
«Գազպրոմի» թեման սպառել է իրեն. Վրաստանի վարչապետ

Վրաստանում պետք է դադարեն ռուսական «Գազպրոմ» ընկերության շուրջ քաղաքական սպեկուլյացիաները, հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Կվիրիկաշվիլին, հայտնում է Sputnik-ը:
«Այդ հարցը սպառված է, քանի որ խոսքը չի վերաբերում ինչ-որ ռազմավարական բանակցությունների: Խոսակցությունը եղել է զուտ տեխնիկական բնույթի խնդիրների մասին, ու կարծում եմ, որ բացարձակ անհիմն է շարունակել քաղաքական սպեկուլյացիաները՝ կապված դրա հետ»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Կալաձեի ու «Գազպրոմի» ներկայացուցիչների շուրջ բանակցությունները մեծ աժիոտաժ են առաջացրել Վրաստանում: Մասնավորապես, խիստ քննադատությամբ է հանդես եկել Վրաստանի ընդդիմությունը՝ պնդելով, որ «Գազպրոմի» հետ բանակցությունները երկիրը կզրկեն էներգետիկ անկախությունից:
Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ շինծու այն աղմուկը, որն առաջացել է «Գազպրոմի» հետ բանակցությունների շուրջ:
«Այն ծավալներում, որոնց շուրջ մենք բանակցություններ ենք վարում «Գազպրոմի» հետ, քաղաքական ենթատեքստ չկա: Մենք ամեն տարի որոշակի հարաբերություններ ունենք ինչպես «Գազպրոմի», այնպես էլ էլեկտրաէներգիայի գնման հարցի շուրջ: Մենք բավականին լավ, բարեկամական հարաբերություններ ունենք այդ ուղղությամբ: Դրանք այն հարաբերությունները չեն, որոնք ինձ նախորդած նախարարները կառուցել են՝ չնայած որոշակի դժվարություններին»,- հայտարարել է Կալաձեն լրագրողներին: