Բաժիններ՝

 Ի՞նչ է անհրաժեշտ ՓՄՁ-ների աճի արագ խթանման համար՝ ըստ Հակոբ Ավագյանի

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագրում, որ այսօր հավանության է արժանացել կառավարության կողմից, մի ուշագրավ տող կա. «Սույն նախագծի նպատակն է մի շարք միջոցառումների հաստատումը, որոնք կնպաստեն փոքր և միջին ձեռնարկությունների արագորեն»:

Ծրագրով ընդգծվում է գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը, որի համար, ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, պետք է իրականացնել «արագ» բարեփոխումներ:

Ակնհայտ է, որ կառավարությունը շատ էլ լավ գիտակցում է իրերի իրական վիճակը, որ տնտեսությունը բոլորովին չի աճում, այլ հետզհետե ավելի վատթար վիճակում է հայտնվում, և շտապում է տնտեսական իրականության փոփոխությունների հասնել ու աճ ապահովել ոչ միայն վիճակագրական ցուցանիշներով: Իսկ հնարավո՞ր է արդյոք «արագ» արդյունքներ գրանցել և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: 168.am-ի հետ զրույցում ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն առաջնահերթ կարևորեց վստահության խնդիրը:

«Արագ աճի խթանման համար հարկավոր է, որ ՓՄՁ-ն հենց վաղը զգա, որ այսուհետ իր շահերը պաշտպանված են անկախ կառույցի մակարդակով: Պետք է վստահության բարձրացում լինի, իսկ դրա համար հարկավոր են մեխանիզմներ և կառույցներ: Հիմա հակառակ միտումը կա՝ գաղջ մթնոլորտն է շատանում, այսինքն՝ գործարարները կորցնում են իրենց վստահությունը, մարդիկ ասում են՝ միևնույն է՝ կոռուպցիա կա, և բիզնես չենք կարողանում իրականացնել: Ընդ որում՝ բողոքների հանդիպում ենք նաև ոչ միայն ՓՄՁ-ների, այլ նաև միջինից խոշոր ձեռնարկատիրության շրջանում, որը զարմանալի է: Խոշորները, նույնիսկ իշխանությունների հետ կապեր ունեցողներն էլ են այսօր արդեն խնդիրներ ունենում և ջղաձգվում: Դա նշանակում է, որ մի շատ կարևոր խնդիր ունենք՝ վստահության բարձրացում կառավարության հանդեպ և օրենքների կիրարկում, որը պահանջում է հստակ մեխանիզմ, պետք չէ ծրագրերով հաստատել, կամ ծրագրերի մեջ ինչ-որ բառեր գրել»,- ասաց Հ. Ավագյանը:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ բազմաթիվ բարեփոխումներ են արվում՝ տեսչական ստուգումների, մեկ պատուհանի և այլն, բայց վստահության բարձրացման համար մի կարևոր գործոն կա, որը չի փոխվում: Դա, նշեց Հ. Ավագյանը, անձնակազմի փոփոխությունն է. «Այդ անձնակազմը սովորել է այլ եղանակներով աշխատելու և կոռուպցիոն լուծումներով մեխանիզմներ գծած տարիներով աշխատում են, և հանկարծ նրանց ասում են՝ վերջ մեխանիզմը փոխվեց, այսուհետ այս ձևով պետք է գնալ ստուգման, հատուկ համազգեստ են հագցնում և այլն, բայց միջուկը մնում է նույն մարդը, որ սովորել է հին մեթոդներով աշխատելուն: Մենք պետք է անձնակազմի փոփոխություն անենք հենց վաղվանից, բերեն երիտասարդ կադրեր և բարձրացնեն աշխատավարձը, որ հաջորդ օրը բիզնեսը մտնի այդ նույն տեսչություն կամ պետական մարմին, այլևս չտեսնի այն մարդուն, ում հետ նվազագույնը կոնֆետի տուփ տալով գործարք էր իրականացրել, այլ տեսնի նոր արտահագուստով, պայծառ դեմքով երիտասարդ, որ խոսում է բացառապես մաքուր հայերենով և բացառապես օրենքի շրջանակներում: Այ դա կլինի արագ և դա կլինի մեր վաղը»:

Նրա խոսքով՝ երկրորդ քայլը ՓՄՁ-ների դեպքում պետք է խնդիրների առանձնացնելը լինի ըստ ոլորտների և տեղային հատ առ հատ լուծումներ են պետք: Օրինակ, նշեց նա, եթե այսօր գլուխ ենք գովում և ուրախանում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացով, բայց ՏՏ-ում գործում է ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, որտեղ մարդը գնում է իր մտահղացմամբ, իսկ այդ կառույցը բռնում է նրա ձեռքը և քայլում է առաջ:

