Որոնման ցանկալի արդյունք՝ հարկային արտոնության դիմա՞ց. Google-ը հերքում է մեղադրանքները
Որոնումների «հսկան» մեղադրվում է Տորիի (Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն) նպաստավոր հարկային գործարքի դիմաց որոնումների բացասական արդյունքները վերացնելու մեջ: Այս մասին հայտնում է Independent-ը:
Google-ը հերքում է որոնումների արդյունքների նենգափոխման վարկածը և, ի ուրախություն պահպանողականների, հայտարարում, որ հավատարիմ է մնալու 130 մլն ֆունտ արժողությամբ հարկային համաձայնագրին:
Խնդիրը կապված է Google-ի՝ փնտրման պատուհանում արտահայտությունն ավտոմատ լրացնելու, շարունակություն առաջարկելու ֆունկցիայի հետ:
Այսպես, որոնման համակարգում «Labour are…» (Աշխատավորական կուսակցությունը… է) գրելու դեպքում՝ Google-ն առաջարկում է այսպիսի շարունակություն՝ «finished» (վերջացած է) կամ «joke» (կատակ)։ «Լիբերալ Դեմոկրատները»-ի դեպքում՝ Google-ի առաջարկներն ավելի դաժան են՝ «traitors» (դավաճաններ) և «pointless» (աննպատակ):
Սակայն Պահպանողական կուսակցության դեպքում Google-ի ավտոլրացման ֆունկցիան անջատված կլինի՝ այն տարբերակներ չի առաջարկում։
Սա անուղղակիորեն հաստատում է այն մեղադրանքները, որ տարբերակների բացակայությունը ՄԹ կառավարության կողմից Google-ին առաջարկված նպաստավոր հարկային գործարքի արդյունքն է։
Ինչպես բազմիցս հայտարարվել է, Google-ը վերջերս ստացել է 130 մլն ֆունտի հարկային հաշիվ, չնայած վերջին տասնամյակում այս ընկերությունը 7,2 մլրդ ֆունտ շահույթ է ունեցել Մեծ Բրիտանիայում:
Ըստ Guardian-ի՝ Google-ը պատասխանել է մեղադրանքներին` ասելով, որ ընկերությունը «կարող է միանշանակ հաստատել, որ հարկային գործարքը կապ չունի որոնման համակարգի հետ, իսկ «դավադրությունների տեսությունները» ոչ մի կերպ հիմնավորված չեն»:
«Ինքնալրացման առաջարկներն արվում են մի շարք գործոնների ազդեցությամբ, ինչպես, օրինակ, որոնվող տերմինների հանրաճանաչությունը»,- հայտնում է ընկերությունը:
Նշենք, որ Google-ի սեփականատեր ընկերությունը` Alphabet-ը,վերջերս գերազանցել է Apple-ին՝ որպես աշխարհի ամենաթանկ ընկերություն:
Ըստ Independent-ի՝
նյութը հրապարակման պատրաստեց Կարինե Սիմոնյանը