն տարածելու համար: «Այսօր բավականին շատ պետական կառույցներ, պաշտոնյաներ հասանելի են Ֆեյսբուքում, ու ինչ-որ տեղեկատվություն կարելի է ստանալ: Խնդիրն այն է, որ դա աշխատում է հայաստանյան դաշտում, իսկ մենք ունենք կառույցներ, որոնք պետք է նաև դրսի վրա աշխատեն՝ հաշվի առնելով մեր կոնֆլիկտային վիճակը, հաճախ ունենում ենք խնդիր մեր ներքին տեղեկատվությունը դուրս տարածելու գործում»,- նշեց նա՝ հավելելով, որ կոնֆլիկտային իրավիճակներում տարբեր երկրներում տեղեկատվություն տարածելու համար օգտագործում են թվիթերը, քանի որ, ըստ նրա՝ դա սոցցանց է, որտեղ պետական այրերն ու կառույցները ներկայացված են, կարելի է գտնել ականատեսների, ու այնտեղ գործում է բաց փնտրողական համակարգ. «Հիմնականում լրագրողներն օգտագործում են դա՝ որպես գործիք։ Իսկ մեզ մոտ այդ հարթակի հնարավորությունները քիչ ենք օգտագործում»։
Ս. Մարտիրոսյանը նշեց՝ կան կառույցներ, որոնց գործունեությունը սոցցանցերում պետք է ավելի ակտիվ լինի. «Մենք ունենք տուրիզմ զարգացնելու, սփյուռքի հետ աշխատելու խնդիրներ։ Առողջապահության ոլորտում ևս պետք է այս գործիքները կիրառել։ Անցել են այն ժամանակները, երբ մամուլի հաղորդագրությունները հանրության հետ շփվելու միջոց էին։ Մամուլի հաղորդագրությունները շատ հաճախ մարդկանց գիտակցության կողքով են անցնում»։
Փորձագետն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում լրատվամիջոցները ստեղծում են լրագրողների համար սոցցանցերի կիրառման կանոններ, թե լրագրողն ինչպես պետք է իրեն պահի սոցցանցերում. «Օրինակ, եթե BBC-ի լրագրողը նախարարի հետ ընկերանա, կարող են գործից ազատել։ Նաև խնդիր կա՝ էքսկլյուզիվ տեղեկատվությունը սոցցանցում գրելուց առաջ լրատվամիջոցի հետ խորհրդակցել: Օրինակ՝ BBC-ն ունի կանոն` էքսկլյուզիվ գրառումը պետք է խմբագրության հետ համաձայնեցնեն, նոր տեղադրեն սոցցանցում։ Կան խմբագիրներ, ովքեր գտնում ու ստուգում են տեղեկատվությունը: Իսկ մեզ մոտ պահանջ չկա ստուգելու: Լրագրողներին պետք է կրթել այդ ուղղությամբ։ Նախ՝ խմբագիրը պետք է այդ գործիքներից օգտվել իմանա, հետևի թարմացումներին։ Բուհերն այս առումով լուրջ խնդիր ունեն, քանի որ սովորեցնում են 20-րդ դարի կամ 19-րդ դարի լրագրություն, բայց արդեն պետք է սովորեն 21-րդ դարի երկրորդ տասնամյակի լրագրություն»: