Սերժ Սարգսյանը բացահայտեց Գագիկ Ծառուկյանին

Երեք օր է՝ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը դարձել է բոլորի քննարկման առարկան. քաղաքական գործիչները, մամուլը, փորձագետներն ու մյուսները խոսում են այդ մասին, գնահատում են առանձին հատվածներ, վերլուծություններ ու կանխատեսումներ են անում դրա հիման վրա: Դա, թերևս, նորմալ է այն առումով, որ Սերժ Սարգսյանն այնքան հազվադեպ է հրապարակային ելույթներ ունենում, որ նրա ելույթները գոնե առժամանակ որոշակի աշխուժություն են մտցնում քաղաքական կյանքում (ի դեպ, ի տարբերություն գոնե մի քանի ամիսը մեկ ելույթ ունենալու պրակտիկայի, գործնականում մամուլի ասուլիսներ չի կազմակերպում, այնպես, որ լրագրողները հնարավորություն ունենան անձամբ իրենից պարզել իր ելույթների արդյունքում առաջացած հարցերը):

Բայց Սերժ Սարգսյանի ելույթների շուրջ առաջացող հետաքրքրությունն ունի մեկ, ավելի խորքային պատճառ, որը վկայում է Հայաստանի քաղաքական դաշտի փաստացի ամայացման մասին: Պատկերն այդպիսին է առնվազն համեմատության մեջ: Սերժ Սարգսյանի նախագահության առնվազն առաջին ժամկետի ողջ ընթացքում Հայաստանում կար կուռ ընդդիմություն, որը, թեև որոշակի փուլերում ավելի պակաս ակտիվություն էր ցուցաբերում, այդուհանդերձ հանդիսանում էր երկրում քաղաքական օրակարգ թելադրող հիմնական միավորը:

Այդ տարիներին քաղաքական դաշտն ամեն անգամ ակտիվանում էր ոչ թե՝ Սերժ Սարգսյանի, այլ՝ այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից, և իշխանությունը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, իրականում հանդես էին գալիս այդ ելույթներին նաև պատասխանողի, արձագանքողի դիրքերից:  Թե երբ ընդդիմությունը կորցրեց քաղաքական օրակարգ ձևավորողի, թելադրողի իր կարգավիճակը, հստակ դժվար է ասել: Կարելի է միայն արձանագրել, որ ուժերի այդ դասավորության առաջին ամենալուրջ փոփոխությունն արձանագրվեց 2013 թվականի նախագահական ընտրություններում, երբ նախ՝ իր թեկնածությունը չառաջադրեց ԲՀԿ այն ժամանակվա նախագահ Գագիկ Ծառուկյանը, ապա նրան հետևեցին նաև ընդդիմադիր ուժերը՝ Սերժ Սարգսյանին միայնակ թողնելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ պայքարում:

Եվ 2013 թվականին Սերժ Սարգսյանը ոչ միայն հաղթեց նախագահական ընտրություններում, այլև ընդդիմությունից վերցրեց քաղաքական օրակարգ թելադրողի կարգավիճակը: Կարելի է, իհարկե, հակադրվել, և որպես հակափաստարկ՝ հիշեցնել մինչև անցած տարվա փետրվարը «հուժկու ոչ իշխանություն» դարձած եռյակի գործունեությունը, որն այն ժամանակ առերևույթ քաղաքական օրակարգ էր թելադրում: Բայց հենց 2016 թվականի փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ իրականում ինքն էր թելադրում եռյակում «եղանակ թելադրող» Գագիկ Ծառուկյանին:

Սերժ Սարգսյանի վերջին ելույթը գուցե դեռ երկար կքննարկվի, որովհետև Հայաստանի քաղաքական կյանքում այլ քննարկելու բան, մեծ հաշվով, չի մնացել: Դրա համար էլ Սերժ Սարգսյանն արդեն իր ելույթներում ավելի շատ խոսում է ոչ թե՝ ընդդիմադիրների, այլ՝ սեփական թիմակիցների դեմ: Առանց անուններ տալու, իհարկե: Երբ Հայաստանում ընդդիմությունն ուժեղ էր, իշխանությունը չէր կարող իրեն նման ճոխություն թույլ տալ:

Բայց դա հնարավոր դարձավ, քանի որ Հայաստանի ընդդիմությունն իրեն ճոխություն թույլ տվեց իշխանափոխությունը նույնացնել Գագիկ Ծառուկյանի հետ, ով իշխանությանը հեռացնելու փոխարեն՝ ինքը հեռացվեց իշխանությունից՝ իր հետ քաղաքական դաշտից փաստացի հեռացնելով ընդդիմադիր գործունեությունն ընդհանրապես: Փետրվարի 12-ի ելույթում Սերժ Սարգսյանը վերջնականապես բացահայտեց՝ ինչու էր Գագիկ Ծառուկյանը հայտնվել ոչ իշխանական ուժերի եռյակում: Ի դեպ, թերևս հենց դրա համար էլ որոշ ժամանակ անց Ծառուկյանը պարգևատրվեց մեդալով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»:

Տեսանյութեր

Լրահոս