Հ. Ավագյանի խոսքով՝ բազմիցս ասվել է, որ այլ ոլորտների ինկուբացիոն մեխանիզմներ նույնպես հարկավոր են՝ թեթև արդյունաբերության և այլ. «Տնտեսության կաղացող ճյուղերը, օրինակ՝ տեքստիլը, մինչև հիմա ներկրվում է Թուրքիայից, նշանակում է այդտեղ պետք է գործուն աջակցություն, որ բիզնես գաղափար ունեցողի ձեռքը կառավարությունը բռնի և առկա խնդիրները՝ մաքսային, հումքի ներկրումների հետ կապված, հեշտությամբ լուծվեն: Ցավոք, այսօր չենք կարողանում առանձնացնել պետական կառավարչական հիմնարկների 1-2 ոլորտ, որտեղ գործարարի խնդիրները հալած յուղի պես լուծվում են՝ թույլտվությունների տրամադրում, հաշվետվություններ և այլն: Այսինքն՝ պետք է բիզնեսն ինկուբացիա անել և դրա կողքին պետք է կանգնած լինի պետությունը, որպեսզի տնտեսության տվյալ ճյուղն արագ աճի: Այլապես ժամկետներ սահմանելու դեպքում ես պատկերացնում եմ՝ տվյալ գերատեսչությունը կասի այս մի միջոցառումն արեցի, կամ գրելու են՝ ԱԱՀ փոփոխության նախագծի պատրաստում, քննարկելու են բիզնես միջավայրի հետ և մի 6 ամիս ասելու են քննարկեցինք այս կամ այն խմբի հետ, առաջարկվեց սա, փոփոխվեց սա և այլն: Այդպես հաջողության չենք հասնի: Կոպիտ ասած՝ մենք արդեն մի 2 տարի մնացել ենք նույն դասարանում: Այսինքն՝ եթե համեմատենք տնտեսության զարգացումն ու մեր այսօրվա մարտահրավերները և բաց թողնված հնարավորությունները, օրինակ էմբարգոներ է լինում տարբեր երկրների մեջ և մենք այդ պահին պատարստ չենք, դա նշանակում է, որ մենք այդ ժամանակը բաց թողեցինք»:

Երրորդ խնդիրը, ըստ ասոցիացիայի նախագահի, շուկաներն են: Հ. Ավագյանը նշեց, որ անընդհատ խոսվում է արտահանման հնարավորությունների մասին, օրինակ՝ գյուղմթերքի դեպքում ոմանք փորձում են բանակցել եվրոպական շուկա արտահանելու համար, օրինակ՝ չիրը պետք է հավաքագրել, տեսակավորել, որ միևնույն ապրանքը միևնույն որակավորմամբ ու միևնույն սերտիֆիկատով գնա:

Բնականաբար, նրա խոսքով, 5-10 հազար չիր արտադրող ձեռնարկատերեր չեն կարող դա անել, պետք է լինի արտահանման հստակ մեխանզիմ. «Խոսում էին գյուղատնտեսական հայեցակարգի մասին, որ մթերքի հավաքագրման մարզային կայաններ լինեն, որոնք մթերեն, փաթեթավորեն, տեսակավորեն, իսկ մի կազմակերպություն զբաղվի արտահանման խնդիրներով: Նմանատիպ մեխանիզմներ և կառույցներ պետք է լինեն, որ վաղվանից սկսեն զբաղվել խնդիրների լուծմամբ: Ծրագրային ձևակերպումները, «Duing business»-ում դիրքի բարձրացումը և այլն, էական ազդեցություն չեն կարող ունենալ, բիզնեսն իր կյանքում պետք է փոփոխություն զգա: Թվում է, թե երազի մասին ենք խոսում, որ լինի մի կառույց, որին կդիմի գործարարն ու իր հետ չեն թարսվի: Այ դա կլինի արագ փոփոխություն»:

Հ. Ավագյանը նշեց, որ մոտ 90 սիրիահայեր, որոնք երեկ կառավարության աջակցությամբ ստացել են նպաստավոր պայմաններով վարկեր, այսօր նրանց կեսից ավելին փակել է բիզնեսն ու մի մասն արտագաղթել է. «Սա խոսում է այն մասին, որ առկա մեխանիզմները հնացած են, միայն 5 մլն վարկ տալով խնդիրները չեն լուծվում: Պետք է մարդկանց ձեռքը բռնել և պետական մարմինների հետ կոնկրետ լուծել խնդիրները՝ տուրքերի, թույլտվությունների և այլն: Դա մի մարմնի հետ չի կապված, որ փոխվի և հարցերը լուծվեն: Գուցե ծրագրային քայլերով կարողանանք դասակարգումների մեջ մի քանի սանդղակ բարձրանալ ու դիրք բարելավել, բայց գործնականում առարկայական, որ բիզնեսը վաղվանից, մի շաբաթից, մի ամսից զգա դրական փոփոխությունը, հստակ կառույցներ և մեխանիզմներ են պետք»:

«Ամեն օր բացվում են հնարավորություններ, սակայն մենք անընդհատ պատրաստ չենք»,- հավելեց ասոցիացիայի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս